Ե՞րբ է գործարկվելու Կապանի օդանավակայանը

Ե՞րբ է գործարկվելու Կապանի օդանավակայանը
Անցյալ տարի Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ մոտ ապագայում գործարկվի Կապանի օդանավակայանը, ինքն էլ ինքնաթիռով գնա աշխատանքի։ Մենք գրել էինք, որ մարզպետը հաճախ է Սյունիքի մարզում տեղաշարժվում ուղղաթիռով, որը Քաջարանի պղնձամոլիբդենային գորածարանին է պատկանում։









Քաղավիցացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից **Hraparak.am**-ը հետաքրքրվեց, թե Կապանի օդանավակայանի հավանական գործարկումից ի՞նչ նորություն կա, ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը։









«Ես կարծում եմ, որ Դուք էդ հարցով առավել մանրամասներ իմանալու համար պետք է դիմեք կոնկրետ ներդրողին, որպեսզի ինքը Ձեզ ասի, թե որ փուլում է գտնվում։ Ինձ մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա առաջին կեսի ավարտին, կարծում եմ, ինչ-որ զարգացումներ պետք է արդեն լինեն»,-ասաց պարոն Ավետիսյանը։









Նա նշեց, որ իր տեղեկությամբ՝ այս պահին այնտեղ տեղի է ունենում օդանավակայանային հանգույցի և վազքուղու շինարարություն և վերանորոգում, ինչպես նաև կնքվել է օդանավեր ձեռք բերելու պայմանագիր։









Անդրադառնալով Երևան-Ստեփանակերտ թռիչքների իրականացման հավանականությանը՝ Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ դեռ որևէ տնտեսվարողից որևէ հայտ չեն ստացել դեպի Ստեփանակերտ թռիչքներ իրականացնելու մասով։









Ավետիսյանը դժվարացավ կարծիք հայտնել, թե խնդիրը ավելի շատ քաղաքակա՞ն է, թե՞ տնտեսական, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է, բայց մինչ օրս թռիչքներ չի իրականացնում։









«Ես գիտեմ, որ Ստեփանակերտի օդանավակայանն իր ամբողջ ենթակառուցվածքային համալիրով տեխնիկապես պատրաստ է՝ ընդունելու չվերթներ։ Հայտեր չունենք, ավել ինֆորմացիա չունեմ»-ասաց Քաղավիացիայի վարչության պետը։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**