Սերժ Սարգսյանը հույս ունի մեղմել բողոքական զանգվածի տրամադրությունները․ քաղաքագետ

Սերժ Սարգսյանը հույս ունի մեղմել բողոքական զանգվածի տրամադրությունները․ քաղաքագետ
ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի թեկնածուի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի առաջարկի մասին մասնավորապես սոցիալական ցանցերում հնչում են կարծիքներ, թե ինչու է նա դրսից հրավիրում մարդու, արդյոք Հայաստանում չկա՞ այդ պաշտոնին համապատասխանող այլ թեկնածու։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանի միջոցով։ Քաղաքագետ, վերլուծաբան Էդգար Վարդանյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի նպատակը իշխանության պահպանումն է։



«Բնականաբար, նա Արմեն Սարգսյանի միջոցով փորձում է արեւմուտքին ցույց տալ, որ նախագահ է նշանակում մի մարդու, որը արեւմուտքի համար ընդունելի թեկնածու է, լայն կապեր ունի այնտեղ։ Իսկ դրանով նա ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները գնում են Եվրոպայի հետ մերձեցման ճանապարհով եւ ամբողջական կախվածություն չունեն Ռուսաստանից։ Այսինքն՝ իրենք վարում են հավասարակշռված քաղաքականություն։ Իսկ դա արեւմուտքին ուղղված մեսիջ է պարունակում։ Երկրորդը՝ փորձ է արվում մեղմել հասարակության հնարավոր բողոքը։ Երբ Սերժ Սարգսյանը նշանակվի վարչապետ, ակնհայտ է, որ հասարակությունն այս կամ այն ձեւով կարող է իր բողոքն արտահայտել»,- ասաց քաղաքագետը։ Էդգար Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Սերժ Սարգսյանը չի հեռանալու իշխանությունից, մնալու է որպես ՀՀԿ ղեկավար։



«Եվ որպեսզի կանխի հնարավոր բողոքը, նա երկրի նախագահի պաշտոնում առաջարկում է մի մարդու թեկնածությունը, որը քաղաքական «ռազբորկաների» մասնակից չէ, ունի կրթված մարդու համբավ, արեւմտամետ կողմնորոշում ունեցող քաղաքական եւ քաղաքացիական խմբերի համար կլինի ընդունելի կերպար։ Իսկ այդպիսով նա հույս ունի մեղմել բողոքական զանգվածի տրամադրությունները։ Փաստացի նա այդ երկու խնդիրներն է փորձում լուծել»,- կարծիք է հայտնում քաղաքագետը։