Ապագա նախագահն ինչպիսին ուզում է, թող լինի՝ բոյով, գեղեցիկ, դաստիարակված, լեզուներ իմանա, դա ոչ մի նշանակություն չունի

Ապագա նախագահն ինչպիսին ուզում է, թող լինի՝ բոյով, գեղեցիկ, դաստիարակված, լեզուներ իմանա, դա ոչ մի նշանակություն չունի
«Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Հովհաննես Չեքիջյանին Հայրենիքի շքանշանի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո նախօրեին նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել այդ արարողության մասնակից մի խումբ մտավորականների հետ: Ի թիվս հասարակական, մշակութային այլ հարցերի, Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ապագա նախագահի մասին եւ նշել, որ նա պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն եւ, որ ամենակարեւորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել:



Տիկնիկային թատրոնի ղեկավար, բեմադրիչ **Ռուբեն Բաբայանը** չի կարծում, որ Հ․ Չեքիջյանի պարգեւատրմանը հաջորդած այս հանդիպումը հանպատրաստից էր, այլ որոշակիորեն պլանավորված էր, եւ այն, ինչ նախագահն ուզում էր արտահայտել, ասաց, եւ հիմնական հարցն էլ նախագահի կարծիքը հանրությանը ներկայացնելն էր, թե ինչպիսի պահանջներ են ներկայացվում ապագա նախագահին։ «Կարծում եմ՝ դա նախապատրաստված էր, եւ դրա մեջ վատ բան էլ չեմ տեսնում»,- ասում է նա ու նկատում, որ մի 10-15 օր առաջ այդքան չէր արժեւորում նախագահի պաշտոնը, բայց հիմա կարծում է, որ ներկայացուցչական մարմին լինելը նույնպես շատ կարեւոր է։ Այն, թե նախագահի մատնանշած չափանիշներին համապատասխան մարդ կա՞ մեր երկրում, Բաբայանը կարծում է, որ ցանկացած դեպքում կգտնվեն նման մարդիկ․ «Ես կուզենայի, որ ապագա նախագահը Երվանդ Մանարյանի հատկանիշներն ունեցող անձնավորություն լիներ, որը ե՛ւ արվեստագետ է, ե՛ւ շատ լայն ճանաչում ունի, տիրապետում է 4-5 լեզվի եւ միշտ առաջ է նայում, ինչը շատ կարեւոր է քաղաքական, հասարակական գործչի համար»։



Բաբայանը հանդիպման ընթացքում բարձրաձայնել է մշակույթի հանդեպ կոնցեպտուալ վերաբերմունքի եւ այն չափորոշիչների մասին, որով պետք է առաջնորդվենք, երբ գնահատում ենք մշակութային գործունեությունը․ «Իմ մտահոգությունը հայտնեցի, որ այդ չափորոշիչները չեն տարբերվում ուրիշ տնտեսական ոլորտի չափորոշիչներից»։



Քանի որ հանդիպմանը ներկա են եղել գիտության, մշակույթի ներկայացուցիչներ, ապա հարց չի հնչել, թե ինչու են մշակույթին եւ գիտությանը տրվող գումարները կրճատվել․ «Գուցե այդպես ճակատային չի հնչել, բայց մտահոգություն հայտնվել է, թե ինչպես հնարավորություն տալ՝ առավել եւս երիտասարդ ստեղծագործողներին, արտահայտվելու, ինչպես կրթությունը դարձնել ավելի մատչելի, սոցիալական պաշտպանվածությունը մեծացնել, այսպիսի հարցեր եղել են։ Իմ կարծիքով՝ գումարների այդ կրճատումը հետեւանք է մտածողության, եւ մշակույթն ընկալվում է որպես սպասարկող օղակ, եւ, կոպիտ ասած, մեծ տարբերություն չի դրվում լվացքատան, թաղման բյուրոյի կամ թատրոնի միջեւ»։



Ռուբեն Բաբայանը կարծում է, որ նման հանդիպումներն ավելի արդյունավետ կլինեն, եթե բոլոր այդ կարեւոր հարցերը ոչ թե մի խրձով ներկայացվեն, այլ արվեն կոնկրետ թեմատիկ հանդիպում-քննարկումներ՝ կապված լեզվի, հեռուստատեսության, գրադարանների հետ․ «Օրինակ՝ ԱՄՆ-ում ես զարմացա, երբ իմացա, որ գրադարանների 80 տոկոսը ֆինանսավորվում է պաշտպանության նախարարության բյուջեից։ Սա նշանակում է, որ երկրի կրթվածությունն անմիջականորեն կապված է երկրի անվտանգության հետ»։



Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր **Արամ Իսաբեկյանը**, ի պատասխան այն հարցին, թե ինչ տպավորություն է ստացել այդ հանդիպումից, ասաց․ «Տպավորությունն ի՞նչ պիտի լիներ, առաջին առիթը Հ․ Չեքիջյանին ազգային հերոսի կոչում տալն էր, դրա շուրջ էր խոսակցությունը, շնորհավորում էինք։ Հետո առիթը նաեւ այն էր, որ եթե ինչ-որ հուզող բաներ կան մտավորականներին, իրենց նկատառումներն ասեին։ Ես ելույթ էլ չեմ ունեցել, ավելի շատ լսողի դերում եմ եղել, որ ասեմ առանձնապես չգիտեմ, թե ինչեր ենք խոսացել․ չէ, նման բան չկա»։ ԳՊԱ ռեկտորն այնուհետ հավելում է, որ նախագահը բոլորին արտահայտվելու իրավունք էր տվել։ Գեղանկարչության, բուհական կրթության ոլորտում չկայի՞ն խնդիրներ, որ հարց չի բարձրաձայնել։ Իսաբեկյանն ասաց․ «Ես չեմ բարձրացրել այդպիսի հարցեր, որովհետեւ չեմ համարել, որ դա տեղին է»։



Իսկ տեսա՞վ նախագահի կողմից պատրաստակամություն՝ լուծելու մտավորականների առաջ քաշած խնդիրները։ «Տեսանք, ո՞նց չտեսանք, ես վատ բան չեմ կարող ասել, հենց ցանկությունը դա էր՝ լսել, եւ կարծում եմ՝ դեռ առիթներ շատ կլինեն, ինքն ասել է, որ պարբերաբար կհանդիպի եւ կլսի մտավորականների, մնացածի ձայնն էլ»։



Ինչ վերաբերում է ապագա նախագահին, ապա ոչ մի անուն չի հնչել, եւ ասել է այն, ինչ գրվել է թերթերում․ «Իսկ վարչապետի համար ոչինչ չի ասել, ասաց՝ ժամանակը կգա, կիմանաք»։



Բանաստեղծ, թարգմանիչ **Հակոբ Մովսեսը** հանդիպման ընթացքում խոսել է մեր երկրում հայերենի, հայոց լեզվի պետական պաշտպանության մասին․ «Նշել եմ, որ լեզուն բարձիթողի վիճակում է, հատկապես՝ հեռուտաէկրանի լեզուն, իսկ գրքի հանդեպ պետությունը հոգածության վերաբերմունք չունի, դրա պատճառով լեզվի հետ բոլորը վարվում են այնպես, ինչպես իրենց պատկերացումներն են հուշում կամ «քեֆն է թելադրում», իսկ արդյունքը լինում է այն, որ մենք մեր հայերենը կամաց-կամաց դարձնում ենք բանավոր խոսակցական հաղորդակցման միջոց։ Առաջարկել եմ ստեղծել մի համակարգ, որտեղ գրքի սպառումը չի թողնվի միայն ընթերցողի վրա, այլ գրքի հիմնական սպառողներից մեկը կդառնա գրադարանը, որպեսզի հայ դասական հեղինակներին, ենթադրենք՝ Րաֆֆու 10-հատորյակը կամ Նար-Դոսի 5-հատորյակը մեր հրատարակչությունները հետաքրքրություն ունենան տպագրելու, իսկ պետությունն իր գրադարանային համակարգով ապահովի նվազագույն ռիսկը։ Այսինքն՝ սպառողական մի մոտեցում հանդես բերի մեր դասական գրողների հանդեպ, որը 2 հարց կլուծի՝ ե՛ւ գյուղերի, համայնքների գրադարաններում այդ գրքերը կլինեն, որոնք վաղուց բացակայում են, ե՛ւ հրատարակիչներն այդ չափով ազատված կլինեն ինքնարժեքի ռիսկից, բնականաբար՝ գիրքն էլ գրախանութում արդեն այդ մասով իր արժեքից նվազեցված կլինի, եւ գնորդն էլ կկարողանա այն գնել»։



Հակոբ Մովսեսը խոսել է նաեւ հեռուստաեթերից հնչող հայերենի մասին՝ նշելով, որ թեեւ հեռուստաընկերություններից շատերը մասնավոր, սեփական ձեռնարկատիրական հիմնարկներ են, բայց հայոց լեզուն իրենց «հոր սեփականությունը» չէ, եւ այստեղ պետությունը պետք է անպայման վերահսկողության մեխանիզմ ունենա․ «Եթե չենք ուզում պետական հսկողություն սահմանել, ապա հասարակական հսկողություն պետք է լինի, ինչպես Ամերիկայում, Եվրոպայում, Գերմանիայում»։



Այն, որ նույն խնդիրներն ամիսներ առաջ Արցախում նախագահի հետ հանդիպման ժամանակ դարձյալ բարձրաձայնվել են, բայց կարծես լուծում չեն ստացել, եւ կրկին բախվում ենք լեզվի, հեռուստաեթերի որակի խնդիրներին, ապա բանաստեղծը կարծում է, որ բոլորս ենք այդ խնդիրներով մտահոգված, պարզապես պետք է մտավորականների կողմից այդ պրոբլեմների լուծման մեեխանիզմներ առաջարկվեն․ «Մենք լեզվի հարցերը պետք է հսկենք այնպես, ինչպես գերմանացիները, ֆրանսիացիներն են հսկում, ֆրանսիական հեռուստատեսությունը եթե հնչեցրել է մի բառ, որը ֆրանսերենում կա, բայց անգլիզմ է կամ ամերիկանիզմ, ուրեմն պետք է տուգանք վճարի։ Մենք փողոցներում փակցնում ենք՝ աղբը թափել աղբամանի մեջ, իսկ հեռուստատեսությունը որ աղբը թափում է մեր լեզվի ու հոգիների մեջ, դրա դեմ ոչ մի միջոց չունենք»։



Ինչ վերաբերում է հանդիպման ընթացքում արծարծված քաղաքական թեմաներին, ապա քաղաքական հարցերը նրան չեն հետաքրքրում, մասնավորապես՝ թե ինչպիսին պետք է լինի ապագա նախագահը․ «Դա տխմար հարց է, որովհետեւ ապագա նախագահն ինչպիսին ուզում է, թող լինի, համակարգն արդեն այնպիսին է, որ ինքն արարողակարգային ֆունկցիաներից բացի ուրիշ ֆունկցիաներ չունի։ Թող լինի բոյով, գեղեցիկ, դաստիարակված, լեզուներ իմանա, բայց դա ոչ մի նշանակություն չունի, իսկ անուններ, բնականաբար, չեն հնչել»։



ԵԹԿՊԻ ռեկտոր **Դավիթ Մուրադյանը** նկատում է, որ մտավորականների հետ նախագահի հանդիպումը լավ ավանդույթ է, երբ նա լսում է մտավորականների տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ։ «Կարծում եմ՝ շատ հետաքրքիր հանդիպում էր, երկու ժամ տեւեց, ներկա էին ե՛ւ գրական, ե՛ւ համալսարանական միջավայրի մարդիկ։ Ինձ համար հետաքրքիր էր նաեւ իմ կոլեգաներին լսելը։ Նախագահը շատ ուշադիր էր եւ յուրաքանչյուր ելույթից հետո տալիս էր իր պատասխանները»։ Հանդիպման ընթացքում դժգոհություններ հնչե՞լ են։ «Գիտեք, դժգոհության խնդիրը չէ, մենք չենք հավաքվում դժգոհություններ արտահայտելու, նախագահն ինքը կոչ արեց, որ եթե հիմնախնդիրներ եք տեսնում, խոսեք այդ մասին, նույնը՝ նաեւ դրական ձեռքբերումների մասին, որպեսզի հասկանան, թե ինչն ենք համարում դրական»,- ասում է նա ու հավելում, որ հանդիպումը կարելի է համարել շահագրգիռ խոսակցություն մեր մշակութային զարգացման հեռանկարների մասին․ «Ես խոսել եմ այն նոր հնարավորության մասին, որ մեզ տալիս է Եվրամիության հետ կնքված պայմանագիրը, որն ավելի լայն դաշտ է բացում հենց մշակութային զարգացումների համար։ Սա կարեւոր ձեռքբերում է մեզ համար»։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**