Քաղաքացին մի քանի օր է՝ մնացել է առանց գազի

Քաղաքացին մի քանի օր է՝ մնացել է առանց գազի
Այսօր մեր խմբագրություն էր զանգահարել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 591 բնակարանից Գեւրոգ Մկրտչյանը՝ նշելով, որ հունվարի 10-ից չի կարողանում գազ սպառել, քանի որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակիցները զոդել են «գազի գիծը»՝ առանց պատճառ ներկայացնելու։



«21-րդ դարում, իրավական պետության մեջ գալիս են իմ գազի հաշվիչը հանում են, գազի գիծը զոդում են, գնում են։ Պատճառ նշում են, թե քո անվտանգության համար ենք անում։ Դրան նախորդող ժամանակահատվածում եկել են, խոհանոցի ծխաօդատար խողովակները նորմալ վիճակում չեն, դրանք ես կարգավորել եմ, արել եմ նենց, ոնց որ օրենքն է պահանջում։ Էն երրորդ կետը վառարանի կետն ա, էդ վառարանի կետից ես չեմ օգտվում։ Իմ գազը անջատել են հունվարի 10-ից, ես գնացել եմ «Էյ Ջի» սերվիս, իրենց ղեկավարության հետ խոսել եմ, իմ հետ տարել եմ ծխաօդատարերի լուսանկարները եւ ասել եմ, որ ամեն ինչ նորմալ է, ինչո՞ւ եք անջատել, իրենք ասել են՝ Գազպրոմի աշխատակիցներն են արել, մատակարար ընկերությունը։ Ասում ա՝ երկուշաբթի օրը կգանք, կստուգենք, կտենանք, եթե ամեն ինչ նորմալ ա, կզանգենք մատակարար կազմակերպությունը հաշվիչը կտեղադրեն, բայց ես չեմ էլ հավատում»,-նշեց մեր զրուցակիցը։



Բնակչի խոսքով՝ աշխատակիցները չեն ներկայացել, եկել են ոստիկանների ուղեկցությամբ․ «Ասեմ, որ 7-8 մեքենայով էին եկել՝ ներառյալ ոստիկանական մեքենա, մի քանի հոգի աշխատակիցներ էին եւ ոչ մեկ չի ներկայացել, թե ինքն ով է, ընդամենը ասել են՝ քո անվտանգության համար ենք տանում, թերությունները կկարգավորես, հետո կարող ա տեղադրենք»։



«Գազպրոմ Արմենիա» ընկերության Էջմիածնի տարածքային տեղամասի տեխնիկական գծով տեղակալ Հակոբյան Արթուրը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ Գեւորգ Մկրտչյանը խոչընդոտել է սպասարկման աշխատակցի մուտքը իր բնակարան, դրա վերաբերյալ դիմել են Մկրտչյանին, սակայն արձագանք չեն ստացել․ «Ինքը ոստիկանություն է կանչել սպասարկման աշխատողների վրա։ Մենք ոստիկանության հետ գնացել ենք, գազամատակարարումը դադարեցրել ենք, որովհետեւ, ըստ մեր կանոնակարգի՝ խոչընդոտի դեպքում մենք իրավունք չունենք իրեն գազ մատակարարելու։ Ինքը ներկա է եղել, մենք իրավաբանի, ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ ենք արել, իրեն ներկայացվել է պատճառը՝ ինչի համար է արվում եւ որ քայլերից հետո գազը կմիանա։ Նա չպետք է խոչընդոտի սպասարկման աշխատանքներին, բնակարանում անվտանգության կանոնների խախտում կա, պետք է վերացվի, դրանից հետո գազամատակարարումը կվերականգնվի»։