Աշխարհը կարող է իսկապես երկբեւեռ դառնալ

Աշխարհը կարող է իսկապես երկբեւեռ դառնալ
Չինաստանը արևմտյան գլոբալիզացիային որպես այլընտրանք իր գլոբալիզացիոն պրոյեկտն է ցանկանում առաջ տանել: ԱՄՆ-ի և Չինաստանի հակասությունը գնալով ավելի է խորանալու, քանի որ Չինաստանը մերժում է բացել իր ֆինանսական շուկաները և ամբողջությամբ ինտեգրվել արևմտյան գլոբալիզացիոն պրոյեկտի մեջ, ու դրան զուգահեռ իր սեփական գլոբալիզացիոն մոդելն է ստեղծում, որի արդյունքում աշխարհը կարող է իսկապես երկբևեռ դառնալ:



Այսօր զարգացած երկրները, չնայած որ հայտարարում են, թե իրենք ցանկանում են 2-րդ և 3-րդ աշխարհի երկրներին տեսնել ազատ ու ժողովրդավար, սակայն իրականում նրանք շահագրգռված չեն դրանում, քանի որ իրական ժողովրդավարությունն անպայման կբերի այդ երկրների տնտեսական բարգավաճմանը, որի արդյունքում այդ երկրներում կձևավորվի բավականին բարեկեցիկ կյանքով ապրող միջին խավ, որը կկարողանա պաշտպանել իր, հետևաբար նաև իր երկրի, շահերը:



Եվ այս ամենը իր հերթին կհանգեցնի այն բանին, որ նախ համաշխարհային օլիգարխիկ հզոր կլանները այլևս հնարավորություն չեն ունենա 2-րդ և 3-րդ աշխարհների տեղական օլիգարխիաների հետ միասին թալանել այդ երկրների ընդերքն ու ազգաբնակչությանը, քանի որ այդ երկրների քաղաքացիները այլևս դա թույլ չեն տա, և երկրորդ, որ արևմտյան աշխարհի երկրների բնակիչների ձեռքում եղած դրամի մի մասը կհայտնվի զարգացող ու հետամնաց երկրների բնակիչների ձեռքում, որովհետև այդ երկրներում կբացվեն շատ աշխատատեղեր, որոնց ստեղծած ապրանքներն ու ծառայությունները կսկսեն շուկաներից դուրս մղել զարգացած երկրներում ստեղծված արտադրանքն ու ծառայությունները:



Հիմա Չինաստանը ցանկանում է աշխարհը կիսել Արևմուտքի հետ ու, ըստ երևույթին, իրեն պատկերացնում է արևելքի ոսկե միլիարդի դերում, իսկ իր գոտու մեջ մտնող մնացած երկրներին, արևմուտքի գլոբալիզացիոն մոդելի նմանությամբ, կդասակարգի որպես 2-րդ և 3-րդ աշխարհներ: Հարցերի հարցն այն է, թե աշխարհի այդ նոր բաժանման մեջ մեր փոքրիկ Հայաստանը ո՞ր մասում կհայտնվի: Ռուսաստանը առայժմ արևմուտքի գլոբալիզացիոն տարածքում է գտնվում, սակայն իրադարձությունները կարող են զարգանալ այն ուղղությամբ, որ Ռուսաստանը, հետևաբար նաև Հայաստանը, կկլանվեն չինական գլոբալիզացիոն տարածքի կողմից։



**Թորոս Ալեքսանյան**