Նոր մանրամասներ օլիգարխի որդու առեւանգումից

Նոր մանրամասներ օլիգարխի որդու առեւանգումից
Մենք օրեր առաջ [գրել էինք](https://www.hraparak.am/posts/5a1c77082974857dd242d57e), որ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն են Կիեւում առեւանգել։ Հարազատները հույս ունեին, որ առեւանգողների պահանջը զուտ դրամական է եւ վաղ թե ուշ նրանք կապի են դուրս գալու ու փրկագին են պահանջելու 27-ամյա տղային ետ վերադարձնելու համար, ինչին նրանք պատրաստ էին։ Սակայն այս պահի դրությամբ դեռ ոչ ոք ոչ մի պահանջ չի ներկայացրել հարազատներին։ Իսկ առեւանգումից արդեն մոտ 15-17 օր է անցել։ Տղայի հայրը դեպքից անմիջապես հետո մեկնել է Կիեւ՝ բոլոր օրինական եւ անօրինական ճանապարհներով փորձեր են արվում գտնել առեւանգողներին եւ դուրս գալ տղայի հետքի վրա, առայժմ՝ ապարդյուն։ Հույսերը, որ երիտասարդ տղան ողջ է, կամաց մարում են եւ հարազատներն անգամ պատրաստ են վճարել ցանկացած ինֆորմացիայի համար, այդ թվում՝ որդու մարմնի տեղն ասողներին։



Բանն այն է, որ Ուկրաինայում ոչ միայն քաղաքական առումով է անկայուն իրավիճակ, այլեւ կրիմինալն է իշխում, իսկ իրավապահ մարմինները չեն տիրապետում իրադրությունը։ Ուկրաինական մեր աղբյուրը Կիեւում տիրող վիճակը համեմատում էր 92-94 թվերի Հայաստանի հետ՝ երբ գողականներն ու զինված մարդիկ ավելի հզոր էին, քան պետական կառույցները։ Հիշեցնենք, որ երիտասարդի առեւանգման մասին հարազատներն իմացել էին այն բանից հետո, երբ նա 1-2 օր չէր պատասխանել իրենց զանգերին։ Փնտրտուքների արդյունքում հայտնաբերվել էր տեսախցիկի ձայնագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես են երկու երիտասարդի առեւանգում, սակայն մթության մեջ չի երեւում, թե ովքեր են առեւանգողները։ Հարազատները կարծում էին, որ հանցագործության թելերը գալիս են Հայաստան, որտեղ մի քանի կլանների հետ ընտանիքը հակասություններ ունի, սակայն չեն բացառում նաեւ ուկրաինական, անգամ չեչենական վարկածը։ Հիշեցնենք նաեւ, որ երիտասարդը զբաղված էր խաղային բիզնեսով եւ հնարավոր է, որ հայտնվել է մեծ շահերի կիզակետում։