60 ֆուտբոլիստ գրանցված է ՀՖՖ-ում

60 ֆուտբոլիստ գրանցված է ՀՖՖ-ում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից մեկի բնակության հասցեն էինք ուզում ճշտել։ Ընտրողների ռեգիստրում գրեցինք անուն-ազգանունը, եւ, ով զարմանք, մեր առջեւ բացվեց մի ահռելի ցուցակ՝ փաստացի բնակության վայր չունեցող անձանց, որոնք գրանցված են Խանջյան 27 հասցեում, որտեղ գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Ցանկում 60-ից ավելի անուն կար գրանցված։ Թե ինչու են ֆուտբոլիստները գրանցված պետական կառույցի վրա՝ որպես բնակության վայրի, փորձեցինք նախ ճշտել ՀՀ ոստիկանությանը կից անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից։ «Դրանք հիմնականում այն ֆուտբոլիստներն են, որոնք Հայաստանի քաղաքացիություն են ստացել, գրանցումը կատարվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությամբ եւ մեր հսկողությամբ, բայց ոչ մի խնդիր չկա․ ընտրողների ցուցակները բաց են, ու դեռ նմանատիպ դեպք չի եղել, որ Արազ Օզբիլիսը գա քվեարկության։ Բնակության վայրն այն է, որն իրենք համարում են իրենց բնակության վայրը»։



Հարցի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սակայն լրատվական բաժնի պետ Տիգրան Իսրայելյանը, որը նոր մարդ է, տեղյակ չէր այս փաստի մասին։ Մեր պրպտումներից ահա թե ինչ կարողացանք պարզել․ սրանք այն ֆուտբոլիստներն են, որոնք ապրում եւ խաղում են այլ երկրներում։ Որպեսզի մեր հավաքականն ուժեղացնեն եւ օրենքի խախտումներ չունենան, ՀՖՖ-ն, ընկած աշխարհով մեկ, փնտրում է հայազգի ֆուտբոլիստների, որոնց գայթակղում, բերում են Հայաստան՝ հավաքականում խաղալու նպատակով։ Այս անձինք, բնականաբար, բնակության այլ վայր չունեն, անգամ ՀՀ քաղաքացիներ չեն, բայց նրանց շատ արագ քաղաքացիություն է շնորհվում, գրանցվում են ՀՖՖ հասցեում եւ խաղում մեր դրոշի տակ։ Միշտ չէ, որ սրանք տաղանդավոր ֆուտբոլիստներ են, նրանցից շատերի համար Հայաստանի հավաքականում խաղալը պատիվ է եւ շանս՝ աչքի ընկնելու համար։ Ուստի երկուստեք փոխշահավետ գործարք է կայանում։