Չփլախ ջանին բեռ ենք շալակում. Գյումրին բրենդավորում են, անօթևանության խնդիրն առաջնային է

Չփլախ ջանին բեռ ենք շալակում. Գյումրին բրենդավորում են, անօթևանության խնդիրն առաջնային է
Գյումրին բրենդավորում են, զարգացնում, տուրիզմի կենտրոն են դարձնում, բայց դրանց զուգահեռ Գյումրիի կարևոր խնդիրներից է շարունակում մնալ անօթևանությունը: Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները թեմայով քննարկում էր կազմակերպել Մեդիա կենտրոնը Ասպարեզ ակումբում: Միայն թե քննարկման գերիշխող թեման ոչ թե քաղաքի զարգացումն էր, այլ անօթևանությունը: Պետությունը թվով 84 բնակարանների գնման վկայականներ հանձնեց Գյումրիին եւ սրանով ավարտեց իր պարտավորությունը: Պաշտոնապես Գյումրիում 600-700անօթևան ընտանիք կա: Վագոն տնակների թիվը 1800-2000 է: Տնակում ապրողներն անօթևան են, բայց ոչ երկրաշարժից տուժածներ: Սա Շիրակի մարզպետարանի տվյալներն են, որոնց հակասում են հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությունները: Գյումրի համայնքի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը նկատում է. «Մինչև 3000 անօթևան ունենք, նրանց մի մասը երկրաշարժից հետո պայման չլինելու պատճառով հեռացել է: Երկար ժամանակ պետությունն այդ ընտանիքներին նույնիսկ անօթևան չէր կոչում: Մինչդեռ երկրաշարժին բնակարանը կորցրած 5 հոգանոց ընտանիքն արդեն դարձել է 15: 2 սենյակ տալիս են, ընտանիքի մի մասը նոր բնակարան է տեղափոխվում, մնացածը մնում են: Յուրաքանչյուր 20-րդ ընտանիք այսօր Հանրապետությունում անօթևան է: Գյումրին առավել խոցված է: 90-95 տնակային թաղամաս դեռ պահպանվում է մեր քաղաքում: Քաղաքի խայտառակ վիճակն է»:



«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Ղարիբ Հարությունյանի խոսքերով՝ հիմնադրամը մանրակրկիտ ուսումնասիրություն է անցկացրել եւ հայտնաբերել է, որ քաղաքում այսօր տնակների թիվը 3400 է, որից 2500-ում ընտանիք է բնակվում: Հիմնադրամն իր գործունեության օրից մինչ այսօր կարողացել է ձեռք բերել 25 բնակարան եւ հատկացնել իր շահառուներին: ԲՀԿ խմբակցության տվյալներով` Գյումրիում 3100 տնակային կացարան կա: Այս տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 16 բնակարան նվիրեց անօթևան այն ընտանիքներին, որտեղ նորածին էր սպասվում: Լևոն Բարսեղյանը կասկածում է, որ խնդիրը բարեգործությամբ լուծում է ստանալու: «Մոտավորապես 150 բնակարան է բարեգործությամբ ձեռք բերվել վերջին 5 տարվա ընթացքում: Գյումրին իր ողջ բյուջեով այս հարցը չի կարող լուծել, քաղաքի տակ նավթ ու հանք չկա: Պետք է պետական իշխանությունը ճանաչի այս խնդիրը: Պարո՛ն վարչապետ, ընտանեկան ներդրումներ եք անում, բայց դրանով խնդիրը չի լուծվում: Առաջարկում եմ՝ մարզպետը, նաև ավագանու անդամները հանդիպեն վարչապետին, մանրամասն ներկայացնեն իրավիճակը: Նամակ գրելը հեշտ է, հարյուրավոր նամակ է գրվել, բայց այլ է հանդիպումը: Չնայած կասկածում եմ, որ մարզպետը կմիանա մեզ: Մյուս ուղղությունը բյուջետային համակարգի փոփոխությունն է: Երևանին Գյումրիից 4 անգամ ավելի բյուջե է հատկացվում: 30 տարի մեր քաղաքի փողոցները չեն ասֆալտապատվել: Հաշվարկել ենք՝ 80-90մլն դոլար է պետք փողոցները հիմնանորոգելու համար: Էս ցեխ ու ջրի մեջ անունը դնել մշակութային մայրաքաղաք ենք սարքու՞մ»,-ասում է նա՝ նշելով, որ տարեկան 8-9մլն դոլարի ներդրումը կարող է հարցը վերջնականապես լուծել, այլապես ստացվում է, որ գյումրեցու ասած՝ չփլախ ջանին բեռ ենք շալակում:



Նշենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, երկրաշարժից Գյումրիում փլուզված բնակարանների թիվը 24159 է: Այսօրվա դրությամբ փոխհատուցված բնակարանների թիվը 21177 է: 88 վթարային շենք կա Գյումրիում՝ 1920 բնակարանով:



**Արևիկ Հակոբյան**