Դեմոգրաֆիական խնդիրներ ունեցող երկրում բազմազավակ ընտանիքներն աղքատության մեջ են ապրում

Դեմոգրաֆիական խնդիրներ ունեցող երկրում բազմազավակ ընտանիքներն աղքատության մեջ են ապրում
Դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ՝ արտագաղթի մեծ տեմպ եւ ծնելիության ցածր մակարդակ ունեցող ՀՀ-ում, որտեղ առաջ են քաշվում ազգ–բանակի կոնցեպտն ու 2040 թվականին 4 միլիոնանոց երկիր ունենալը, որքան էլ տարօրինակ է, պետականորեն չի խրախուսվում բազմազավակությունը: Կոպիտ ասած՝ շատ երեխաներ ունենալը մոդայիկ չէ, եւ բազմազավակությունը հայկական ժամանակակից ընկալմամբ սոցիալապես անապահով կամ էլ «աղանդավորական»» լինելու հետեւանք է: Ավելին՝ ՀՀ-ում օրենք չկա բազմազավակ ընտանիքների մասին, իրավական առանձին ակտով սահմանված չէ, թե ինչ է բազմազավակ ընտանիքը: Նկատենք, սակայն, որ ԱԺ-ն դեռեւս 2005-ին ընդունել էր բազմազավակ ընտանիքներին պետական աջակցություն տրամադրելու մասին օրենք, որի հեղինակներն էին ՕԵԿ-ից Արթուր Բաղդասարյանը, Սամվել Բալասանյանը, ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանն ու ՀՅԴ-ից Լեւոն Մկրտչյանը: Օրենքը, սակայն, չի գործում, դրա փոխարեն գործում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը: Բազմազավակ ընտանիքների մասին օրենքի նախագծի անհրաժեշտությունը նախորդ գումարման ԱԺ-ում նույնպես քննարկման առարկա էր, նախաձեռնության հեղինակները դարձյալ ՕԵԿ-ից էին: 2014-ին [Հ. Բիշարյան](http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1045)ը, [Հ. Մարգարյան](http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1138)ը, [Ի. Խաչատրյան](http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1049)ը, [Լ. Դոխոլյան](http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1145)ն ու [Մ. Շահգելդյան](http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1048)ը հեղինակել էին «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրենքի նախագիծը (որով բազմազավակ էին համարվում 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները): Այն, սակայն, այդպես էլ օրենքի կարգավիճակ չստացավ եւ նստաշրջանից նստաշրջան տեղափոխվեց: Մյուս նախագծի՝ «Բազմազավակ ընտանիքների արտոնությունների մասին» (2015թ.), հեղինակը բազմազավակ հայր Թեւան Պողոսյանն էր: Այս նախագիծը նույնպես համալրեց Պողոսյանի «գզրոցային» մյուս նախագծերի ցանկը: ԱԺ կայքում զետեղված տեղեկանքը վկայում է, որ հիշյալ երկու նախագծերն էլ հետ են վերցվել հեղինակների կողմից:



Բազմազավակության թեման շոշափվում է ՀՀ կառավարության 2017-2022 թթ. ծրագրի «Աշխատանք եւ սոցիալական քաղաքականություն» բաժնում՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավման համատեքստում: Նախատեսվում է «մինչեւ 2018 թ. ավարտը մշակել «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ամբողջացնելով ծնունդների խրախուսումն ու բազմազավակ ընտանիքներին (4 եւ ավելի երեխա ունեցող) տրամադրվող սոցիալական երաշխիքները»: Նկատենք, որ ՀՀ-ում ներկայումս գործում են բազմազավակ ընտանիքների աջակցման սակավաթիվ ծրագրեր, որոնք բազմազավակության խրախուսման արդյունավետ միջոց չեն դիտարկվում անգամ պատկան մարմինների գնահատմամբ: Դրանցից են՝ ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված եւ 30.00-ից բարձր միավոր ունեցող ընտանիքներին տրվող բազային նպաստը (18 հազար) եւ յուրաքանչյուր երեխայի համար որպես 6.500-8000 դրամ հավելանպաստը՝ կախված անապահովության միավորից: Այսինքն՝ 4 երեխա ունեցող ընտանիքն ստանում է 18.000+(4x8) բանաձեւով հաշվարկված նպաստ, եւ սա այն դեպքում, երբ, ՏՏԿԱՀ տվյալներով, 2015թ. աղքատության պարենային կամ ծայրահեղ գիծը մեկ չափահաս անձի համար կազմել է 24 հազար 109 դրամ, իսկ աղքատության վերին գիծը՝ 41 հազար 698:



Հաջորդ աջակցման ծրագիրը ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» որոշումն է, ըստ որի՝ անվճար բժշկական օգնության եւ սպասարկման իրավունք ունեն նաեւ բազմազավակ (մինչեւ 18 տարեկան 4 եւ ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները: Բազմազավակ ընտանիքների սոցիալական վիճակի գնահատումը պետական տարբեր մարմինների ուշադրության ներքո է: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ ընտանիքների գերակշիռ մասն այսօր ապրում է աղքատության մեջ եւ «նպաստի հույսին է»:



**Բազմազավակ ընտանիքները նվազել են, կարիքները՝ մնացել նույնը**



2001 եւ 2011թթ. ՀՀ-ում անցկացված մարդահամարի տվյալներով, բազմազավակ`4 եւ ավելի երեխա ունեցող տնային տնտեսությունների թիվը 2001-ին եղել է 780 հազար, 4 եւ ավելի երեխա ունեցողներինը՝ 31 հազար 202: 2011 թ. մարդահամարի տվյալները ցույց են տալիս, որ այդ թվի կրճատմանը զուգահեռ կրճատվել է նաեւ բազմազավակ տնտեսությունների թիվը: Ըստ այդմ՝ եղել է 763 հազար 584 , 4 եւ ավելի երեխա ունեցողների թիվը՝ 13 հազար 658: Երկու մարդահամարների արդյունքները փաստում են, որ 4 եւ ավելի երեխա ունեցող ՏՏ-ների թիվը շուրջ 18 հազարով նվազել է: Ըստ ԱՎԾ 2011թ. մարդահամարի տվյալների՝ 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների թիվը շուրջ 7200-7300 է: Երեւանում բնակվում է այդպիսի 1186 ընտանիք: Մարզերի բաշխվածությամբ ամենաշատ բազմազավակ ընտանիքներն ապրում են Գեղարքունիքում՝ 975, Արարատում՝ 952, Արմավիրում՝ 867: Ամենաքիչ թվով բազմազավակ ընտանիքները Վայոց Ձորում են՝ ընդամենը 138: Բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքներն ուսումնասիրվել եւ գույքագրվել են նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2014-ին իրականացված «ՀՀ բազմազավակ ընտանիքների հիմնական կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանում» հետազոտության մեջ: Հետազոտված բազմազավակ ընտանիքի 1 աշխատողին միջինն ընկնում է 5 չաշխատող, այդ թվում՝ 6,2 երեխա: Բազմազավակ ընտանիքների եկամուտների կառուցվածքում գերակշռում է ընտանեկան նպաստը` 79.0 %, կենսաթոշակը` 38.3%, աշխատավարձը` 2%, եւ արտագնա աշխատանքից ստացված եկամուտը` 15.4%: Բոլոր մյուս տիպի եկամուտները (գյուղմթերքների արտադրություն, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, անհատական գործունեությունից ստացված եկամուտներ եւ այլն) միասին կազմում են 38%: Սա վկայում է այն մասին, որ բազմազավակ ընտանիքներն անմիջական կախվածության մեջ են պետության ցուցաբերած աջակցությունից: Բացի այդ, հետազոտությանը մասնակցած բազմազավակ ընտանիքների գրեթե 70%-ը բնակվում է գերբնակեցված կամ խիստ բնակեցված կացարաններում, որոնց բնակելի մակերեսները չեն համապատասխանում ոչ միայն բնակմակերեսի նորմերին (9 քմ ), այլեւ նվազագույն սանիտարական նորմերին: Արձանագրվել է զբաղվածության ցածր մակարդակ` մասնավորապես բազմազավակ մայրերի 89%-ը եւ հայրերի 69%-ը ՀՀ տարածքում չեն աշխատում: Զգալի թիվ են կազմել այն բազմազավակ ընտանիքները, որոնցում կան նախադպրոցական տարիքի երեխաներ (70.4%): Սակայն, ինչպես ցույց է տվել հարցումը, այդ ընտանիքների մեծ մասին անհասանելի են նախադպրոցական կրթական հաստատությունները: Բուժհաստատության կարիք ունեցող, սակայն չդիմած ընտանիքների ճնշող մեծամասնությունը (մոտ 91%) չդիմելու հիմնական պատճառ նշել է դրամական միջոցների սղությունը: Հիպոթեքային ծրագրերը նույնպես բազմազավակ ընտանիքների համար մատչելի չեն, ինչի մասին նշել է հարցվածների 97%-ը: Ուշագրավ մի հանգամանք էլ. բազմազավակ ընտանիքների 86.8 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են: Եվ հարցվածների միայն 1%-ն է, որ Ավետարանչական եկեղեցու հետեւորդ է: Սա վկայում է այն մասին, որ տարածված կարծիքը, թե շատ երեխաներ ունենում են, այսպես ասած, աղանդավորները, անհիմն են:



Հետեւություն՝ ՀՀ դեմոգրաֆիական վիճակի բազմապրոֆիլ բարելավումը պետք է սկսել նաեւ բազմազավակ ընտանիքների սոցիալական երաշխիքներն ընդլայնելուց, որպեսզի շատ երեխաներ ունենալը համարվի ոչ միայն պատվաբեր, այլեւ՝ շահավետ:



**Հեղինե ՄԱՆՈՒԿԱՅՆ**