Վաղուց ցանկություն ունեի հետը նկարվեի․ Փաստաբանը՝ իր եւ Գասպարիի լուսանկարի մասին

Վաղուց ցանկություն ունեի հետը նկարվեի․ Փաստաբանը՝ իր եւ Գասպարիի լուսանկարի մասին

Շաբաթ օրը Փաստաբանների պալատն ընտրում էր նախագահ: Նախագահի միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն էր, որը վերընտրվեց այդ պաշտոնում 1002 կողմ եւ 69 դեմ ձայնով։ Այդ օրը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին պառկել էր ՓՊ-ի դիմաց եւ հանրային պաշտպան Մարինե Թովմասյանից պահանջում էր, որպեսզի վերջինս Սեֆիլյանի պաշտպանությամբ չզբաղվի:



Եվ մինչ փաստաբանները կողմնորոշվում էին՝ դեմ, թե կողմ են Արա Զոհրաբյանի թեկնածությանը, փաստաբան Արտակ Խաչատրյանը «սելֆի» արեց իրեն ու Գասպարին: Լուսանկարը, որտեղ Գասպարին պառկած էր, իսկ Խաչատրյանը՝ կանգնած, մեծ աղմուկ առաջացրեց սոցցանցում, քննարկվեց եւ քննադատվեց:



Արտակ Խաչատրյանը, սակայն, չի կարծում, թե վատ բան է արել: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ դեռ 1 ամիս առաջ ցանկություն է ունեցել լուսանկարվել Վարդգես Գասպարիի հետ, եւ երբ վերջինս եկել է ՓՊ, առիթը բաց չի թողել. «Չեմ կարծում, որ ինչ որ մի վատ բան եմ արել: Մեր վարքագծի համար քննում է հանձաժողովը։ Ես Ձեզ հետաքրքիր պատմություն պատմեմ, պատրաստակամություն էի հայտնել, որ Վարդգես Գասպարիին մեկ ամիս առաջ տեսնեմ, երջանիկ պատահականությամբ եկավ հայտնվեց։ Ես որտեղ կանգնած եմ եղել, Վարդգես Գասպարին եկել, պառկել ա»։



Հարցին՝ Վարդգես Գասպարիի հետ անձնական խնդիր ունի՞, Արտակ Խաչատրյանն ասաց, որ ինքը վաղուց է ուզել նկարվել Գասպարիի հետ եւ առիթ է ստեղծվել․ «Վաղուց ցանկություն ունեի հետը նկարվեի, եղավ»։



Փաստաբանների պալատից մեզ հայտնեցին, որ դեպքի առիթվ դեռ բողոք չեն ստացել, լինելու դեպքում՝ այն կքննեն։