Ներդրող է հայտնվել

Ներդրող է հայտնվել

Դրսից ժամանած «ներդրողը», որը տարիներ առաջ Հայաստանից հեռացած հայ է, որոշել է վերադառնալ ու հայրենիքում հողագործությամբ զբաղվել։ Մի քիչ կապիտալ է կուտակել եւ պատրաստ է գյուղատնտեսության մեջ ներդրում անել, մտադիր է մի քանի հարյուր հեկտար հող գնել մարզերից մեկում։ Նրա նախագիծն առնվազն 200 հեկտարի առկայություն է ենթադրում։ Եկել-շրջել է մարզերով, ուսումնասիրել հողի եւ գյուղմթերքի շուկան, չափել բոլոր հնարավոր դժվարությունները, տեղեկացել բոլոր հնարավոր ու անհնարին խոչընդոտների մասին, ծանոթացել օրենսդրությանը, զրուցել տարբեր պատասխանատուների հետ։ Ֆերմերային ժամանակակից տնտեսություն հիմնելը դյուրին գործ չէ, բայց Հայաստանի ջրի-արեւի-էժան աշխատուժի պարագայում կարող է եկամտաբեր լինել։ Սակայն առաջին խոչընդոտը, պարզվել է, ազատ հողի բացակայությունն է։ Ավելի ճիշտ՝ ազատ, անմշակ հող՝ ինչքան ուզես, բայց դրանք մասնատված են՝ ցաքուցրիվ, եւ տարբեր տերեր ունեն, որոնց հետ լեզու գտնելն ամենաբարդն է լինելու։ Մի տեղ նորմալ գյուղապետ կա, որ պատրաստ է աջակցել, բայց գյուղացիներն են «կռու պոպոք»՝ հրաժարվում են վաճառել հողերը, ով էլ համաձայնում է, այնպիսի թիվ է «կրակում», որ Ֆրանսիայի ծաղկուն այգիները կնախանձեին։ Մեկ այլ տեղում գյուղապետն է անհաղորդ ու ծույլ, սակայն ժողովուրդն է պատրաստակամ։ Բայց իրար կողքի 200-300 հեկտար հող գտնելը, դրանց բոլորի հետ խոսել-պայմանավորվելը, պարզվում է, հեշտ չէ։ Հողեր կան, որ քար ու քռից, մացառից ու մողեսից բացի բան չեն տեսել տասնամյակներ շարունակ, տերերն էլ արտասահմաններում վաղուց հիմնավորվել են, բայց հայրենիքում մի բուռ հող ունենալը գերեզմանի տեղ ունենալու նման մի բան է․ «Բա որ հանկարծ գործերը վատացան, ու երեխեքը որոշեցին հետ գալ, մի կտոր հող չունենա՞ն»։