«Կրակեմ Հրաչի» ղեկավարած կառույցը պարտվել է դատավորի դստեր ընկերությանը

«Կրակեմ Հրաչի» ղեկավարած կառույցը պարտվել է դատավորի դստեր ընկերությանը

ՀՀ պետական պահպանության ծառայությունը նախորդ ամիս դիմել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդին, որպեսզի «Պահապան» ՍՊԸ-ին ներառեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկում։ ՊՊԾ ղեկավարը, հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանն է՝ Կրակեմ Հրաչը, ՀՀ նախագահի պահպանության գործն իրականացնողը։



ՀՀ պետական պահպանության ծառայությունը դիմել է ֆինանսների նախարարություն՝ հայտնելով, որ «Պահապան» ՍՊԸ-ն իրենց պետք է մատակարարեր ոստիկանական հանդերձանք՝ գլխարկ, կիտել, բաճկոն և այլն, սակայն պայամանագիրը կատարել է թերություններով։ Ուստի ոստիկանությունը դիմել է գնումների բողոքարկման խորհրդին՝ պահանջելով «Պահապան» ՍՊԸ-ն ընդգրկել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում։ Գնումների խորհուրդն էլ գործը քննելուց հետո որոշել է մերժել ոստիկանության պահանջը։ Այսինքն, ՍՊԸ-ն զրկված չէ գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից։



Այստեղ ուշագրավ է մի հանգամանք։ «Պահապան» ՍՊԸ-ն պատկանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դստերը՝ Վիկտորյա Մելիք-Սարգսյանին: Այս ընկերությունը նաև դատախազության համազգեստներն է մատակարարում։ Ստացվում է՝ «Կրակեմ Հրաչի» ղեկավարած ծառայության պահանջը մերժել են եւ նա պարտվել է դատավորի դստեր ընկերությանը։