Եռաբլուր էին այցելել Արամ Սարգսյանը՝ առանց մյուս եղբոր, ՀԱԿ-ն՝ առանց առաջնորդի (լուսանկարներ)

Եռաբլուր էին այցելել Արամ Սարգսյանը՝ առանց մյուս եղբոր, ՀԱԿ-ն՝ առանց առաջնորդի (լուսանկարներ)

Այսօր կեսօրին, երբ իշխանավորները՝ սոսկ մի փոքր խմբով, իրենց պարտքը կատարեցին ու հեռացան, Եռաբլուր այցելեցին ընդդիմադիրները։ Մասնավորապես՝ ներկա ու նախկին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները՝ շատ համեստ կազմով։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից սպարապետ Վազգեն Սարգսյանը թաղված է հենց Եռաբլուրում։ Նրա հիշատակը հարգելու էին եկել «Ելք» դաշինքի անդամներ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, նաև Արտակ Զեյնալյանը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամներ։ Վազգեն Սարգսյանի մյուս եղբայրը՝ պաշտպանության նախարարի խորհրդական Արմեն Սարգսյանը, ներկա չէր։ Ավելի ուշ պարզվեց՝ նա առավոտյան էր այցելել ՊՆ ղեկավարության հետ։ Բայց նրա մեքենան՝ սև Bentley-ն, ներքևում կանգնած էր։ Դրանով որդին էր եկել։ Ներկա էին նաև ազատամարտիկներ, Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության փոքրաթիվ անդամներ։



Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ իրենց պարտքը կատարելուց հետո, երբ պատրաստվում էին հեռանալ, ժամանեցին ՀԱԿ անդամները։ Նրանց մեջ էին նախկին պատգամավորներ Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, ով այդ թվերին զինդատախազն էր ու ղեկավարում էր Հոկտեմբերի 27-ի գործով քննչական խումբը։ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկա չէր։ Նրանք էլ եկան, լուռ իրենց պարտքը կատարեցին՝ ծաղիկներ դրեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին ու հեռացան։ ՀԱԿ անդամներից որևէ մեկը չցանկացավ խոսել որևէ թեմայով։ Թե՛ Արամ Մանուկյանը, թե՛ մյուսները հրաժարվեցին որևէ բան ասել տեսախցիկների առաջ ինչպես Հոկտեմբերի 27-ի, այնպես էլ քաղաքական այլ հարցերի շուրջ։ Այսքանով ավարտվեց Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածի այցը Եռաբլուր։



Տպավորություն է, թե պարտադրված պարտք է, որ մեր քաղաքական գործիչները՝ լինի ընդդիմադիր, թե իշխանական, գալիս տալիս են՝ ցույց տալով, որ չեն մոռացել՝ ինչ է տեղի ունեցել 18 տարի առաջ։ Սա գնալով ավելի ձևական ու արարողակարգային բնույթ է կրում՝ պարտք, որը պետք է տալ, որ չասեն՝ չտվեցին։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ