Հանրությունը պետք է իմանա, որ Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցել է Սերժ Սարգսյանի ընդունարանում

Հանրությունը պետք է իմանա, որ Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցել է Սերժ Սարգսյանի ընդունարանում

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ճեպազրույցներն սկսեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ ֆեյսբուքյան գրառումը մեջբերելով։ Փաշինյանն ասաց, որ Պաշտպանության ներկա նախարար Վիգեն Սարգսյանը պետք է գրավոր ու փաստարկված բացատրություն ներկայացնի Ռուզաննա Խաչատրյանի գրառման վերաբերյալ և պարզաբանի, թե ինչով է զբաղված եղել 18 տարի առաջ։ Պատգամավորը նաև պարզաբանում է ակնկալում, թե ինչ է արել գործող նախարարը 1992 թվականին, երբ լրացել էր նրա բանակի տարիքը՝ 18 տարեկանը, ինչպես նաև պետք է պարզաբանվի Վիգեն Սարգսյանի կենսագարականում նշված այն տվյալը, թե 2000-2002 թվականներին Սարգսյանը ծառայել է Հայաստանի զինված ուժերում։



«Սա պետք է պարզաբանվի, որպեսզի հանրությունն իմանա, որ Վիգեն Սարգսյանն իրականում իր ծառայությունն անց է կացրել այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ։ Այս առումով, ես կարծում եմ՝ ծայրահեղ անպատշաճ վարքագիծ է, երբ ողջ կյանքը կաբինետներում անցկացրած պաշտպանության նախարարը կամավորական ծառայության մեկնած կամավորականի ստացած պատվոգիրը փորձում է կասկածի տակ դնել։ Խոսքը մեր խմբակցութան պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին է։ Համենայնդեպս, Արարատ Միրզոյանը Վիգեն Սարգսյանից եռակի, քառակի անգամ ռեալ ծառայություն է անցել»,-ասաց Փաշինյանը։



Հիշեցնենք, Սեյրան Օհանյանի կինն իր ՖԲ էջում կատարել էր հետևյալ գրառումը, որում թեև որևէ անուն չկար նշված, բայց մարդիկ միանգամից կռահեցին, որ գրառումը թերևս Վիգեն Սարգսյանին է ուղղված․ «Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից... Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։



․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․



- ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ
(EX NIHILO NIHIL)։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ