XX դարի խոշորագույն կրոնական կոնֆլիկտները

XX դարի խոշորագույն կրոնական կոնֆլիկտները

1 Իսլամական արմատականություն



Առավել վառ իրողությունը քսաներորդ դարում կրոնական կոնֆլիկտների առումով հանդիսանում է իսլամական արմատականության ծնունդը` որպես քաղաքական շարժում: Ծայրահեղականությունը հանդիսանում է հզոր ուղղություն ժամանակակից իսլամականության ծիրում, որը ընկալվում է որպես քաղաքական շարժում, որը ձգտում է ներազդել հասարակական զարգացման վրա` ելակետ ունենալով կրոնական նորմերը: Իր գործունեությունը ծավալելով ողջ մոլորակում, այս շարժումը գործնականում դարձել է համաշխարհային մակարդակում իսլամական ուժերի հակազդեցությունը մնացած աշխարհին: Իսլամի զինվորներն արդեն բազում տարիներ չընդհատվող պատերազմներ են վարում մոլորակի տարբեր անկյուններում, ինչպես օրինակ` Ալժիրում, Եգիպտոսում, Ինդոնզեիայում, Ֆիլիպիններում եւ այլուր: Ամենեւին էլ պատահական չէ, որ «Նյու Յորքյան Երկվորյակներ» անունն ստացած առեւտրային կենտրոնի վրա իրականացված հարձակումից արդեն րոպեներ անց հարձակումը վերագրվեց ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին, իսկ Միացյալ Նահանգներն էլ այդպիսի խմբավորումներից մեկին` «Ալ Քաիդային» ճանաչեց որպես կազմակերպիչ այդ ահաբեկչական բռնարարքի:



Ծայրահեղական կրոնական խմբավորումների հարձակումների թիրախ դառնում են արդի քաղաքական կառույցներն ու իշխանությունները, որոնք ներկայացված են իրենց իսկ աչքերով դիտած` «անահավատների կողմից» , քանի որ հենց դրանք են հանդիսանում հիմնական խաչընդոտները, որոնք արգելում են համընդհանուր իսլամական կարգերի հաստատմանը: Իսլամական ծայրահեղականները որպես կանոն դիմում են ակտիվ եւ արագ գործողությունների, ինչով պայմանավորված էլ դրանք սովորաբար լինում են ագրեսիվ գործողություններ: Ժամանակակից իսլամական ծայրահեղականության շարժիչ ուժը հանդիսանում են ուսանողները, աշխատողները, մանր առեւտրականները ճարտարագետները, բժիշկները: Նշենք, որ ներկայումս իսլամական կամ մուսուլմանական աշխարհում ներդրվում է արեւմտյան մշակույթի եւ արժեքների հանդեպ մերժողական վերաբերմունքը, ինչն էլ, ըստ մասնագետների, նպաստում է ծայրահեղական կրոնական իսլամադավանների շարքերի համալրմանը: Որպես նպաստող հանգամանք է հանդես գալիս նաեւ հասարակության լյումպենացումը: Ներկայումս, ինչպես նշում է ng.ru-ն, աշխարհում կա մոտավորապես վաթսուն միլիոն ծայրահեղական տրամադրություններ ունեցող իսլամադավան:



2. Կրոնական առճակատումը Իռլանդիայում



Հյուսիսային Իռլանդիայում կաթոլիկների եւ բողոքականների առճակատումը, որը բազմաթիվ զինված բախումների դրվագներով ուղեկցվեց, կարելի է համարել քսաներորդ դարի հաջորդ ամենից աչքի ընկնող կրոնական հակամարտություններից մեկը: Ի տարբերություն իսլամական արմատականության, որը ձեւավորվեց որպես հակազդեցությունը իսլամի մնացած աշխարհին եւ հետեւաբար նաեւ մնացած կրոններին, այստեղ ակներեւ է ներկրոնական եւ միջդավանական հակամարտությունը, երբ նույն քրիստոնեության մաս կազմով հյուսիս-իռլանդական կաթոլիկներն ու բողոքականները բախումների մեջ էին իրար հետ, իսկ պատճառը քաղաքական էր. կաթոլիկներն ու բողոքականները չէին կարողանում բալանսավորել իրենց քաղաքական նկրտումները երկրամասի` Մեծ Բրիտանիայի կազմում մնալ-չմնալու հարցում: Այս հակամարտությունը բավական վառ կերպով ցույց է տալիս, որ բարեկեցիկ Արեւմտյան Եվրոպայում նույնպես ամեն բան այնքան էլ հարմոնիկ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել արեւմտյան դեմոկրատիայի տարփողանքի տակ: Այստեղ նաեւ կրոնական հակասությունները զուգորդվում են էթնիկ հակասությունների եւ գաղափարական հակասությունների հետ: Իռլանդական Հանրապետական բանակի տեսական-գաղափարական հենքը, որը հակամարտության առաջամարտիկն է հանդիսանում, կարելի է որակել կամ սահմանել որպես ծայրահեղական-սոցիալիստական: Նկատենք, որ սոցիալիստական եւ նույնիսկ կումունիստական են եվրոպական բոլոր «անջատողական» որակված խմբավորումների գաղափարախոսությունները: Խոսքը վերաբերում է եւ ԷՏԱ ահաբեկչական խմբավորմանը, որը պայքարում է բասկերի` Իսպանիայի կազմից դուրս գալու են անկախանալու համար եւ դավանում է մարքսիստական գաղափարներ, փոխկապակցված ծայրահեղ ազգայնականության հետ: Նույնպես եւ Կոսովոյի Ազատագրության բանակ կոչված խմբավորման ներսում բավական ուժեղ են ծայրահեղական-սոցիալիստական տրամադրությունները, որոնք բավական հիանալիորեն լուծվել են իսլամականության եւ ազգայնականության հետ, ստեղծելով յուրատեսակ գաղափարական բավական արյունոտ կոկտեյլ: Նշենք, որ ներկայումս Հյուսիսային Իռլանդիայում ռազմական պայքարի կողմնակից են այսպես կոչված «ճշմարիտ» ԻՀԲ-ականները, սակայն նույնիսկ խաղաղության պայմաններում, հակամարտությունը շարունակում է մնալ եւ կարելի է սպասել, որ կծնի նույնիսկ կրոնական-արմատական որոշակի երանգավորմամբ որոշակի մուտացիաներ: