Առայժմ՝ կանոնադրությունը, Կանոնագիրքը` հետագայում

Առայժմ՝ կանոնադրությունը, Կանոնագիրքը` հետագայում

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում հունիսի 6-9-ը գումարվել էր քառօրյա Եկեղեցական-ներկայացուցչական ժողով, որը հոգեւոր-աշխարհիկ հավաք է` թվակազմով հեռու, բայց ներկայացուցչական առումով բավականին նման Ազգային-եկեղեցական ժողովին:



Նախ հիշեցնենք, թե ինչ են ազգային-եկեղեցական ժողովները: Սահմանման առումով այս ժողովը Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրագույն վարչական մարմինն է, որն ընտրում է Ամենայն հայոց կաթողիկոս, կազմված է հոգեւոր ու աշխարհիկ պատվիրակներից: Ազգային-եկեղեցական ժողովը միակ ատյանն է երկրագնդի վրա, որ համայն հայությանն է ներկայացնում եւ համայն հայության անունից է խոսում:



Ճիշտ է, 1991-ին Հայաստանի անկախության վերականգնումից հետո ՀՀ իշխանությունների կողմից պարբերաբար դրսեւորվում են նկրտումներ` ողջ հայությանը ներկայացնելու, բայց դրանք օրինաչափորեն տապալվում են: Նման հնչեղ հավակնություն էր 90-ականներին «Հայաստան» հիմնադրամի ստեղծումը, որը մեկ-երկու տասնամյակում վերածվեց խղճուկ հեռուստամարաթոնի, կամ համեմատաբար վերջերս` 1915-ի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ծիծեռնակաբերդում հայության անունից Հռչակագիր ընդունելը, որը Սերժ Սարգսյանի կողմից մի թղթի կտորի ընթերցանությունից ավելին չդարձավ: Հուսանք՝ անցնող քառորդ դարը դաս է եղել, որպեսզի Հայաստանի իշխանություններն իրենց համեստ տեղն ու դերը հայ իրականության մեջ ճանաչեն եւ բովանդակ հայությանը ներկայացնելու նոր հավակնություններ ասպարեզ չբերեն:Թեկուզ՝ ի սեր ավելի մեծ աղմուկով չտապալվելու եւ չվարկաբեկվելու:



Իսկ եթե ՀՀ իշխանությունների դատապարտված հավակնությունները մի կողմ թողնենք, ապա այնքանով, որքանով ողջ հայությանը միավորող միակ կառույցը Հայաստանյայց առաքելական եկեղեցին է, բովանդակ հայությանը ներկայացնող միակ ատյանն էլ եղել է, կա եւ տեսանելի ապագայում լինելու է Ազգային-եկեղեցական ժողովը: Դա իր հերթին նշանակում է, որ այնտեղ քննարկվող եկեղեցական խնդիրները համազգային անդրադարձ են ունենում, եւ, իհարկե, բազմաթիվ են խնդիրները, որ կարոտ են այդ ատյանում արծարծվելու:



Բայց հենց այդ Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը, որով այն գումարվում եւ գործում է, 1940-ականներին, ստալինյան բռնատիրության պայմաններում Էջմիածնում գումարված մի ժողովում ընդունված փաստաթուղթ է: 1940-ականներից ի վեր հսկայական տեղաշարժեր են եղել, եւ կանոնադրությունը կարոտ էր նորացման: Ահա, այս օրերին Էջմիածնում գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկել եւ հավանության է արժանացրել Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նորամշակ նախագիծը: Այժմ այն ենթակա է Ազգային-եկեղեցական ժողովի դատին ներկայացվելու: Սա զգալի տեղաշարժ է եկեղեցու համար, բայց կիսով դատարկ-կիսով լիքը գավաթի դիլեման է հիշեցնում՝ կախված նրանից, թե ինչ համատեքստում կդիտարկվի:



Հայաստանյայց առաքելական եկեղեցում գոյություն ունեցող հիմնարար խնդիրը, թերեւս, Կանոնագրքի (եկեղեցում իրավա-հարաբերությունների ամբողջությունը կարգավորող հիմնական փաստաթղթի, սահմանադրության անալոգի) բացակայությունն է:



Քանի որ աշխարհասփյուռ հայությունը հիմնականում արեւմտահայության ժառանգներն են, Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքը, թեմական մարմինները շարունակում են կազմակերպվել 1861-ի Ազգային սահմանադրության հիման վրա: Արեւելյան Հայաստանում, ցարական իշխանության շրջանում «Պոլոժենիա» կոչվող անցանկալի մի փաստաթուղթ է գործել, որ 1917-ի ցարիզմի տապալումից հետո ուժը կորցրել է: Այնուհետ խորհրդային անաստվածության շրջանն է հետեւել: Արդյունքում ամբողջ հարյուր-երկու հարյուր տարի եկեղեցու Կանոնագրքի հարցը եղել է ասպարեզում եւ չի լուծվել:



Ինքս հիշում եմ, որ Պոզապալյան արքեպիսկոպոսը, ով Վազգեն Առաջինի օրոք Մայր Աթոռի երկարամյա դիվանապետն է եղել, խոսում էր այդ Կանոնագրքի անհրաժեշտության մասին: Բնական է, որ Մայր Աթոռի հաջորդ գահակալների` Գարեգին Առաջինի, այժմ` Գարեգին Երկրորդի համար Կանոնագիրքը մնացել է առաջնային խնդիր:



Կանոնագրքի մշակումները ծավալելու համար 90-ականներին ձեւավորվել է համաեկեղեցական նոր հարթակ` Եկեղեցական-ներկայացուցչական ժողով: Սա Ազգային-եկեղեցական ժողովի, ինչպես բիզնեսում կասեին` lights տարբերակն է, փոքր թվակազմով, բայց դարձյալ աշխարհիկ անձանց եւ հոգեւորականների աշխարհասփյուռ ներկայացվածությամբ մի հավաք, որն ավելի դյուրին է գումարելը, եւ այդ ձեւաչափում ավելի դյուրին է աշխատելը: Այս օրերին Էջմիածնում գումարվել էր թվով վեցերորդ Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը:



Թե ցայս գումարված ժողովները որքան են մոտեցրել Հայաստանյայց եկեղեցու Կանոնագրքի մշակումն ու ամբողջացումը, դժվար է ասել, որովհետեւ, ի վերջո, հարցերի հարցն այդ Կանոնագրքում թեմերի իրավասությունները եւ Երուսաղեմի ու Պոլսո Նվիրապետական Աթոռների հետ Էջմիածնի Մայր Աթոռի հարաբերություններն են:



Դատելով ժողովի առթիվ հրապարակված տեղեկատվությունից, նախորդ` 2014-ին գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովում Թեմական ուղենիշային կանոնադրության փոփոխություններ են հավանության արժանացել եւ շրջաբերականով ուղարկվել թեմերին` գործադրման: Երեւում է՝ թեմերի վերաբերմունքն առանձնապես դրական չի եղել, քանի որ այս ժողովում Գարեգին Երկրորդ Վեհափառն իր բացման խոսքում բավականին հանգամանալից անդրադարձել է հարցին, որ նշյալ ուղենիշային կանոնադրությունն ամենուր չի գործադրվում: Հնարավոր է՝ 2014-ի նոյեմբերին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Սրբազանի կողմից Գարեգին Երկրորդ Վեհափառին ուղղված խիստ ձեւակերպումներով նամակն էլ այդ թեմական կանոնադրության հետ առնչություն ուներ:



Ինչեւէ, այս օրերին գումարված Եկեղեցական-ներկայացուցչական ժողովում նվազ խնդրահարույց փաստաթուղթ է հավանության արժանացել` Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրությունը, որը, հավանաբար, մինչեւ 2019-ը գումարվելիք Ազգային-եկեղեցական ժողովում պետք է հաստատվի: Այն կարող է նույնությամբ հաստատվել, կարող է փոփոխությունների, լրացումների ենթարկվել, սակայն Նվիրապետական Աթոռների ինքնավարության եւ Էջմիածնի հետ հարաբերությունների մասով կարծես ոչինչ չի փոխելու:



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ