Հանուն Երևանի՝ բալենիները տրակտորի տակ են տվել, բարձր լարման մալուխը պայթեցրել

Հանուն Երևանի՝ բալենիները տրակտորի տակ են տվել, բարձր լարման մալուխը պայթեցրել

Շատ քիչ մարդ կա Երեւանում, որ ծանոթ չէ Ա. Տիգրանյան 38ա հասցեի հարակից 60 քմ տարածքի շուրջ ծավալված դրամատիկ պայքարի պատմությանը: Հավանաբար, այս պատմությանը ծանոթ չէ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, չնայած որ ծայր առած պայքարի մի կողմում նրա սիրելի ժողովուրդն է, իսկ մյուս կողմում՝ ոչ պակաս սիրելի մարդիկ, եթե չեմ սխալվում` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կամ հովանավորությամբ:



Արժե, թերեւս, մեկ անգամ եւս նշել, որ, ըստ փաստաթղթի, վերնագրված` բոլորին շատ հայտնի «Նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծման առաջադրանք)» ի լուր ամենքի հայտարարել է, որ այդ 60 քմ հողակտորի համար մրցույթում «կատաղի» պայքարից հետո հաղթել է… Ի՞նչ եք կարծում, ո՞վ: Այսպես ասեմ` մրցույթում հաղթել է այդ հասցեի հարեւանությամբ, փողոցի դիմացի մայթին յուր դղյակը հիմնած, թերթերից բոլորին հայտնի Շավարշ Դանիելյանը: Այս անունը ձեզ ոչինչ չի՞ ասում: Լավ, մի փոքր թարմացնենք հիշողություններս: Բոլորովին վերջերս «Ժողովուրդ» թերթը գրել էր. «Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերս դիմել է դատարան՝ պահանջելով «Դանինի» ՍՊԸ-ից բռնագանձել 51 մլն․ դրամ՝ ավելի քան 105 հազար դոլար: Հայցի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ «Դանինի» ՍՊԸ-ն չի կատարել ՊՆ-ի հանդեպ պարտավորությունները եւ փորձել է «քցել» պետությանը»: Մի փոքրիկ ուղղում միայն. ոչ թե «փորձել է քցել», այլ «քցել» է, եւ կմարսեր, եթե ՊՆ-ն դատի չտար այդ ընկերությանը:



Շարունակելով բացել այս ամենի ծալքերը` նշենք նաեւ, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013թ. ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի» ՍՊԸ-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:



Մամուլում այս պատմության հետ կապված հիշատակվում է նաև, որ «Դանինի» ՍՊԸ-ն առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: 2013թ. «Հայկական ժամանակը» գրել էր, որ այդ ՍՊԸ-ի հեռախոսահամարներն «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին:



Կարող է հարց առաջանալ` ի՞նչ կապ ունի այս ամենն Ա. Տիգրանյան 38ա հասցեին կպած 60 քմ հողակտորի հետ: Ասեմ` թերթերից մեզ հայտնի Շավարշ Դանիելյանը, ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ «Դանինի» ընկերության հիմնադիրն է եւ «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի որդին: Այստեղից էլ պարզ է դառնում, թե ինչու է նշված հողակտորի համար մղված «դաժան» պայքարում հաղթել այս «մարզաձեւում» բազմաթիվ հաղթանակներ ունեցող Շավարշ Դանիելյանը:



Իսկ հիմա` խնդրի էության մասին: Բանն այն է, որ այդ չարաբաստիկ 60 քմ տարածքը հարում է քաղաքացի Վալերի Բաղդասարյանի սեփական տարածքին եւ երկու խոշոր էլեկտրական ենթակայաններին (թիվ 53 բաշխիչ եւ թիվ 159 տրանսֆորմատորային), որոնք սնուցում են «Մոնումենտ» կոչվող թաղամասի մի հսկա հատվածը: Հատկապես այդ հանգամանքը Երեւանի իշխանություններին պետք է ստիպեր Շավարշ Դանիելյանին «հաղթող» ճանաչելուց առաջ լինել տեղում եւ հասկանալ, թե ինչ են սեփականաշնորհում կամ օտարում: Բայց ոչ, գործել են կույր եւ հայտնվել անցանկալի պատմության մեջ: Արդյունքում տրակտորի տակ են տրվել տարածքի բնակիչների տնկած բալի 7 ծառերը, այլանդակվել է «սեփականաշնորհված» տարածքը, էքսկավատորը պայթեցրել է ենթակայանից դուրս եկող ստորգետնյա բարձր լարման մալուխը: Դրանից հետո բանը հասել է ՀԷՑ-ին, եւ ամենակարող ՀԷՑ-ը զայրացած միջամտել է` թե արա, ախպեր, էս ի՞նչ եք անում, հենց հիմա վերականգնեք մեր ենթակայանին կից տարածքը, այլապես մենք ոչ մի կատարողական ակտ չենք ստորագրի: Մի փոքրիկ մեջբերում անենք ՀԷՑ-ի ղեկավարության` քաղաքացիներին տված բացատրությունից. «(Ձեր նամակների հիման վրա կատարված ուսումնասիրություններից՝ Էդ. Ա.) պարզվել է, որ, բացի տարածքի օտարման սահմանված կարգի խախտումից (Երեւանի քաղաքապետարանի կողմից հարցում չի արվել Ընկերությանը տվյալ տարածքով անցնող կոմունիկացիաների առկայության վերաբերյալ), խախտվել են նաեւ քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը` սահմանված «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, եւ ՀՀ կառավարության 02.04.2009թ. N363 որոշման պահանջները (հիշյալ տարածքով անցնում են թվով 6 բարձր լարման մալուխներ)»: ՀԷՑ գլխավոր տնօրենի անվտանգության եւ վերահսկողության հարցերով տեղակալ Կ․ Հայրապետյանն էլ առանձին գրությամբ բնակիչներին հանգստացրել է, որ տարածքը կբերվի նույն վիճակին:



Վ. Բաղդասարյանն ու նրա հարեւանները, սակայն, հույս չունեն, թե իրենց տարիների պայքարը կարող է ուրախ վերջաբան ունենալ, եւ իրենց նորընծա փողատեր հարեւանը տարածքը հանգիստ կթողնի: Համենայնդեպս, վարչական տարածքի ղեկավարի տեղակալն շտապել է զեկուցել, որ տարածքը բերվել է նախկին տեսքին: Հավանաբար, դա էլ արվել է վարչական տարածքի փողերով, ինչի մասին բոլորը համեստորեն լռում են: Այսօր էլ, երբ այդ չարչրկված 60 քմ տարածքի շուրջ համեմատական անդորր է տիրում, իսկական գողգոթա է հիշեցնում բնակիչների տառապանքը, որ նրանք քաշել են քաղաքապետարան-կառավարություն, քաղաքապետարան-նախարարություններ «միջկոնտինենտալ» ուղիների վրա: Նամակներից ու դրանց պատասխաններից պարզ է դառնում, որ մարդկանց պինգ-պոնգի գնդակի նման մի դռնից մյուսն են ուղղարկել` անընդհատ մատնանշելով օրենքներ ու հանձնարարականներ, որոնք հենց իրենց կողմից խախտվել են այնքան ժամանակ, մինչեւ որ պայթել է բարձր լարման մալուխը` ստեղծելով վտանգավոր իրավիճակ մարդկանց կյանքի համար:



Ի՞նչ ավարտ կունենա այս ամենը` Վ. Բաղդասարյանը չի կարողանում ասել, մեր հարցին` իսկ Ձեր նոր հարեւանն ի՞նչ է ցանկանում կառուցել, պատասխանում է. «Չգիտեմ, հավանաբար` ընդարձակ ավտոտնակ կամ մի փոքրիկ օբյեկտ: Մենք այդ տարածքում բալենիներ էինք տնկել, տրակտորով տրորեցին: Տարածքը շինարարության համար պիտանի չէ, մանավանդ, որ մալուխներ են անցնում տակով, իսկ դրանք տեղափոխելը հսկայական ծախսերի հետ է կապված»:



Այս ամենը Վալերի Բաղդասարյանը եւ նրա հարեւանները խնամքով փաստագրավորել են: Նրանք պայքարի հին մարտիկներ են: Մինչ այս նրանք 4 տարի շարունակ բազմաթիվ դռներ էին թակել, որպեսզի ապամոնտաժվի ՀՀ ԿԳ նախարարության բալանսում գտնվող եւ, բնակիչների պնդմամբ` դեռ «Հիտլերի ժամանակներից» չգործող կաթսայատան 25 մետրանոց երկաթյա ծխատար խողովակը, որը քամիների ժամանակ չարագուշակ ճռճռում է: Վերջերս միայն Սեյսմիկ ծառայությունից մարդ է եկել, նայել ու ասել, որ եզրակացություն տալու բան չկա, խողովակը պետք է ապամոնտաժվի, որովհետեւ կարող է փորձանք դառնալ: Բայց այս հարցում էլ ՀՀ ԿԳն-ի եւ պետգույքի կառավարման վարչության միջեւ համաձայնություն չի կայացել: Խողովակը, ինչպես ճռռում էր, շարունակում է ճռռալ, նրա հետ էլ՝ հասարակ երեւանցիները, որոնք կրակն են ընկել պաշտոնյաների ձեռքը, բայցեւ վստահեցնում են, որ թույլ չեն տալու իրենց տների մոտ կամայականություններ լինեն:



Էդիկ
ԱՆԴՐԵԱՍՅԱՆ