Մութ գործարք՝ խուլ ու համրերի շենքի բակում

Մութ գործարք՝ խուլ ու համրերի շենքի բակում

Չինական արտադրության սահարաններն ու ճոճանակները Երեւանի բակերում հաճախ երեխաների միակ ուրախությունն են։ Դրանք ու գումարած մի երկու ծառ՝ ստացվում է այգի։ «Այգի ենք գնում»,- ասում են երեխաների տատիկ-պապիկներն իրենց փոքրիկներին այս կարմիր ու դեղին պլաստմասսե կարուսելներով խաղահրապարակներ տանելիս։ Այն բակերում, որտեղ դրանք չկան, նախանձով են նայում այս փոքրիկ զբոսավայրերին։ 



Վերջերս Շենգավիթի թաղապետարանի միջոցներով մի այդպիսի «այգի» կառուցվեց խուլ ու համրերի շենքի բակում՝ Վերին Շենգավիթ փողոց, 2-րդ շենք, 1 հասցեով։ Բնակիչները ոգեւորվեցին, բայց շուտով նկատեցին, որ ինչ-որ շինարարներ են հայտնվել տարածքում։ «Չլինի՞ մեր այգին քանդում են՝ էլիտար շենք կառուցեն»,- անհանգստացան խուլ ու համրերի շենքի խոսող եւ լսող բնակիչները։ Նրանք ժողով արեցին, դիմեցին պատկան մարմիններին՝ քաղաքապետարան, թաղապետարան, եւ հիմա սպասում են նրանց պատասխանին։ Մարմինները, սակայն, չեն շտապում պատասխանել բնակիչներին, անգամ կառուցապատողի անունն են գաղտնի պահում նրանցից։ «Մեր շենքի բակի խաղահրապարակում մի երկու շաբաթ առաջ եկան, գործ արեցին, բայց մեր բնակիչներն աղմկեցին, եւ հիմա այդ հարցը լուծվել է, էլ ոչ ոք չի եկել այստեղ գործ անելու»,- ասաց կանանցից մեկը։ Թե ինչպես է լուծվել, նա տեղյակ չէր։ Իսկ պայքարն սկսողները, որոնք պատկան մարմիններին են դիմել, բայց չինովնիկներից առավել վախ ունեն մամուլից, հայտնեցին, որ հարցը դեռ լուծված չէ, եւ իրենք սպասում են քաղաքապետարանի պատասխանին, որ նոր աղմուկ բարձրացնեն։ Շենգավիթի թաղապետի տեղակալ Հովհաննես Ղալեչյանը հրաժարվեց նշել տարածքի սեփականատիրոջ անունը։ «Հասարակ ֆիզիկական անձ է, ոչ հայտնի, ոմն յան»,- ասաց նա՝ չժխտելով, որ վերջինս իրոք խնդիր ունի բնակիչների հետ։ «Նա նույնպես բողոքել է բնակիչներից, մի անգամ է եկել թաղապետարան։ Մենք հուլիսի 30-ին խորհրդակցություն ենք հրավիրել, երկու կողմերին էլ կկանչենք քննարկման։ Իհարկե, մեզ համար բնակչի շահը կարեւոր է, բայց լրիվ անտեսել սեփականատիրոջ իրավունքներն էլ մենք չենք կարող»,- ասաց նա՝ խորհուրդ տալով ավելի մանրամասն տեղեկությունների համար դիմել քաղաքապետարան։ Իրականում հենց քաղաքապետարանն է հողօգտագործման, կառուցապատման, շինարարություն իրականացնելու թույլտվություն տվող մարմինը եւ, որպես կանոն, իր այս գործառույթը կատարում է առանց տվյալ տարածքի շենքերի բնակիչներին իրազեկելու, գաղտնի, նրանց փաստի առաջ կանգնեցնելով։ Մինչ քաղաքապետարանը կպատասխանի «Հրապարակի» գրավոր հարցերին եւ կլուսաբանի այս մութ գործարքի մանրամասները, մենք փորձեցինք սեփական աղբյուրներից տվյալներ քաղել։ Եվ այսպես․ Վերին Շենգավիթի 2 փողոցի առաջին շենքի բակում կառուցված չինական կարուսելներով խաղահրապարակը մասամբ կառուցվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտորի վրա։ Սեփականատերը, իր տարածքը տրամադրելով խաղահրապարակի կառուցման համար, դրա դիմաց պահանջել է, որ իրեն թույլ տան տարածքում շինարարություն իրականացնել։ Թե ինչ է կառուցվելու, ստույգ հայտնի չէ։ Բնակիչները կարծում են, թե այստեղ բազմաբնակարան շենք է լինելու, իսկ թաղապետարանի մեր աղբյուրը վստահեցնում է, որ մեծ խանութ է կառուցվելու։ Բնակիչները մի փաստ էլ շշուկով նշեցին՝ կառուցապատողը հայտարարել է, որ «Սերժ Սարգսյանի գյուղի հարեւանն է», եւ իր դեմ խաղ չի կարող լինել։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ