Մեր կյանքը տխուր կլիներ առանց ճանապարհային ոստիկանության

Մեր կյանքը տխուր կլիներ առանց ճանապարհային ոստիկանության

Հայրենի ոստիկանությունը, մանավանդ նրա ճանապարհային տեսակը, չի թողնում որ ես ձանձրանամ: Այսօր էլեկտրոնային փոստս բացում եմ, տեսնեմ` նամակ են ուղարկել ինձ` «Հարգելի օգտատեր» վերտառությամբ: Հավանաբար շատերը գիտեն պետավտոտեսչությունում գործող այս ծառայության մասին: Նրանց տալիս ես էլփոստիդ հասցեն, և նրանք շատ պարտաճանաչ քեզ նամակ են գրում և փոստից ու ամեն ինչից առաջ տեղեկացնում, որ խախտում ես արել: Ահա հերթական անգամ ինձ տեղեկացնում են խախտմանս մասին` հարգելի օգտատեր, դուք այսպես ու ակսպես խախտում եք արել, էս էլ մեր որոշումը` 2 հազար դրամ պետք է մուծեք: Հասկացանք, սխալվել ենք, խախտել ենք, պետք է մուծենք: Բա հարգելի օգտատերը ո՞րն է: Իմ օգուտը ո՞րն է, որ ինձ դիմում եք այդպես:



Ի դեպ` Ոստիկանության կայքում մի ծառայություն էլ կա: Հետադարձ կապ է կոչվում, և, եթե հավատալու լինենք գրածին, ապա այն գործում է անխափան և պատասխանում են այդ հասցեով ուղարկված բոլոր նամակներին: Փորձի համար մի նամակ էլ ես եմ գրել: Դեռ պետք է պատասխանեն... Այն էլ ասեմ, որ իրենց համար, ավելի ճիշտ, իրենց աշխատանքների բարելավման թեմայով էր նամակս:



Մեր ՃՈ-ում, երևի չգիտեն, որ երբ ոստիկանն է կարգավորում տվյալ տարածքի երթևեկությունը, ապա բոլոր նշանները կորցնում են իրենց ազդեցությունը և պետք է ենթարկվես ոստիկանի ցուցումներին: Ասում է` մի կանգնիր` չես կանգնում, ասում է երթևեկեք ձախ, գնում ես ձախ, նույնիսկ եթե ձախն արգելված է: Բլոտի նման է էլի, մեծ «թերզը» ջրում է փոքրին, 50-ը` թերզին, 100-ը` 50-ին: Եթե ոստիկանը կա, ուրեմն բոլոր, նույնիսկ ամենաահարկու նշաններն են ջրվում: Չորս ոստիկանը՝ ինչպես «4 վալետ»: Գոնե ես այդպես գիտեի մինչև Գայի պողոտայի հարակից այգում ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման օրը: Ես ոստիկաներին ասում եմ՝ թույլ տվեք կանգնեմ, ես լրագրող եմ, պետք է լուսաբանեմ միջոցառումը, իսկ նրանք, երևի 7-8 հոգի, միասին գոռում էին՝ քշի, արագացրու, հիմա քաղաքապետն է գալու, Պնախարարը, լիքը պաշտոնյաներ: Դե արի ու այդքան ոստիկանին բացատրիր, որ եթե դու չլուսաբանես նրանց մասնակցությունն այդ կարևոր միջոցառմանը, ապա պաշտոնյաների հրաշալի PR-ը ջուրը կընկնի: Մի խոսքով՝ «լարեցին», մինչև Մոլդովական փողոց, իսկ այնտեղ շինարարության մոտ մի տեղ կանգնեցրի մեքենաս, անիվը՝ ոչ բանուկ կամ խիստ նվազ բանուկ և կեղտոտ մայթի վրա: Բայց հենց այդտեղ աշխատել է Գայի պողոտա-Մոլդովական խաչմերուկի սարքը և իմ կողմից խախտում ֆիքսել: Սարքն ի՞նչ իմանար, որ ոստիկաններն են այդ խառնաշփոթը ստեղծել: Բայց ոստիկանները պետք է իմանային, չէ՞, որ այդ ամենը իրենք են արել՝ Տարոն Մարգարյանի, Վիգեն Սարգսյանի և մյուս նախարարների ու պաշտոնյաների կոմֆորտի համար:



Էդիկ Անդրեասյան