Մեկ տարի անց

Մեկ տարի անց

Զինված պայքարն էլ պայքարի տարատեսակ է եւ միանգամայն ընդունելի որոշ շրջանակների համար։ Պարզապես, երբ զինված պայքարը պսակվում է հաջողությամբ, այն կոչվում է հեղափոխություն, իսկ երբ ավարտվում է պարտությամբ, վերածվում է հեղաշրջման, նրա մասնակիցներն էլ հայտնվում են բանտերում։ Զինված պայքարի մարտիկներն այս պարզ ճշմարտությունը պետք է քաջ գիտակցեն եւ հնազանդորեն կրեն կալանքի, դատապարտման, դատավարությունների այն ծանր բեռը, որ հիմա կրում են «Սասնա ծռերի» անդամները եւ նրանց հարազատները։ Այն անձանցից, ում դեմ զենք են հանել ու զենքով դուրս եկել, միամտություն է ներողամտություն, քաղաքակիրթ վերաբերմունք, մեղմ պատիժներ ակնկալելը։ Իսկ տվյալ պարագայում ուղիղ մեկ տարի առաջ նախաձեռնված «Սասնա ծռեր» շարժումը շատ փոքր շանսեր ուներ հաղթելու, ուստի նրա անդամներն առավել եւս պետք է հաշտվեն այսօրվա իրենց վիճակի հետ։ Այս պարագայում թերեւս անելիք, ավելի ճիշտ՝ խորհելիք ունենք մենք՝ հանրության անդամներս։ Եվ հատկապես՝ իշխանությունը։ Ի՞նչն է ստիպում հայ մարդուն՝ համախոհների կամ մահապարտների փոքրիկ խմբով գնալ նման կանխավ դատապարտված մի գործողության, որը նրան խոստանում է երկար տարիների արգելափակում, զրկանքներ։ Ինչքա՜ն պետք է մարդը հուսահատ լինի եւ քաղաքակիրթ պայքարի օրինական ճանապարհներից հույսը կտրած, որ նման ծայրահեղ քայլի դիմի՝ վտանգելով իր եւ այլոց կյանքը։ Պարզ է, չէ՞, որ այն 700 հազար ձայնը, որ Հանրապետականն ստացել է ընտրություններում, գրոշի արժեք չունի, եթե երկրում կա խելահեղության ու անձնազոհության պատրաստ 50-ի չափ մարդ, որոնք կարող են գնալ զինված պայքարի ճանապարհով, եւ կա 3-5 հազարի չափ (եթե չասենք՝ ավելի) մարդ, որոնք համակրանք ունեն այդ խմբի նկատմամբ եւ պատրաստ են սատարել նրանց։