Կայանալու շանս

Կայանալու շանս

Երեկ քաղաքագետ բարեկամս ուշագրավ դիտարկումներ արեց վերջին տարիներին բուհական ընդունելության քննությունների դինամիկայի եւ դիմորդների թեմայով․ «Գիտե՞ս ինչու են նվազում նախկին «պրեստիժնի» ֆակուլտետների դիմորդները եւ, հակառակը՝ մեծ թափով աճում Այ Թի տեխնոլոգիաներին առնչվող, ծրագրավորման, կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների աբիտուրիենտների քանակը, որովհետեւ սա միակ բնագավառն է, որտեղ չեն կարող ներխուժել լֆիկները, որովհետեւ այստեղ իրական մրցակցություն կա, արդար առաջընթացի հնարավորություն։ Այստեղ լավ պապաների բալաներն անելիք չունեն՝ սա ինտելեկտի ու մտքի աշխատանքի ոլորտ է։ Եվ այս բիզնես ոլորտն էլ հնարավոր չէ ո՛չ մենաշնորհային դարձնել, ո՛չ մաքսային ու հարկային արտոնություններով, զարտուղի ճանապարհներով կառավարել, անօրինականություններ անել։ Այստեղ 12-14-ժամյա աշխատանք, տաղանդ ու խելք է հարկավոր, ինչը մեր տնաբույծ օլիգարխների խելքի բանը չէ։



Նրանք միայն կարող են մրցակիցներին ահաբեկել, ներկրումն արգելել, գնային դեմպինգ անել, բանկերի հետ համաձայնության գնալ՝ ցածր տոկոսով վարկեր վերցնել ու մրցակիցներին անօրինական ճանապարհով հեռացնել ասպարեզից»։ Իրոք՝ Այ Թի տեխնոլոգիան բանան չէ կամ շաքարավազ, որի ճանապարհն ուժային մեթոդներով փակեն կամ անսպասելի էժանացնելով՝ մրցակցին սնանկացնեն ու ասպարեզից դուրս մղեն։ Եվ անթիկունք ու անփող երիտասարդությունն այստեղ կայանալու, փող աշխատելու շանս է տեսնում։ Չենք կարծում, իհարկե, որ ապօրինի բիզնես անողների ձեռքերը մի օր չեն հասնելու այս ոլորտին եւս։ Բայց մինչ այդ հնարավոր է, որ մեր երկրում ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվի, եւ նվիրված աշխատանքն ու առաջադեմ միտքը հաղթեն մենաշնորհների «արքաներին»։ Հուսանք, որ այդ ժամանակները հեռու չեն։