Տրանսպորտը Երևանում չի՞ թանկանա

Տրանսպորտը Երևանում չի՞ թանկանա

Դատելով քաղաքապետարանի պատասխանատուների հայտարարություններից՝ հանրային տրանսպորտի գծով 2018 թվականից ունենալու ենք ավելի լավ Երևան: Գծատերեր չեն լինելու, ասում են նրանք, և այնպես, ասես այդ գծատերերը բոբոներ են, որոնցից պետք է ազատվել: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ գծատերերը չե՞ն ապահովել Երևանում տրանսպորտի աշխատանքը: Մոռացել ենք, երևի, որ «գռդոն» ավտոբուսներով ու երազներով էինք տուն հասնում:



Իսկ ի՞նչ է լինելու 2018 թվականին: Երևի մնալու է մեկ գծատեր, որի անունը կլինի Երևանի քաղաքապետարան: Լա՞վ է դա, թե՞ վատ, կապրենք, կտեսնենք: Խոստանում են գեղեցիկ, միանման ավտոբուսներ, նորացված տրոլեյբուսներ, վճարման էլեկտրոնային (քարտային) համակարգ և այլն: Եվ ամենակարևորը՝ ուղեվարձը չի թանկանալու, իսկ կանգառներում էլ մարդկանց կուտակումներ չեն լինելու:



Այսուհանդերձ, համոզիչ չի թվում ուղևարձի պահպանման մասին խրոխտ հայտարարությունը: Դժվար է պատկերացնել, որ 2018 թվականին, օրինակ, Ավանից հնարավոր կլինի մեկ ավտոբուսով հասնել Էրեբունի զանգված: Այսօր Երևանում կան ամենաանհավանական այնպիսի երթուղիներ, որոնք մեծ ավտոբուսներով սպասարկելն ուղղակի անհնար կլինի: Այդ երթուղիների «Գազել»-ները մտնում են նույնիսկ բակեր, շքամուտքեր, որ մարդ հավաքեն: Ի՞նչ է լինելու նոր կարգի դեպքում: Քաղաքացին ստիպված կլինի քայլել մինչև մոտակա կանգառ, ապա մեկ կամ մի քանի տրանսպորտ փոխելուց հետո հասնել իր ուզած տեղը քաղաքի մյուս ծայրում: Ամեն տրանսպորտ փոխելը գումար է: Դե հաշվեք, թե որքան էր մարդը վճարում Ավանից Էրեբունի զանգված հասնելու համար մեկ երթուղայինին, և որքան է վճարելու 2018-ին՝ 2-3 ավտոբուս փոխելով: Պարզվում է՝ թանկանում է, այն էլ 100-200 տոկոսով:



Էդիկ Անդրեասյան