Արտաշես Ջավադյանի հարցը վաղուց օրակարգում էր

Արտաշես Ջավադյանի հարցը վաղուց օրակարգում էր

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտաշես Ջավադյանի պաշտոնանկությունը վերջին շրջանի ամենախորհրդավոր կադրային փոփոխություններից էր։ Թոշակի վարկածին եւ սեփական դիմումի համաձայն ազատմանը ոչ ոք չհավատաց՝ իհարկե։ Նախ, որովհետեւ Ջավադյանն ստեղծման օրվանից՝ 2004 թվականի հուլիսի 22-ից, ղեկավարել է այս կազմակերպությունը, ոտքի է կանգնեցրել՝ ահռելի վարկային միջոցներ ներգրավելով։ Այստեղ ուսումնական կենտրոն էր գործում, գիտական հետազոտություններ էին անցկացվում, միջազգային կոնֆերանսներ էին կազմակերպվում։ Այս ամենից հրաժարվելու համար նա պետք է լուրջ եւ հիմնավոր պատճառ ունենար, որը չի բարձրաձայնվում։ Ջավադյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից մեկ ամիս առաջ, բայց դեռ լռում է։ Իրավապահ շրջանակներում որպես պաշտոնանկության պատճառ նշվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի սեւեռումը նրա վրա։ Ի դեպ, վերջինս ժամանակին դասավանդել է փորձաքննությունների բյուրոյի ուսումնական կենտրոնում։ Արթուր Դավթյանը, հավանաբար, այլ անձի է ուզում տեսնել այս աթոռին կամ փորձաքննությունների հետ կապված դժգոհություններ է ունեցել։ Նշվում է Ջավադյանի տեղակալի՝ Սուրեն Առաքելյանի անունը: Նա համակարգում համեմատաբար նոր մարդ է: Նա տնօրենի տեղակալ դարձավ այն ժամանակ, երբ տեղակալի պաշտոնից ազատվեց Ջավադյանի վաղեմի հավատարիմ կադր Արամ Գաղտնապետյանը, իսկ նախկինում Առաքելյանը Լոռու մարզի դատախազի տեղակալն էր: Սուրեն Առաքելյանը փորձաքննություների բյուրոյում համարվում էր գլխավոր դատախազության «ձեռքը» եւ Արթուր Դավթյանի հովանավորյալը: Կարծիքներ կան, որ հենց նրա համար էլ ազատվում է բյուրոյի տնօրենի աթոռը: Համակարգի հին աշխատողները կարծում են, որ հենց նրա գալով կոլեկտիվում ինտրիգներ սկսվեցին, ավելացան կոռուպցիոն երեւույթները: Իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Մուրադյանը բյուրոն ղեկավարելու է մինչեւ նոր տնօրենի նշանակումը: 



Եթե Ջավադյանին ազատողը գլխավոր դատախազն է, ապա սա մեկ անգամ եւս ընդգծում է, թե ինչ կախյալ մարմին է փորձաքննությունների «անկախ» բյուրոն։ Մամուլում, որպես Ջավադյանի հեռացման պատճառ, նշվեց փաստաթղթերի թղթապանակի կորստի դեպքը։ ԵՊՀ ուսանողների ուսման վարձը յուրացնելու վերաբերյալ քրեական գործից մի ամբողջ հատոր էր անհետացել։ Այս միջադեպը գուցե ինչ-որ այլ երկրում բարձր ռանգի չինովնիկի հեռացման պատճառ դառնար, բայց ոչ մեզանում։ Նախ, որովհետեւ հատորը կորել է մոտ երկու տարի առաջ, եւ Ջավադյանը միջադեպի պատճառով հեռացրել է բյուրոյի աշխատակիցներից մեկին, որն ուղղակիորեն առնչվել է այս գործին, եւ երկրորդը՝ կորսված հատորը վարույթն իրականացնող մարմնին հաջողվել է վերականգնել, եւ այս առիթով քրեական գործ չի հարուցվել։



Դատախազությանը մոտ շրջանակում պնդում են, որ ոչ միայն դատախազությունը, այլեւ իրավապահ այլ մարմիններ էին վերջին շրջանում դժգոհ փորձաքննությունների բյուրոյի աշխատանքից, եւ տնօրենի հեռացման հարցը վաղուց օրակարգում էր։ Արտաշես Ջավադյանը փորձառու մասնագետ է համարվում, միջազգային փորձագիտական կազմակերպությունների անդամ եւ բյուրոյի աշխատանքում շատ կարեւորում էր հենց գիտական ուղղությունը։ Գիտական հետազոտությունների շրջանակը լայն էր։ Ապրիլին նա իր բյուրոյում տեսակոնֆերանս էր կազմակերպել ճապոնացի մասնագետների մասնակցությամբ՝ նվիրված շրջակա միջավայրի հետազոտմանը։ Բյուրոյի նոր ղեկավարն այս գիտական թափը դժվար թե ապահովի։ Մյուս կողմից՝ փորձաքննությունների օբյեկտիվությունը կասկածելի մակարդակի էր, դրանք արվում էին ձգձգումներով եւ հատկապես վերջին շրջանում կոռուպցիոն կասկածներ էին առաջացնում։ Ջավադյանի մտերիմները սա կապում են հենց Սուրեն Առաքելյանի հետ: Իսկ Արտաշես Ջավադյանը խիստ զգուշավոր մարդ էր, եւ այդքան երկար պաշտոնավարելը նաեւ դրանով էր բացատրվում։ Թե որտեղ է նա «սայթաքել» եւ ինչով է հարուցել «վերադասի» զայրույթը, չբացահայտված առեղծվածներից է մնում։



Ինչո՞վ է մտադիր զբաղվել Արտաշես Ջավադյանը։ Նրա հեռախոսն անհասանելի է, նա ծանր է տանում իր եւ բյուրոյի հետ կապված ցանկացած հրապարակում, ինչպես նաեւ իր ազատման փաստը։ Ցավոք, նրանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց, եւ մենք ստիպված էինք բավարարվել մեր աղբյուրների տեղեկություններով։ Կարծիք կա, որ Ջավադյանին, հանուն նախկին ծառայությունների, անգործ չեն թողնի՝ նոր աշխատանք կառաջարկեն ոստիկանության համակարգում։ Խոսվում է, որ հնարավոր է ղեկավարի ոստիկանության ակադեմիան, դառնա ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանի ենթական։ Ամեն դեպքում, սա նրա համար պաշտոնի իջեցում է լինելու։ Նաեւ ասում են, որ մտադիր է փորձաքննությունների մասնավոր բյուրո հիմնել, որտեղ կշարունակի զբաղվել նույն գործով, որի նրբություններին լավ է տիրապետում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ