Շշի Մելոյի գործարանից ասում են․ «Մենք ձեզ ոչ մի բան հայտնելու չունենք»

Շշի Մելոյի գործարանից ասում են․ «Մենք ձեզ ոչ մի բան հայտնելու չունենք»

Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, թե միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի և քրեական հեղինակությունների միջև։



Ըստ տեղեկության՝ օրեր առաջ մի խումբ անձինք այցելել են Մանուկյանին պատկանող շշերի գործարան և առաջարկել, որ պատգամավորն իրենց ասած մարդուց ընդունի գործարանին անհրաժեշտ հումքը։ Սակայն Մանուկյանը մերժել է նրանց առաջարկը, որը հետո վերածվել է փոխադարձ վիրավորանքների, իսկ հետո հանցագործ աշխարհի ներկայացուցիչներից մեկը, ով, ըստ հրապարակման, «օրենքով գող» է եղել, պատգամավորի սեղանին դրած շշով հարվածել է Մանուկյանի գլխին: Մանուկյանի աշխատակիցներն էլ նրանց են հավածել։ Դեպքը փորձել են կոծկել, որպեսզի իրավապահները չիմանան։



Hraparak.am-ը փորձեց մեկնաբանությունն ստանալ Մելիք Մանուկյանից կատարվածի վերաբերյալ, սակայն նա զանգերին չպատասխանեց։ Կապ հաստատեցինք նրան պատկանող գործարան՝ «Սարանիստ» ՍՊԸ, որը շշերի արտադրությամբ զբաղվող ընկերություն է։ Այստեղից մեր զանգին պատասխանած աշխատակցուհին ասաց, որ ինքը տեղյակ չէ և ոչինչ չի կարող ասել, խնդրեցինք փոխանցի գործարանի տնօրենին կամ որևէ պատասխանատու անձի։ Քիչ անց նույն աշխատակցուհին մեզ բառացի փոխանցեց հետևյալը․ «Մենք ձեզ ոչ մի բան հայտնելու չունենք»։



-Ի՞նչ է նշանակում՝ մեզ ոչ մի բան հայտնելու չունեք։



-Ուզում եմ ասել՝ ոչ մի տեղեկություն, ոչ մի բան բացարձակ, տնօրենն էլ ասաց, որ չի զրուցելու Ձեզ հետ տվյալ նյութի․․․



-Տվյալ դեպքի կապակցությա՞մբ։



-Այո։ Եվ նյութի էլ, որը որ գրված է եղել։



-Իսկ գոնե հերքու՞մ կամ հաստատու՞մ է, նման միջադեպ եղե՞լ է։



-Ոչ մի բան ինքը ինձ չասաց։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ