Պարոն խոսնակ, մի հատ աջ քաշիր՝ կանգնիր

Պարոն խոսնակ, մի հատ աջ քաշիր՝ կանգնիր

Վերցնես ու ՊՆ խոսնակ Արծրունին հարցնես` պարոն խոսնակ, կարո՞ղ ես ասել, թե համակարգից Սեյրան Օհանյանի հեռացումից հետո ինչ փոփոխություններ եք կատարել ՀՀ զինված ուժերում, ինչ թերություններ եք վերացրել: Մեզ մասնավորապես հետաքրքրում է, թե այս ընթացքում ինչ է արվել սպաների եւ զինվորների միջեւ կանոնագրային փոխհարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Զինվորին հայհոյելու, վիրավորելու, ստորացնելու համար քանի՞ սպա է բանավոր կամ գրավոր զգուշացում ստացել, հեռացվել պաշտոնից: Ուրիշ հետաքրքիր հարցեր էլ կան: Օրինակ, այն բանից հետո, երբ պարզվեց, որ ապրիլյան պատերազմից առաջ բանակում թալանը զանգվածային է եղել, ի՞նչ հետեւություններ են արվել, եւ ի՞նչ չափով է թալանն այսօր սահմանափակվել: Մեր գեներալները, հուսով ենք, այլեւս տեղեկացված են, որ ապօրինի հարստացումն արգելվում է օրենքով: Մեզ լոլոները հետաքրքիր չեն: Թվեր, փաստեր, քայլեր, անուններ` խոսնակը նման բաներ ունի՞ ներկայացնելու, թե՞ ոչ:



«Ազգ-բանակ»-ը պատահական արտահայտություն չէ, դա միայն 1000 դրամանոց դրամահավաք չէ: Բանակն ազգինն է: Բանակը պաշտպանության նախարարինը չէ եւ, մանավանդ, խոսնակինը: Սա ե՞րբ պետք է հասկանան խոսնակներն ու իրենց նախարարները, ե՞րբ պետք է վերջապես ըմբռնեն, որ բանակում տեղ գտած ամեն վատ բան առաջին հերթին ազգի սիրտն է ցավեցնում, զինվոր տվող ծնողին է անհանգստացնում, հասարակությանն է վրդովեցնում: Թե ինչ են արել հայկական ԶԼՄ-ները Հայոց բանակի հիմնադրման օրերից մինչեւ նրա կայացումը, թե ինչպես դրսեւորվեց հայ լրագրողի հայրենասիրությունն ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչ մթնոլորտ էր տիրում խմբագրություններում ամեն փոքրիկ հաջողության ու կորստի հետ, միայն մեզ է հայտնի: Արծրունները հո չե՞ն բացելու թերթերի հավաքածուները, հո Google-ը չե՞ն քրքրելու` այնտեղից ԶԼՄ-ների կատարած աշխատանքը վեր հանելու համար: Մինչդեռ «Ազգ-բանակը», իր հաջողություններով ու թերություններով հանդերձ, նաեւ մերն է` լրագրողներինս, եւ մենք առնվազն խոսնակներից պակաս մտահոգված չենք մեր բանակի վիճակով: Եվ, ուրեմն, թերթի դեմ ձեր արշավանքի իմաստը ո՞րն է: Դուք սխալ տեղում եք հակառակորդներ որոնում: Հասկացանք՝ զինվորական եք, բայց դա իրավունք չպետք է տա ձեզ սապոգի նման մտածելու:



Իսկ հիմա երկու խոսք այն մասին, թե, ի դեմս Արծրուն Հովհաննիսյանի, ով բանակի մասին «վատ» բան ասողներին հոգեկան հիվանդ է անվանում, ինչպիսի մասնագետի հետ գործ ունենք: Որեմն ժամանակին, դեռ ապրիլյան պատերազմից առաջ, երբ Արծրունն էլի խոսնակ էր, մամուլը մեռավ գրելով, որ չարդարացված մարդկային կորուստներից խուսափելու, թշնամու դիվերսիոն գործողությունները ժամանակին հայտնաբերելու եւ կանխելու համար առաջնագծում տեսանկարահանող սարքեր պետք է տեղադրել: Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների այս պնդումներին հակադարձում էր մի պայծառագույն մտքով, թե այդ սարքերը թանկ արժեն, կարող են փչանալ ձյան ու անձրեւի տակ, նաեւ հակառակորդի դիպուկահարը կարող է դրանք ոչնչացնել: Մենք ստիպված եղանք արձագանքել այդ ապուշությանը եւ հերթական անգամ թիրախավորվեցինք, որովհետեւ պնդում էինք, որ յուրաքանչյուր փրկված կյանք ավելին է, քան ուզածդ տեսանկարահանող սարքը, որոնք հազարներով տեղադրված են Երեւանում: Այս դեպքից ժամանակ է անցել, ինչ-որ բաներ փոխվել են, այսօր առաջնագծում տեսանկարահանող սարքեր կան տեղադրված: Անփոփոխ է մնացել միայն ՊՆ խոսնակը: Ի՞նչ արած, հո բանուգործներս թողած հիմա էլ նրա հրաժարականը չե՞նք պահանջելու: Մենք մեր գործին ենք, պարոն խոսնակ, դուք էլ ձեր գործին մնացեք եւ հիշեք, որ ԶԼՄ-ի հետ աշխատելը նրա դեմ այլ ԶԼՄ-ներով ու Facebook-ով ճակատամարտ տալը չէ:



Ի դեպ, ամեն վատ բանի, այդ թվում եւ վատ խոսնակների գծով մենք աղքատ չենք: Մենք դրանց կաշին դաբախանից գիտենք, այնպես որ՝ ՊՆ խոսնակի այս վերջին խոյահարումներից առանձնապես հուզված էլ չենք: Օրեր առաջ մի քանի խոսնակներ խմբակային ձեւով բլթացրել էին ԶԼՄ-ների «սեւ ցուցակ» պահելու մասին: Հազիվ էլ այդքանը կարողանան: Ի՞նչ պահանջես մարդկանցից, որոնց հատուկ այդ պաշտոնում են դրել, որ շեֆի գլխից մազ չպակասի: Շեֆի պահակ` սա է նմանների գործառույթը…



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ