Տուգանել նախարարներին, վարչապետին ու նախագահին

Տուգանել նախարարներին, վարչապետին ու նախագահին

Նոր ուսումնական տարին մեկնարկել է, եւ բնական է, որ այս օրերին գլխավոր թեմաներից է աշակերտների եւ ուսանողների պակասը:



1500 ուսանող ավելի քիչ է գնում բուհ, քան նախորդ տարի: Թեեւ դպրոցականների թիվը գրեթե հավասար է նախորդ տարվան՝ 40 հազարական՝ յուրաքանչյուր դասարանում, բայց դպրոցների թիվը քիչ է այս տարի: Փակվել է 14 դպրոց: Հիմնավորվեց, որ աշակերտների պակասի պայմաններում դժվար է, ասենք, 40 աշակերտի պարագայում կրթական նորմալ միջավայր ատեղծելը:
Դպրոցները փակվել են, որովհետեւ աշակերտների թիվը պակասել է։ Աշակերտների թիվը պակասել է, որովհետեւ Հայաստանում ծնելիությունը պակասել է բավականին ահասարսուռ տեմպերով, շատացել է արտագաղթը, ոմանք երեխաներին դպրոց ուղարկելու գումար չունեն, մի մասն էլ չի գնում դպրոց, որպեսզի օգնի ծնողներին՝ աշխատի:



Երբ 40 հազար առաջին դասարանցի է գնում, բայց 25 հազար աշակերտ է ավարտում դպրոցը, դա խորհելու տեղիք է տալիս: Միայն 2016-17 ուստարում Հայաստանից հեռացել է շուրջ 7 հազար աշակերտ, իսկ 260 աշակերտ ուսումը կիսատ է թողել, նրանցից 170-ը՝ սոցիալական պատճառներով: 2011-16 թվականներին երկրից մեկնել է 34.9 հազար դպրոցական։



Վերջերս մի օրենք հիշեցին մեր փորձագետներն ու պաշտոնյաները, ըստ որի՝ երեխային դպրոց չուղարկելու համար ծնողին կարող են տուգանել 30 հազար դրամի չափով: Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն անդրադառնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, որի 178-րդ հոդվածը մասնավորապես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց կողմից անչափահաս երեխաների դաստիարակության եւ ուսուցման պարտականությունները չարամտորեն չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Բոլոր ծնողները չէ, որ ցանկանում են երեխաներին բուհ ուղարկել, մի մասը գոհ չէ կրթությունից, հետո՝ աշխատանքից, գումար չունի եւ այլն: Բայց հանրապետությունում չկա ծնող, որ չցանկանա զավակին ուղարկել դպրոց: Իսկ չուղարկելու համար հիմնավոր պատճառներ կան:



Նշված խնդիրներից եւ ոչ մեկը ծնողի հետ կապ չունի: Ծնողին մեղադրել, թե աղքատ է, որ արտագաղթում է, որ զավակին չի կարողանում դպրոց ուղարկել կամ հետը տանում է ծանր աշխատանքով ապրուստ վաստակելու, անմտություն է:
Հիմա հարց՝ ո՞ւմ պետք է տուգանել:



Մեր կարծիքով, պետք է տուգանք նշանակել ՀՀ բոլոր նախարարություններին անխտիր, քանի որ յուրաքանչյուրի ոլորտում վիճակի բարելավումը կբերեր ընդհանուր բարեկեցության: Պետք է տուգանել երկրի վարչապետին, որի «տնավարի» բառապաշարի տակ որեւէ էական բարեփոխում չկա: Պետք է տուգանել երկրի ղեկավարին, որի 2008 եւ 2013 թվականների նախընտրական ծրագրերը մեծամասամբ մնացել են թղթի վրա: Արտագաղթի կասեցում, ներգաղթի մեկնարկ, աղքատության իսպառ վերացում, աշխատանք յուրաքանչյուրին եւ այլ հազարումի պատկառելի խոստումներ: Ինչպես հարցումների ընթացքում գյուղացի մի ծերունի էր ասում, «նախագահի ծրագրերը, որ ջիգյարով բաժանեցին, իսկի փեջի մեջ նորմալ չվառվեց»:



Իբրեւ թե գիտելիքի վրա հիմնված մեր տնտեսության մեջ գիտելիքը զիջում է դիրքերը
Այս տարի բազմաթիվ դպրոցներ չունեին ավարտական դասարաններ: Դրանցից միայն 8-ը Սյունիքում էր, 3-ը՝ Լոռիում: Այս տարի 9 դպրոց չունի առաջին դասարան:
Երեւանում, որտեղ հատկապես մարզերից շատ են եկել աշխատանք գտնելու, եւ թվում է, թե շարժվելու տեղ չկա, աշակերտների թվի պատճառով դպրոցներ են փակվում:
Հատկապես գյուղական վայրերում շատ են դեպքերը, երբ երեխաները 8-րդ կամ 9-րդ դասարանից դուրս են գալիս դպրոցից: Մեր դասարանում, օրինակ, 36 աշակերտից ավարտեց 20-ը: 2 աղջիկ ամուսնացան, ու նրանց մուտքը դպրոց արգելվեց, 2-ը գնացին երաժշտական թեքումով դպրոց, 6-ը՝ ծնողների հետ արտասահման, 4-ն ասացին, թե չեն ուզում անիմաստ շոր ու կոշիկ մաշեցնել, դպրոցն իրենց ոչինչ չի տալիս, ու որոշեցին գյուղաշխատանքներով զբաղվել, եւս երկուսը գնացին տեխնիկում:



Հիմա, երբ պարտադիր կրթությունը դառնում է 12-ամյա, այս բոլոր պատճառների համար դպրոց չեն գնա բազմաթիվ աշակերտներ: Նրանց պետք է տուգանե՞ն: Ստացվում է, որ երկրի ղեկավարության վատ աշխատանքի համար տուգանում են խեղճուկրակ ծնողին: Սա համակարգային խնդիր է՝ փոխկապակցված բոլոր ոլորտների հետ: Սակայն մեզանում այն դարձնում են անլուծելի, որովհետեւ ողջ պատասխանատվությունն ամեն ինչում ընկած է միայն քաղաքացու վրա: Կան երկրներ, որոնցում երեխայի կրթության հանդեպ ոչ նախանձախնդիր ծնողներին տուգանում են: Բայց այդ երկրներում ծնողները յուրաքանչյուր առավոտ չեն արթնանում ընտանիքը կերակրելու անհանգստությամբ:




Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ