1։0 հօգուտ Միլսի՞, թե՞ նահանջ՝ առանց երգի

1։0 հօգուտ Միլսի՞, թե՞ նահանջ՝ առանց երգի

Վերջին օրերի սկանդալը վերաբերում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում անցկացվող «Agile Spirit 2017» զորավարժություններին, որին Հայաստանը հրաժարվել է մասնակցել, չնայած ավելի վաղ արված հայտարարություններին, որ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնելու են Վրաստան, որտեղ անցկացվում են այդ զորավարժությունները: ՀՀ ՊՆ պատասխանատուները հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը` պարարտ հող ստեղծելով այս ոչ այնքան ստանդարտ որոշման շուրջ զանազան ասեկոսեների համար, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ միջազգային հարթակներում, որովհետեւ զորախաղերն առաջին հերթին բնորոշվում են որպես բազմազգ զորավարժություններ: 



Կիրակի` սեպտեմբերի 3-ին զորախաղերն ընդունող երկրի` Վրաստանի ՊՆ ներկայացուցիչն իր զարմանքն էր արտահայտել Հայաստանի պահվածքի հետ կապված՝ նշելով, որ տեղեկություններ չունեն հայկական կոնտինգենտի` զորավարժություններին չներկայանալու պատճառների մասին, որովհետեւ ՀՀ ՊՆ-ն որեւէ կերպ չի մեկնաբանել խնդիրը: Եթե վրացական կողմը ճիշտ է ասում, ապա մնում է ենթադրել, որ Հայաստանն ամենաանլուրջ պետությունն է` գոնե ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրում: Այս տպավորությունը ցրելու համար, թերեւս, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը սեպտեմբերի 4-ին Պեկին թռչելուց առաջ պարտավոր էր հայտարարություն անել։ Իսկ խոսնակի մակարդակով` «Չեմ մեկնաբանում» հայտարարությունն առնվազն խայտառակություն է: Ինչո՞ւ չեք մեկնաբանում, ինչո՞ւ եք թողնում, որ «պոռոտախոս» հայկական ԶԼՄ-ն գրի. «Այս ֆոնին չկա ոչ մի երաշխիք, որ վերջին պահին Հայաստանը չի հրաժարվի ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրումից: Սերժ Սարգսյանի հավաստիացումն առոչինչ է, որոշումը կայացնում են Մոսկվայում»:



Եվ նորից հրապարակ է նետվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն հետեւում է Հայաստանի վարքին ու փորձում հասկանալ, թե կարողանո՞ւմ են արդյոք ՀՀ իշխանություններն ինքնուրույն որոշումներ կայացնել, ինքնիշխա՞ն երկիր է, արդյոք, Հայաստանը: ՀՀ իշխանությունների եւ ՊՆ-ի լռության պատճառով ԱՄՆ-Հայաստան այս միկրոմենամարտում հաշիվը, փաստորեն, 1:0 է` հօգուտ Ռիչարդ Միլսի, որովհետեւ պարոն դեսպանը ոչ այնքան հետաքրքրվում է, որքան հասկացնում, որ Հայաստանը ենթարկվում է դրսի, ավելի ստույգ` Մոսկվայի ճնշումներին:



Մի կողմ թողնենք, սակայն, Հայաստանի` ռուս-ամերիկյան խաղերում գնդակի դեր խաղալու մասին տխուր մտքերը եւ փորձենք հասկանալ, թե ուրիշ ինչ խանգարիչ հանգամանք կարող էր լինել «Agile Spirit 2017»-ին մեր մասնակցության հարցում, մանավանդ որ 2015 թվականին (այդ զորախաղերն անցկացվում են 2011 թվականից) մենք արդեն մասնակցել էինք դիտորդի կարգավիճակով:



Նկատենք նաեւ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է 1992 թվականից եւ, ինչպես հետխորհրդային այլ երկրներ, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանը, 1997թ. միացել է հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին (North Atlantic Cooperation Council, NACC): «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանը հետխորհրդային այլ երկրների հետ ակտիվորեն մասնակցել է 1994 թվականից: Չնայած ՆԱՏՕ-ի հետ բավականին սերտ կապերին ռազմական, ժողովրդավարական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների ոլորտում, ինչպես նաեւ հանուն խաղաղության իրականացվող գործողություններին իր մասնակցության` պաշտոնական Երեւանը երբեք իր առջեւ խնդիր չի դրել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչպես դա արել են Ուկրաինան եւ Վրաստանը, ինչպես անում է Ադրբեջանը` 1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ իր սերտ հարաբերություններով եւ «մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձեւով: Լինելով ՀԱՊԿ անդամ` Հայաստանն իր անվտանգության խնդիրները փորձել է լուծել այդ կառույցի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության եւ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների շնորհիվ: Ընդ որում, ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, Հայաստանը փորձում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն: Որքանո՞վ է դա մեզ հաջողվում`այլ հարց է: Այդ հարցի պատասխանը կարող է լինել, օրինակ, Արցախի Հանրապետության 26-ամյա դե ֆակտո անկախությունը, որը, ի դեպ, ձեռք է բերվել ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ, մանավանդ, ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունների շնորհիվ: Վատ չէր լինի, եթե ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի ինքնիշխանության մակարդակի ցուցիչը տեսներ հենց այս հարցում, երբ ողջ աշխարհը` Վաշինգտոնից մինչեւ Փարիզ ու Մոսկվա, փորձում է Հայաստանին «Լաչինի պոչ» պարտադրել ու չի կարողանում: Մնացածը` Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ-ի զորախաղին, թե չի մասնակցի, ԵՄ-ի հետ թուղթ կստորագրի, թե չի ստորագրի, դուրս կգա ՀԱՊԿ-ից, թե դուրս չի գա, կմնա ԵԱՏՄ-ի կազմում, թե կտեղափոխվի ԵՄ-ի հետ ասոցացման դաշտ, պայմանավորված է մեկ բանով միայն` Հայաստանի եւ Արցախի անվտանգություն:



Այսուհանդերձ` ՀՀ ՊՆ-ն կամ մեկ այլ կոմպետենտ մարմին պարտավոր էր մեկնաբանել «Agile Spirit 2017» զորախաղերին Հայաստանի բացակայությունը: Դիցուք` հենց այն հանգամանքը, որ այդ զորավարժություններին տարեցտարի ավելի մեծ թվով երկրներ են ներառվում, արդեն իսկ խնդիր է: Ի՞նչ խնդիր է լուծում ՆԱՏՕ-ն, համահո՞ւնչ է արդյոք այդ խնդիրը Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը: Թեկուզ Ուկրաինայի ներգրավումը, երկիր, որի նախագահը Բաքվում հայտարարում է, որ հայերն ագրեսոր են: Բացի այդ, «Agile Spirit 2017»-ի մասին լրահոսի առաջին հրապարակումներում (զորավարժությունները տեւելու են մինչեւ սեպտեմբերի 11-ը) նկատելի է տեղեկատվական խոտանը: Ռուսական լրատվամիջոցները, օրինակ, մասնակիցների թվում նշում են նաեւ Ադրբեջանը, ինչը չեն անում հայկական ԶԼՄ-ները: Սա տեղեկատվության պակա՞ս է, թե՞ միտումնավոր արվող քայլ` հանրությանը շփոթության մատնելու համար: Ռուսական «Ինտերֆաքսը» գրում է. «Վրացական Օրֆոլո պոլիգոնում սկսվել են «Agile Spirit 2017» զորավարժությունները, որոնց մասնակցում է 1500 զինծառայող, այդ թվում` ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Լատվիայից եւ Ռումինիայից»: Կազմը, ինչպես տեսնում ենք, շատ գեղեցիկ է, գրեթե պատվերով ընտրված: Մեր պաշտպանական գերատեսչությունում, վստահ ենք, նախօրոք պետք է իմանային զորավարժությունների բոլոր մասնակիցներին: Իսկ եթե Ադրբեջանը վերջին պահին է մեջտեղ ընկել, դա արդեն լիովին փոխում է իրավիճակը, եւ Հայաստանը ոչ թե պետք է սուսուփուս հրաժարվեր մասնակցությունից, այլ ՆԱՏՕ-ին իր եղած-չեղածով հիշեցներ տխրահռչակ Ռամիլ Սաֆարովի պատմությունը, մարդասպան, որ մասնակցում էր նույն ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, եւ որին, հայ սպային կացնահարելու համար, հերոսացրեց Ադրբեջանը` չարժանանալով հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական նախատինքին:



Ավարտելով ասելիքս` այսպես ասած, այս դժվար պահին, հայաստանյան ծայրահեղ արեւմտամետ գիտունիկներին մի փոքր համբերություն եմ մաղթում, իսկ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի նախարարին եւ խոսնակին` վճռականություն, որ իրենց անհասկանալի պահվածքվ, պահ, պահ, պահ` «Չենք մեկնաբանում», չջրեն այդ բանակի ձեռքբերումներն ու տպավորություն չստեղծեն, թե Պուտինը զանգեց Սերժին, ու Հայաստանի մասնակցության հարցը «փոզմիշ» եղավ:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ