2017-2020թթ․ ծրագրից ո՞ր ընկերություններն են ներկայացված գնահատման

2017-2020թթ․ ծրագրից ո՞ր ընկերություններն են ներկայացված գնահատման

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ․ ծրագիրը սկզբում մի լավ աղմուկ բարձրացրեց։ ԱԺ-ում եւ դրանից դուրս։ Քաղաքական, հասարակական գործիչները հիշեցին, թե մասնավորեցման ենթարկված հիմնարկություններից որն ինչ ռազմավարական նշանակություն ունի, քննարկեցին, թե ինչ ճակատագիր կարող է սպասել նրանց մասնավորեցումից հետո։ Նաեւ վրդովմունք հայտնեցին՝ հիշելով, թե նախկինում մասնավորեցված հիմնարկներից որն ինչ վիճակում է հայտնվել հետագայում։



ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետբաժնեմասի կառավարման վարչության պետ Արմեն Մելիք-Իսրայելյանը մեզ հետ զրույցում նշում է, որ 47 ընկերությունները եւ Տաշիրի կինոցանցի գույքը մտնում են 2017-2020թթ․ մասնավորեցման ծրագրի մեջ, այժմ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։



Մեր զրուցակիցը նշում է, որ գնահատման համար փաթեթներ են լրացնում եւ հավաքագրում, իսկ դրանցով էլ զբաղվում են գերատեսչական մարմինները։
«Այդ ընկերությունները դեռեւս պետգույքի կառավարման ենթակա չեն։ Այդ ցանկի մեջ կան ընկերություններ, որոնք նախկինում ընդգրկված էին մասնավորեցման ցանկերում։ Եվ նրանց բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է եղել պետգույքի վարչությանը։ Իսկ նոր ընկերությունների բաժնետոմսերը, որոնք ընդգրկված են մասնավորեցման ցանկում, մնում են գերատեսչական ենթակայության ներքո»,- ասաց մեր զրուցակիցը։ Դրանք վերաբերում են առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների ընկերություններին, միջուկային անվտանգությանը, էներգետիկ ենթակառուցվածքներին։



Արմեն Մելիք-Իսրայելյանը ասում է, որ իրենք պատրաստում են համապատասխան գնահատման փաթեթներ։ Նա հայտնաբերել է, որ բոլոր ընկերություններում չի տիրում իդեալական վիճակ։ «Կան ընկերություններ, որ խնդիրներ ունեն կադաստրի հետ, կան նաեւ այնպիսիք, որոնք բաժնետոմսերի գրանցման խնդիր ունեն։ Նրանք պետք է ներկայացնեն գնահատման այդ փաթեթները»,-նշում է պետբաժնեմասի կառավարման վարչության պետը եւ հավելում, որ այս պահին որոշ կազմակերպություններ գնահատման ընթացքում են։ Իսկ ահա մասնավորեցման մասին որոշումները, ըստ նրա, շրջանառության մեջ կդրվեն գնահատումից հետո, որն իրականացնում է գնահատման գործակալությունը։



Հարցին, թե հաշվի առե՞լ են մասնավորեցվող ընկերությունների կոլեկտիվների կարծիքները, Արմեն Մելիք-Իսրայելյանն արձագանքեց․ «Երբ կունենանք գնահատված բաժենտոմսի արժեք, պետությունն արդեն այն ժամանակ կորդեգրի մոտեցում։ Հնարավոր է, որ այդ ժամանակ առաջարկի կոլեկտիվին, հնարավոր է, որ ներկայացվի հրապարակային սակարկության։ Լինելու են տարբեր մոտեցումներ։ Ընկերությունների կոլեկտիվները միանշանակ կիմանան, նման բաները գաղտնի չեն մնում»։



Մեր զրուցակցի հավաստմամբ՝ արդեն 13 կազմակերպություն ներկայացված է գնահատման։ Իսկ գնահատման փուլն էլ շատ ժամանակ է պահանջում։
«Առողջապահության նախարարության ընկերություններն են ներկայացված գնահատման, մի քանի կազմակերպություն՝ պետգույքից, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից է ընկերություն ներկայացված, «Միջուկային եւ ռադիացիոն անվտանգություն» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը»,- թվարկում է մեր զրուցակիցը։ Նրա հավաստմամբ՝ բոլոր ընկերությունները գնահատվում են շուկայական արժեքով, քանի որ կառավարության կողմից կա համապատասխան որոշում։



Թագուհի Հակոբյան