ԲՈԿ-ը՝ իրավախախտ և օրինազանց

ԲՈԿ-ը՝ իրավախախտ և օրինազանց

Վարչապետի «աղբի տեսությունը» փաստորեն պատահականություն չէր, եթե այդ տեսությունից բխող գործնական քայլեր դեռ ամիսներ առաջ իրականացնում էր նրա կադրերից ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը։ Եկած-չեկած՝ այս մարդը վճռականորեն անցավ հայոց գիտության «ավգյան ախոռները» մաքրելու գործին։ Կասկածելի (անհայտ, ուրեմն՝ կասկածելի), ոչ հրապարակային  մեթոդաբանությամբ ու ռեսուրսներով որոշելով ԲՈԿ-ի կողմից 2018-ին ընդունելի համարված գիտական պարբերականների ճակատագիրը, դրանք 2019-ի ցուցակից կա՛մ «մաքրելով», կա՛մ որոշ փրկվածների ճակատներին  «վերապահությամբ ընդունելի» խարանը  դնելով՝ հայոց գիտության Հերակլեսը  հարված հասցրեց նաև անպաշտպան մի խավի՝ մանկավարժներին։ 
(Զարմանալի է, որ ԲՈԿ-ի պատվավոր ցուցակից իսպառ «մաքրված» մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի գիտական հանրույթի ու հատկապես գիտնական-խմբագիրների կողմից առայժմ որևէ հրապարակային «ծպտուն» չի եղել․ տպավորություն է, թե նրանք համաձայն են ԲՈԿ-ի «գիտանպաստ» գործելակերպին՝ այն դեպքում, երբ Ս․ Գոգյանի կամայականությունից ամենից շատ տուժել են հենց իրե՛նք, որովհետև այս կառույցի համապատասխան ցուցակներում բոլոր ժամանակներում ամենամեծ ներկայությունն ապահովել, եղանակ ստեղծել են հենց իրե՛նք)։ 

Սակայն առավել զարմանալի է Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի լռությունը․ էլ ո՞վ, եթե ոչ կրթագիտական այս կառույցը պիտի պաշտպաներ բոլոր ներկա և ապագա մանկավարժների շահերը՝ մասնավորապես մատնացույց անելով, որ ԲՈԿ-ը իր «հեղափոխական» ցուցակով կոպտորեն խախտում է հազարավոր մանկավարժների իրավունքները, ոտնահարում նրանց օրինական շահերը։ Թե ինչպես՝ կներկայացնենք ստորև, մինչ այդ նշենք, որ մանկավարժների իրավունքների պաշտպանությամբ աչալրջորեն պետք է զբաղվեր ամենից, անշուշտ, ԿԳ (և հատկապես՝ Կ) նախարարությունը, բայց քանի որ ԲՈԿ-ն այդ գերատեսչության համակարգում է, հետևաբար և դժբախտաբար ստիպված ենք ԿԳՆ-ն բացառել մանկավարժների իրավունքները պաշտպանողների շարքերից։ 

2013 թվականին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով (1031-Ն, 15 օգոստոսի 2013 թ․,  «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի  որակավորման տարակարգի բնութագրիչները, դրանց շնորհման չափանիշները և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին») հաստատվել է մանկավարժներին որակավորման տարակարգեր շնորհելու ընթացակարգը։ Տարակարգի որևէ աստիճան ստանալու համար մանկավարժները, ի թիվս այլ չափանիշների, պիտի ապահովեն նաև գիտամեթոդական հոդվածների տպագրություն ԲՈԿ-ի կողմից սահմանված ցուցակում ներառված որևէ պարբերականում։ Բայց ԲՈԿ-ի նոր ցուցակում միակ մանկավարժական պարբերականը, այն էլ՝ «վերապահումով ընդունելի», «Մաթեմատիկան դպրոցում» ամսագիրն է։ (Կարծում ենք՝ այս «երջանիկի» ճակատագիրը կանխորոշել է այն իրողությունը, որ ԲՈԿ-ի Սմբատն այդ «գծով» է գիտությունների թեկնածու, ուրեմն ցուցակը կազմելիս որոշակի դեր է խաղացել նրա մասնագիտական «համերաշխությունը», ասել է թե՝  կողմնակալությունը։ Իսկ դա ամենևին չի բացառվում, քանի որ ունենք բազմաթիվ նախադեպեր, երբ ԲՈԿ-ի ղեկավարի կամ ԿԳ նախարարի մասնագիտությամբ է կանխորոշվել շատ ամսագրերի գոյությունն այդ ցուցակներում։

ԿԳ նախկին նախարար Ա․ Աշոտյանի օրոք, օրինակ, ԲՈԿ-ի (այն ժամանակ՝ ԲՈՀ-ի) ցուցակները լեցուն էին բժշկագիտական ոլորտի բազմաթիվ հայտնի և անհայտ, կասկածելի ծագում ու որակ  ունեցող պարբերականներով)։ Վերապահումով միայն ասպարեզում թողնելով սոսկ մեկ մանկավարժական պարբերական՝ «Մաթեմատիկան դպրոցում», ԲՈԿ-ը, անզգուշաբար թե չիմացությամբ, դռները փակում է բոլոր այն մանկավարժների առջև, ովքեր ձգտում են տարակարգի ամենաբարձր աստիճան ստանալ, սակայն․․․ մաթեմատիկայի ուսուցիչ չեն։ Վերոնշյալ ամսագրում գիտամեթոդական հոդված տպագրել չեն կարողանա, իսկ դա նշանակում է՝ գոնե 2019 թվականի ընթացքում անհրաժեշտ գիտամեթոդական հոդված հրապարակել չեն կարողանա  որևէ այլ մասնագիտությամբ հարյուրավոր մանկավարժներ։

Հետևաբար, ԿԳ նախարարի 2013 թվականի հրամանից բխող՝ մանկավարժական տարակարգ ստանալու մանկավարժների իրավունքը սահմանափակում, ավելի ստույգ՝ արգելափակում է ոչ այլ ոք, քան ԿԳ նախարարությունը, եթե իր մի կառուցվածքային ստորաբաժանման՝ ԲՈԿ-ի ձեռքով ուսուցիչների մի ստվար հատվածի առջև փակում է գիտական ամսագրերում հրապարակվելու՝ գերատեսչական իրավական ակտերով սահմանված իրավունք-հնարավորությունը։ 

Զավեշտ չէ՞։

Հ․Գ․։ Իր ֆեյսբուքյան էջում ԲՈԿ նախագահի օրեր առաջ հնչեցրած «ավետիսը», թե՝ իրենք պլանավորում են առաջիկայում մի օրինակելի, ասել է՝ անվերապահորեն ընդունելի մանկավարժական հանդես հիմնադրել, մերօրյա հերակլեսների համար չի կարող վերոնշյալ կոպիտ իրավախախտման ու օրինազանցության  արդարացում համարվել, քանի որ՝ ա) մինչև այդ՝ հրապարակում չեղած ամսագրի երևան գալը ոտնահարված է մնում հազարավոր ուսուցիչների՝ գիտամեթոդական հրապարակումներով հանդես գալու օրինական իրավունքը․ բ) այդ երանելի ամսագիրը եթե նույնիսկ հրատարակվի  էլ, դեռ պիտի անցնի ԲՈԿ-ի ցուցակում հայտնվելու մի գործընթաց, որ սահմանել է հենց ինքը՝ ԲՈԿ-ը, ուրեմն դա նույնսիկ 2019-ի համար նախատեսելն է դժվար․ գ) այդպիսի ամսագիր հրատարակելու իրավական հիմք կամ գործառույթ որևէ իրավական ակտով ԲՈԿ-ի համար սահմանված չէ, ավելին՝ հակացուցված է, որովհետև ԲՈԿ-ն այդ դեպքում հայտնվում է մենաշնորհային դիրքում, ինչն արգելում է օրենքը։

Ընդսմին՝ հենց  ԲՈԿ-ի կանոնադրությու՛նն այդ կառույցին թույլ չի տալիս զբաղվել, բացի տեղեկատվական բնույթի նյութերի հրատարակումից, այլ (և մանավանդ՝ գիտական) հրատարակչական գործունեությամբ (տե՛ս ԲՈԿ-ի կանոնադրության երրորդ կետի («Բարձրագույն որակավորման կոմիտեի գործառույթները») 17-րդ ենթակետը՝ միանգամայն հստակ արձանագրմամբ՝  «Հրատարակում է տեղեկագրեր»։ Ընդամենը  ՏԵՂԵԿԱԳՐԵ՛Ր, եղբայր մեր Սմբատ, ոչինչ ավելի)։

Զավեշտ է։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ