Գյումրիի Մուշ 2-ի կռիվները շարունակվում են

Գյումրիի Մուշ 2-ի կռիվները շարունակվում են
Արդեն մեկ ամիս է, ինչ շահագործման է հանձնվել հանրապետության ամենամեծ շինհրապարակը, ու հենց այդքան ժամանակ էլ նորակառույցներ տեղափոխված բնակիչների բողոքները շարունակվում են: "Էն գլխեն էր բայլու, որ էս շենքերը անորակ են, մինչեւ ստեղ տեղափոխվելը արդեն գիտեինք ինչի էինք հանդիպելու: Հեչ չէինք ուզում կենտրոնից, չնայած դոմիկում էինք ապրում, գալ էս անմարդաբնակ կղզին: Քիչ է դռները թքած-կպցրած են, պատուհաններն էլ եվրո լուսամուտի տեղ են բերել-դրել, փողոցից  անցնում են՝ ստեղ ոտների ձեները լսում ենք: Ո՞վ է տեսել կուխնին լամինատ էնեն, կաֆելն ավելի էժան չէ՞ր լինի: Հմի էլ ամեն օր կռիվ է, ջրի կռիվ: Գուկան-կըսեն՝ սաղ շենքի բնակիչները մինչեւ չհավաքվին, ջուր չենք  տա: Մեր շենքում, օրինակ, մի քանի ընտանիք են ապրում, մյուսներին որտեղի՞ց գտնենք: Ջուրն էլ ջուր էղնի, ոռոգման ջուր է, քլորն էլ էնքան  շատ են լցնում, որ խմել չի լինի",- բողոքում են Գյումրիի Մուշ 2 թաղամասի նորաբնակները: Այսքան բողոք այն դեպքում, երբ հուլիսի 9-ին, շինհրապարակի բացման ժամանակ "Գլենդել Հիլզի" տնօրեն  Վահե Ալմոյանը լրագրողներին հավաստիացրեց, որ այստեղ բացի պատի բարակ ճաքերից, որեւէ խնդիր չկա:  Մուշ 2-ում լրագրողները նաեւ ականատես եղան բնակիչների հիշատակած "ամենօրյա կռիվներից" մեկին: "Գլենդել Հիլզի" անունից հանդես եկող "հերոսները" խոչընդոտեցին անգամ լրագրողների աշխատանքը` պահանջելով ջնջել բոլոր լուսանկարները, որտեղ ֆիքսված էին իրենք: Հետո էլ, թե՝ "Ձեզ ո՞վ է թույլ տվել գալ ստեղ: Հենց բնակիչները Ձեզ տեսնում են, կատաղում են մեր վրա": Վերջում "հերոսները" խոստացան կարճ ժամանակում հարթել  բնակիչներին հուզող բոլոր խնդիրները: Մենք էլ խոստանում ենք հետամուտ լինել:



Pres.am