Պատասխան` պատասխանելու համար

Պատասխան` պատասխանելու համար
ՀՀ ոստիկանության police.am պաշտոնական կայքում "Անհրաժեշտ պարզաբանում" խորագրի ներքո տեղադրվել է մի հրապարակում, որով ոստիկանությունը մեկնաբանել է ս.թ. օգոստոսի 3-ին "Հրապարակում" տպագրված "Ոչխար են գողացել, ոչխար" հոդվածում ոստիկանների գործողություններին առնչվող փաստերը: Համառոտ հիշեցնենք, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղից ոմն Հարություն Տավուշի մարզի Սարիգյուղում բնակվող մի ընտանիքից խարդախության միջոցով հափշտակել էր մանր եղջերավոր անասուններ:



Մասնավորապես գրել էինք, որ երբ հանցագործին հաջողվել էր համոզել անասնատիրոջը` 63 գլուխ ոչխարները տեղափոխել մայրաքաղաք, հաջորդ օրն առավոտյան դրանց համար վճարելու նպատակով, անասուններով բարձված բեռնատարն անարգել անցել էր Դիլիջան քաղաքի մոտ տեղակայված կարանտինային կետով, որը ոստիկանների հսկողության տակ է: Մեջբերում եմ հոդվածից. "Այս գործում հարցականները շատ են:



Այս օրերին ոստիկանները կարանտինային կետում արգելում են մարզից դուրս հանել նույնիսկ գառ ու ոչխար... Հիմա հարց է առաջանում. այդ ինչպե՞ս եղավ, որ անասունների 63 գլխաքանակով բարձված երկու բեռնատարներն անցել են նույն կարանտինային կետով` առանց արգելքի... Ըստ մեր աղբյուրների` այդ մեքենաների անցումը կարանտինի մատյանում գրանցված էլ չէ: Ի՞նչ հասկանանք, ոստիկանները կաշա՞ռք են վերցրել մեքենան բաց թողնելու համար": Հարցի պատասխանը ոստիկանության համար, ինչպես երեւում է արձագանքից, շատ պարզ է եղել:



"Սարիգյուղն ընդգրկված չի եղել կարանտինի ենթակա բնակավայրերի շարքում",-գրված է police.am-ում: Սպառիչ պատասխան տալու նպատակով պարզաբանման մեջ մեջբերում է արվում "Խոզերի աֆրիկյան ժանտախտի նկատմամբ կարանտինային սահմանափակումների վերաբերյալ" ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության տրամադրած տեղեկատվությունից, ըստ որի` Տավուշի մարզում խոզերի աֆրիկյան ժանտախտի օջախների վերացման, վարակի հետագա բռնկումները եւ տարածումը կանխելու նպատակով արգելվում է. ա) Տավուշի մարզի Լճկաձոր, Արճիս, Բագրատաշեն, Կողբ, Բերդավան, Նոյեմբերյան, Թեղուտ, Հաղարծին, Գոշ, Դիլիջան եւ Իջեւան համայնքներում բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների, կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի տեղափոխումը եւ տարածքից դուրսհանումը, բ) խոզերի աֆրիկյան ժանտախտի նկատմամբ սպառնալիքի գոտում գտնվող Դեբեդավան, Դեղձավան, Պտղավան, Այրում, Դովեղ, Զորավան, Հովք, Աղավնավանք եւ Խաչարձան համայնքներից կենդանի խոզերի, խոզի մսի, սպանդային հումքի, խոզի մսամթերքի ձեռքբերումը եւ արտահանումը, գ) մարզի տարածքից կենդանի խոզերի եւ կերերի տեղափոխումը":



Սա ոստիկանության համար հիմք է հանդիսացել հայտարարելու, որ քանի որ Սարիգյուղի անունը նշված համայնքների ցանկում չկա, ապա այդ համայնքից ոչխարները Երեւան տեղափոխել կարելի էր: Նախ, Սարիգյուղ-Դիլիջան-Երեւան երթուղին  անցնում է վերոնշյալ ցանկում առկա համայնքներից Իջեւանի, Թեղուտի, Հաղարծինի եւ Դիլիջանի միջով կամ կողքով: Սա՝ իմիջիայլոց: Հիմա՝ ամենակարեւորը: Police.am-ը գրում է, որ "Սարիգյուղից, այո, կարող էին տեղափոխել երկու բեռնատար մանր եղջերավոր անասուն, համապատասխան փաստաթղթերի եւ նախապայմանների դեպքում", այնուհետեւ պարզաբանման հեղինակը փակագծերում նշել է, թե մեր հոդվածում այդ "համապատասխան փաստաթղթերի եւ նախապայմանների" առկայության մասին գրված է:



Չեմ ուզում եզրակացնել, թե ոստիկանությունը դիտավորյալ է սա անում, բայց հրապարակման մեջ չկա ոչ մի տող վերոնշված "համապատասխան փաստաթղթերի եւ նախապայմանների" մասին: Ոչ անասնատերերի մոտ, ոչ էլ հանցագործի ոչխարներին վերաբերող փաստաթուղթ չի եղել: Հակառակը, հոդվածում գրել ենք. "...Ինչպես Գարիկն է պատմում, այդտեղ հասնելով՝ թե իրենք, թե Հարութը մեքենայից չեն իջել, որովհետեւ քաղցրաշենցին (նույն ինքը` Հարութը, Գ. Ա.) նախօրոք բեռնատարի վարորդներին գումար էր տվել` սպասարկման եւ ոստիկանների գրպանը դնելու համար": Ամեն ոք կարող է ընթերցել հոդվածն ու համոզվել, որ այնտեղ ոչխարների տեղափոխման օրինականության մասին բառ չկա: Ողջունելի է ոստիկանության` մեր հրապարակմանն արձագանքելու որոշումը: Բայց անհասկանալի է, թե ինչու չեն տրվել նաեւ հասարակությանը հետաքրքրող հարցերի պատասխանները:



Եթե այդքան հարմար էր մեկ պարզաբանման մեջ տեղավորել նաեւ բջջային ծառայություններին ու գյուղնախարարության որոշումներին վերաբերող հարցերը, ապա ինչո՞ւ քաղաքացիներին չտեղեկացվեր՝ հայտնաբերվե՞ց արդյոք հետախուզվողը, թե՞ ոչ: Կամ՝ տուժողների կողմից մեզ ներկայացրած փաստերի կապակցությամբ ի՞նչ է արվել: Հիմա եւս մեկ անգամ հաստատում ենք, որ ոչխարներն անցկացնելու համար ոչ մի փաստաթուղթ չի ձեւակերպվել, ավելին՝ տուժողների բերանով տեղեկացնում ենք, որ կարանտինային կետն անցել են այնպես, ինչպես գրել ենք վերեւում: Ոստիկանության պարզաբանման մեջ հերթապահող ոստիկանների կասկածելի վարքի, կաշառքով բեռնատարներին բաց թողնելու եւ օրինապահների կողմից կատարված այլ կասկածելի գործողությունների մասին ոչինչ չնշելը հաստատ օրինապահ համակարգի շահերից չի բխում: