Արցախցիները` պատերազմի վերսկսման հավանականության մասին

Արցախցիները` պատերազմի վերսկսման հավանականության մասին
Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու մասին խոսում են ամենուր՝ թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում, եւ թե Հայաստանում։ Արցախում առայժմ այդ մասին բարձրաձայն չեն խոսում։ Այսինքն՝ այդ թեման դուրս է տեղի լրատվամիջոցների քննարկումից։ Բայց մարդիկ այդ մասին երբեմն խոսում են, քննարկում, ծանրութեթեւ անում դրա հավանական-անհավանական լինելը։ "Հնարավո՞ր եք համարում պատերազմի վերսկսումը։ Պատերազմի դեպքում ինչպիսի՞ն է լինելու, այսպես կոչված, միջազգային հանրության, հատկապես Ռուսաստանի պահվածքը, եւ պատերազմի ինչպիսի՞ ավարտ եք կանխատեսում"։ Այս հարցերն ենք ուղղել Արցախի տասնյակ հասարակական-քաղաքական գործիչներին, ԼՂՀ պաշտպանական բանակի սպայակազմի ներկայացուցիչներին ու ճանաչված մտավորականներին։



Գագիկ Պետրոսյան (ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ) - Պատերազմի վերսկսման հարցը միշտ օրակարգում է։ Դժվար է ճշգրիտ գուշակել, թե այն երբ կսկսվի, բայց մենք միշտ պատրաստ պիտի լինենք դրան։ Հատկապես երբ Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս ամենեւին չի թաքցնում այդ ձեւով "խնդրի լուծումը"։ Ռուսաստանի պարագայում դժվար է ասել, թե պատերազմի դեպքում ինչպիսի պահվածք կունենա, իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, բազմաթիվ երկրներ կսկսեն ճանաչել մեր անկախությունը։ Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի դեմ, նկատի ունենալով, որ այսօր օրակարգում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ նոր պայմանագրի ստորագրումը, հնարավոր է Ռուսաստանը ռազմական աջակցություն ցույց տա Հայաստանին։ Ինչ վերաբերում է պատերազմի վերջաբանը գուշակելուն, նկատի ունենալով, որ նախորդ պատերազմում Ադրբեջանը շատ ավելի զորեղ էր մեզնից, բայց ջախջախիչ պարտություն կրեց, միաժամանակ հաշվի առնելով մեր ռազմական ու պաշտպանական պոտենցիալը, հակառակորդը մեծ կորուստներ է կրելու, այդ թվում՝ հնարավոր է կրկին տարածքներ կորցնի։



Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմկուսի ղեկավար) - Պատերազմի վերսկսման վտանգը մեծ է, ըստ իս, դրա հավանականությունը մոտավորապես 80 տոկոս է։ Պատերազմի դեպքում միջազգային հանրությունը որդեգրելու է դիտորդի կարգավիճակ, իսկ Ռուսաստանի օգնությունը բավականին ուշացումով է լինելու՝ երբ ամեն ինչ վերջացած լինի։ Ընդհանրապես, գտնում եմ, որ Ռուսաստանի վրա չպիտի հույս դնել։ Նա մեզ օգնում է միայն այն դեպքում, երբ իրեն պետք է լինում։ Եթե Ադրբեջանը նախահարձակ լինի, շատ է տուժելու։ Կորուստները մեծ են լինելու եւ երկուստեք։ Պատերազմն ավարտվելու է նրանով, որ Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվելու է։ Դրա նախաձեռնողը լինելու է Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, նա աղմուկ է բարձրացնելու, բայց չի կարողանալու խանգարել Արցախի ճանաչման գործընթացին։ Նրա ձայնը լսելի չի լինելու, որովհետեւ Թուրքիան խնդիրներ ունի թե՛ Կիպրոսի հետ կապված եւ հատկապես թե՛ Եվրամիություն ընդունվելու հետ կապված։



Սենոր Հասրաթյան (ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ) - Պատերազմի վերսկսումը հնարավոր եմ համարում։ Միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի վերաբերմունքը եւ պահվածքը լինելու են ոչ միանշանակ։ Սակայն պատերազմը միանշանակ ավարտվելու է մեր հաղթանակով։



Մասիս Մայիլյան (ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար) - Հաշվի առնելով վերջին մեկեւկես տարում տարածաշրջանում կուտակված ռազմական պոտենցիալը, Եթե Ադրբեջանը ռազմական ավանտյուրա սկսի, կարելի է հստակ գուշակել, որ այն չի սահմանափակվելու Արցախի տարածքով։ Կարծում եմ՝ Ռուսաստանը չի միջամտելու պատերազմական գործողություններին, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաները չեն պաշտպանելու Ղարաբաղը։ Մենք հույսներս պիտի դնենք միայն մեր սեփական ուժերի, մեր բանակի եւ Հայաստանի օգնության վրա։ Բայց, նկատի ունենալով, որ ռուսական ռազմաբազաները պաշտպանում են Հայաստանի սահմանները, Հայաստանը հնարավորություն կունենա իր զինուժը կենտրոնացնելու արեւելյան ուղղություններում:



Կարեն Օհանջանյան ("Հելսինկյան նախաձեռնություն 92" կոմիտեի ղարաբաղյան գրասենյակի համակարգող, իրավապաշտպան) - Պատերազմի վերսկսման վտանգն իրոք շատ մեծ է։ Նկատի ունենալով հարավօսական, բալկանյան եւ մյուս պատերազմների փորձը, կարելի է գուշակել, որ միջազգային հանրությունը մեկ-մեկուկես ամիս քննարկելու է այն, բայց այդպես էլ կոնկրետ ոչ մի քայլ չի ձեռնարկելու։ Ռուսաստանը չի միջամտելու, բավարարվելու է պատերազմող կողմերին ուղղված՝ պատերազմը դադարեցնելու կոչերով։ Նոր պատերազմը ոչինչ չի փոխելու. ստատուս-քվոն պահպանվելու է, բայց երկուստեք մեծ կորուստներ են լինելու։ Մեզ մոտ մեծանալու է հիասթափությունը:



Աշոտ Սարգսյան (ԼՂՀ կառավարությանն առընթեր կրոնի եւ ազգային փոքրամասնությունների հարցերի բաժնի վարիչ) - Ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանն իրոք պատրաստվում է պատերազմի, բայց երբ պատերազմը սկսվի, հայության մեծամասնությունն անակնկալի կգա: Ուստի, պատերազմ սկսելը կամ չսկսելը, եթե կարելի է այսպես ասել, Ադրբեջանի ժողովրդի իրավունքն է, իսկ հաղթելը՝ հայության պարտականությունը: Ուսումնասիրելով պատերազմների ծագման դրդապատճառները, դժվար չէ համոզվել, որ դրանք հիմնականում գործարքների արդյունք են։ Պատերազմում շահում են գործարքի մեջ մտած կողմերը, պարտվում պատերազմող կողմերը, անկախ այն բանից, թե ռազմի դաշտում ով է հաղթում։ Սա զուտ իմ անձնական տեսակետն է: Այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, կարծում եմ, հասկանալի պետք է լինի միջազգային հանրության (իմա՝ գերտերությունների եւ միջազգային որոշ կազմակերպությունների ու մասնավորապես Ռուսաստանի) դիրքորոշումը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ պատերազմ սկսելու պարագայում: Պատերազմի դեպքում, համոզված եմ, հայությունը տոնելու է իր երկրորդ հաղթանակը ազերիների դեմ եւ ազատագրելու է նաեւ պատմական Ուտիքը:



Սիրվարդ Մարգարյան (ՊԲ սպա, զինվորական լրագրող) - Կարծում եմ՝ պատերազմի վերսկսման հավանականությունը շատ քիչ է։ Չնայած հակառակորդից, հատկապես հիվանդ երեւակայություն ու հոգեկանի հետ կապված խնդիրներով ղեկավար ունեցող հակառակորդից ամեն ինչ սպասելի է։ Միջազգային հանրության հետ հույսեր չեմ կապում։ Հիշենք բոլորիս հիշողության մեջ դեռեւս թարմ 1990-94 թվականները. նրանք մեզ "նկատեցին" միայն այն ժամանակ, երբ թշնամուց մաքրել էինք մեր երկիրն ու ազատագրել մեր հողերի մի մասը։ Ռուսաստանը մեծ խնդիրներ ունի իր երկրի ներսում եւ եթե այստեղ սեփական շահ չունենա, չի միջամտելու պատերազմին։ Հանդիպելով, զրուցելով պատերազմի բազմաթիվ վետերանների ու ՊԲ զինվորների հետ, համոզված եմ, որ սա երեւի թե մեր վերջին ճակատամարտն է լինելու, եւ մենք հաղթելու ենք։



Գագիկ Բաղունց (Արցախի մտավորականների միության նախագահ) - Պատերազմի վերսկսումը քիչ հավանական եմ համարում։ Եթե նոր պատերազմ սանձազերծվի, կարծում եմ, այն շատ կարճատեւ է լինելու։ Միջազգային հանրության վերաբերմունքը կախված է լինելու բազմաթիվ գործոններից, այդ թվում՝ պատերազմի ընթացքից... Քանի որ Ադրբեջանը հիմնական ռազմավարական դաշնակից է ընտրել Թուրքիային, Ռուսաստանը Հայաստանի միջոցով մեզ օգնելու է։ Ըստ իս, պատերազմն ավարտվելու է նրանով, որ գերտերությունները կանգնելու են միջանկյալ լուծման, այսպես ասած, մետաստաբիլ մի կարգավիճակի վրա...



Ալեքսանդր Համբարձումյան (ճարտարապետ) - Պատերազմի վերսկսումը հավանական է։ Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու, խաղաղության կոչեր են անելու, իսկ Ռուսաստանը նաեւ զենք է վաճառելու պատերազմող կողմերին։ Այդ պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ, հնարավոր է նաեւ նոր տարածքներ գրավենք։ Բայց մեծ զոհեր ենք ունենալու։



Արթուր Գրիգորյան (ԼՂՀ ՊԲ սպա) - Այս պահին պատերազմի վերսկսման վտանգ չեմ տեսնում։ Աշխարհին, գերտերություններին այսօր ձեռնտու չէ կովկասյան տարածաշրջանում պատերազմի վերսկսումը։ Իսկ պատերազմ սկսվելու դեպքում, որքան էլ հակառակորդը հոխորտա իր հզորության ու ռազմական ոլորտին ուղղված միլիոնների մասին, մենք հաղթելու ենք։



Վարդգես ՕՎՅԱՆ