Դպրոցականների խնդիրը անվտանգության խորհրդում

Դպրոցականների խնդիրը անվտանգության խորհրդում
Արցախի ղեկավար Բակո Սահակյանը օգոստոսի 19-ին Անվտանգության խորհրդի նիստ է գումարել։ Օրակարգում հաստատ ղարաբաղյան խնդիրը չի եղել, եւ ոչ էլ երկրի պաշտպանության հետ անմիջական կապ ունեցող որեւէ խնդիր։ ԼՂՀ անվտանգության խորհրդում նման մանր-մունր հարցեր չեն քննարկվում։ Նիստում քննարկվել են գյուղատնտեսության եւ կրթության ոլորտներին վերաբերող հարցեր: Կառավարությանը նա հանձնարարել է աշնանացանն "իրականացնել ժամանակին ու պատշաճ որակով, լուրջ ուշադրություն դարձնել վարկային եւ այլ միջոցների հատկացմանը եւ պարբերաբար զեկուցել կատարվող աշխատանքների ընթացքի մասին":



Հիշեցնենք, որ չնայած եվրոպական համեստ քաղաքի մի փոքրիկ թաղամասի բնակչություն ունեցող Ղարաբաղն ունի գյուղնախարարություն, որտեղ բազկաթոռների մեջ ընկղմված, կլորիկ գումարներ են ստանում բազմաթիվ "մասնագետներ", ագրարային այս երկրի գյուղատնտեսությունը գտնվում է գետնաքարշ վիճակում։ Օգոստոսի 16-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 43.930 հա ցանքատարածություն, իսկ փաստացի հավաքված բերքը կազմել է 542107.5 ցենտներ (հեկտարից միջին բերքատվությունը կազմում է 12.3 ցենտներ): Այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 47.714 հա եւ 719.945 ցենտներ (միջին բերքատվությունը կազմել 15.1 ցենտներ):



Բակո Սահակյանին լրջորեն մտահոգել է նաեւ 1-4-րդ դասարանների աշակերտների դպրոցական համազգեստի հարցը։ Եվ նա, Անվտանգության խորհրդի օրակարգում քննարկելով ռազմավարական նշանակություն ունեցող այդ հույժ կարեւոր խնդիրը, կրթության եւ գիտության նախարարությանը հանձնարարել է դադարեցնել աշակերտներին դպրոցական համազգեստներ հատկացնելու գործընթացը՝ "հաշվի առնելով հարցը համակողմանիորեն լրացուցիչ ուսումնասիրելու անհրաժեշտությունը":



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ