ԵԽԽՎ-ն բավարարված չէ բանաձեւերի կատարումից

ԵԽԽՎ-ն բավարարված չէ բանաձեւերի կատարումից
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Մոնիտորինգի հանձնաժողովի ընդլայնված նիստերից մեկում նախատեսվում է Հայաստանի ընդդիմության մասնակցությունը, այդ թվում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության:  Այդ նիստում կքննարկվի  իշխանությունների կողմից ԵԽԽՎ բանաձեւերի եւ մասնավորապես 1677 բանաձեւի պահանջների կատարման հարցը: Հիշեցնենք, որ բանաձեւը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարական կառույցների գործունեությանը եւ ընդունվել է 2009-ի հունիսին: Մեր իշխանություններից պահանջում էին որոշակի քայլեր կատարել՝ կապված մարդու իրավունքների, ԶԼՄ-ների ազատության ու դատաիրավական համակարգի բարեփոխումների հետ: Մոնիտորինգի հանձնաժողովի առաջիկա նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, հարցն ընդգրկված չէ:



Այն հավանաբար կքննարկվի հանձնաժողովի հոկտեմբերի 4-ին մեկնարկող նիստում: ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանի կարծիքով՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ԵԽԽՎ-ն որեւէ նոր բան չի ասի, որովհետեւ կառույցն իր խոսքն արդեն իսկ արտահայտել է բանաձեւերի տեսքով՝ սկսած 1609 բանաձեւից, որով պահանջում էին անհապաղ իրականացնել մարտի 1-ի դեպքերի անկախ ու թափանցիկ քննություն: Վեհաժողովը որոշակի պահանջներ էր ներկայացրել Հայաստանին՝ անգամ որոշել 2009թ. հունվարյան նստաշրջանում քննարկել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությունը, եթե մինչ այդ չիրականացվեն նշված պահանջները:



"Այն պահանջները Հայաստանի հանդեպ՝ կապված թե մարդու իրավունքների, թե հանրահավաքների ազատության, թե քաղբանտարկյալների կամ քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդկանց ու մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման հետ, ուժի մեջ են մնում: Այսինքն՝ այս հարցերի պատասխաններն արդեն 2 տարի է՝ ՀՀ իշխանությունները չեն տալիս, իսկ Եվրախորհուրդը դա պահանջում է",-մեզ հետ զրույցում ասաց նա: Իգիթյանի կարծիքով՝ այնպես չէ, թե այդ հարցերն անուշադրության են մատնվել եվրոպական կառույցների կողմից  կամ մղվել երկրորդ պլան, ուղղակի դրանց հրատապությունն անցել է, բայց բանաձեւերն ուժի մեջ են, եւ Հայաստանը որքան ուշացնի այդ պատասխանները, այնքան երկրի վարկն ընկնելու է:



Նրա կարծիքով, չի բացառվում նաեւ, որ ԵԽԽՎ-ն կոշտ դիրքորոշում արտահայտի, որովհետեւ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն իր ջանքերը միայն երկու ուղղությամբ է գործադրում: "Առաջինը՝ էլի շարունակում է կեղծել եւ խաբել, որ Հայաստանում ամեն ինչ լավ է, երկրորդ՝ պայքարում է Հայաստանի գործերով նորանշանակ զեկուցողի դեմ: Նրան ներկայացնում են որպես պրոթուրքական, հակահայկական մի գործիչ, ինչը ես անպտուղ եմ համարում: Պատվիրակությունը Հայաստանի իշխանության քաղաքականության իրականացնողն է այնտեղ, բայց, բոլոր դեպքերում, պատգամավորները կարող էին իրենց թույլ տալ մի քիչ ավելի ազատ լինել, քան թե գործադիրը, եւ չլինեին այնտեղ գործադիրի խամաճիկը:



Իմ կարծիքով՝  Հայաստանի պատվիրակությունն առաջին հերթին պետք է զբաղվի այդ բանաձեւերում նշված կետերի պատասխաններով եւ շտկմամբ": ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության եւ ԱԺ "Ժառանգություն" խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը նույնպես չբացառեց Վեհաժողովի կողմից նոր փաստաթղթի ընդունման հնարավորությունը: "Առայսօր ԵԽԽՎ-ն  բավարարված չէ բանաձեւերի կատարումով: Այդ մասին է վկայում Վեհաժողովի ամառային նստաշրջանի վերջին հայտարարությունը, որտեղ ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը  շարունակում է չկատարել 1609 բանաձեւի պահանջները, որից արդեն նաեւ ածանցյալ էին մյուս բանաձեւերը՝ նաեւ 2009թ. վերջին բանաձեւը",-ասաց Փոստանջյանը:



Իսկ ահա ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հակառակ կարծիքի է: "Ես հասկանում եմ, որ շատ քաղաքական ուժեր շատ են երազում, որ Հայաստանը սովորական մոնիտորինգի ընթացակարգի տակից կրկին անցնի հատուկ ռեժիմի մոնիտորինգի ընթացակարգի տակ, բայց գրեթե վստահ եմ, որ այդ ցանկություններն իրականություն չեն դառնա: Իհարկե ասել, որ 1677 բանաձեւի կամ նախորդող բոլոր բանաձեւերի Հայաստանին առաջադրված պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են՝  անկեղծ չի լինի, բայց ասել, որ ընդհանրապես ոչինչ չի  արվում՝ դեմագոգիա եւ պոպուլիզմ  է",-ասաց Նաիրա Զոհրաբյանը:



Ինչ վերաբերում է աշնանային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգին, ապա նախնական օրակարգն արդեն հայտնի է, եւ այնտեղ Հայաստանին առնչվող խնդիր չկա: Վերջնական օրակարգը կհաստատվի ԵԽԽՎ Բյուրոյի նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին:  ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբերյալ նույնպես հավանաբար քննարկում չի ծավալվի՝ պայմանավորված Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների եւ ադրբեջանական պատվիրակության անդամների՝ Վեհաժողովին ոչ լիարժեք կազմով մասնակցության հետ: