Կոչումներ եւ մեդալներ անկախության առիթով

Կոչումներ եւ մեդալներ անկախության առիթով
Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության 19-ամյակի կապակցությամբ կոչումներ ու մեդալներ է շնորհել տարբեր ոլորտներում աչքի ընկած անձանց: Նախ, բնականաբար, մի մեծ խումբ ԱԱԾ եւ ՊՊԾ աշխատակիցների. մեր երկրի ղեկավարները սրանց հանդեպ հատուկ երախտագիտություն են զգում եւ ոչ մի տոն առանց նրանց պարգեւատրելու ու խրախուսելու չի անցնում: Ապա Պատվո շքանշան է շնորհվել ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի նախագահ Զատուլինին եւ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան՝ ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ Արա Բադալյանին: Ժողովրդական արտիստի կոչում են ստացել սիրված դերասաններ Ազատ Գասպարյանը եւ Կարեն Ջանիբեկյանը:



Եվ վերջապես մեծ խումբ մանկավարժների «Մովսես Խորենացի» մեդալ եւ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհվել: Այդ ցանկում մեր ուշադրությունը գրավեցին երկու անձ՝ Հրանուշ Հակոբյանի հայրը՝ Գավառի համալսարանի խորհրդի նախագահ Հրանտ Հակոբյանը, եւ Չարենցի անվան դպրոցի տնօրեն Ադելաիդա Ղազարյանը: Եթե առաջինի դեպքում դեռ կարելի է հասկանալ, որ հոր վաստակին գումարվել են դստեր ծառայությունները, երկրորդի դեպքն ընդհանրապես անհասկանալի է. Չարենցի անվան դպրոցը եւ նրա տնօրենն առավելապես հայտնի են նրանով, որ այս դպրոցում առկա են այն բոլոր խոտոր երեւույթները, որոնց մասին տարիներ շարունակ խոսվում է մեզանում: Եվ նշված տնօրենը այդ բոլոր երեւույթների խտացված սիմվոլն է: Այնպես որ, վաստակավորի կոչումը վարկաբեկելու լավագույն եղանակն է ընտրված: