Ադրբեջանահայերի կարգավիճակն առ այսօր անորոշ է

Ադրբեջանահայերի կարգավիճակն առ այսօր անորոշ է
Երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցչի կազմկոմիտեն հանդես եկավ ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասցեագրված ուղերձով, որտեղ մատնանշում էր ավելի քան 20 տարի առաջ Ադրբեջանի իրականացրած էթնիկական զտման արդյունքում ի հայտ եկած ադրբեջանահայերի անորոշ կարգավիճակը առ այսօր: Ու թեպետ Հայաստանում ու ամբողջ աշխարհում սփռված ավելի քան 420.000 ադրբեջանահայերը ստացել են «փախստական»  ընդհանրական անվանումը, բայց նրանց իրավունքները դուրս են միջազգային կառույցների տեսադաշտից:



Ադրբեջանահայերի կազմկոմիտեի անդամ Մարիամ Ավագյանի խոսքերով, 1992թ.-ից առ այսօր ադրբեջանահայ փախստականները` որպես առանձին միավոր, ընդհանրապես մոռացվել են միջազգային կառույցների կողմից, և դա այն դեպքում, երբ ադրբեջանցի փախստականները միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են. «Մենք այստեղ որոշակի միտում ենք տեսնում, որոշ միջազգային ուժեր, գուցե նաև ճնշում գործադրելով մեր պետության վրա, միտումնավոր տանում են նրան, որ Ադրբեջանից փախած հայերի խնդիրները որևէ տեղ չարծարծվեն, չքննարկվեն»:



Նա զուգահեռներ տարավ 1915թ. ցեղասպանության և 1988-92թթ. Ադրբեջանում իրականացված ջարդերի միջև, արձանագրելով, որ երկու դեպքում էլ միջազգային հանրությունն անտարբեր էր: Ադրբեջանահայերի համագումարի կոնսուլտատիվ խորհրդի ներկայացուցիչ Հրանուշ Խառատյանն էլ նշեց, որ տվյալ դեպքում խոսքը գնում է միջազգային իրավունքի խախտումների մասին հենց այն միջազգային կառույցների կողմից, ովքեր կոչված են պաշտպանելու փախստականների իրավունքները:



Ադրբեջանահայերի կազմկոմիտեն հանդես եկավ ուղերձով, որտեղ պահանջում է իրականացնել միջազգային հետաքննություն՝ պարզելու համար, թե ինչու են խախտվել ադրբեջանի քաղաքացիների՝ ադրբեջանահայերի մարդու իրավունքների դաշտում գործող մի շարք պահանջները: