Ադրբեջանը գոհ է Աստրախանում ստորագրված հռչակագրից

Ադրբեջանը գոհ է Աստրախանում ստորագրված հռչակագրից
«Որպես հանդիպման դրական արդյունք Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրեցին հռչակագիր, որը պարզաբանում մտցրեց ռազմագերիների եւ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»: Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով վարչության պետ Ալի Հասանովը: Նրա խոսքով՝ այս խնդիրը տեւական ժամանակ անհանգստացնում էր ադրբեջանցիներին, հատկապես ազգային հերոս ճանաչված Մուբարիզ Իբրահիմովի մարմնի վերադարձի հարցը:



Հիշեցնենք, որ հայտնի դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի ենթասպա Մուբարիզ Իբրահիմովը 4 հայ զինվոր էր սպանել, որի համար էլ նրան հետմահու Ադրբեջանի ազգային հերոսի կոչում էին շնորհել: Ալի Հասանովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար պետք է գործածվի ցանկացած ձեւաչափ, պետք է քննարկվի ցանկացած առաջարկություն: