Լավ օրինակ

Լավ օրինակ
Ժողովուրդը ազգ, իսկ երկիրը պետություն դառնում է միայն այն ժամանակ, երբ մարդը դառնում է քաղաքացի: Իսկ քաղաքացի ասելով, ես նախեւառաջ հասկանում եմ մարդ, որը թույլ չի տալիս իրեն շահագործել եւ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները: Երեկ ես շատ ուրախացա, երբ լսեցի, որ մեր սիրելի «Յոժը»՝ դերասան Սերգեյ Դանիելյանը, դատի է տվել «Հարավկովկասյան երկաթուղուն»: Նա պահանջում է, որ երկաթուղին ներողություն խնդրի իրեն պատճառած վնասների համար եւ փոխհատուցի դրանք: Մեծ գումարի մասին չէ խոսքը՝ 40-45 հազար դրամի, բայց խնդիրը գումարի չափը չէ, այլ փաստը: Այս ամառ Քոբուլեթի մեկնողներից շատերն են հայտնվել այդ անհեթեթ վիճակում, երբ նստելով գնացք՝ համոզվել են, որ իրենց տեղի վրա այլ անձինք էլ տոմսեր ունեն: Բայց այդ անձանց մեծ մասը չի վիրավորվել ու չի վրդովվել այնպես, որ դիմի դատարան եւ պատիվ պահանջի: Սերգեյ Դանիելյանը որոշել է դիմել: Դրա համար չի զլացել մի շարք քայլեր անել՝ դիմել Սպառողների միությանը, փաստաբան վերցնել, հայցադիմում պատրաստել եւ անգամ ասուլիս տալ: Կեցցե Յոժը: Ուր էր թե մենք բոլորս այդպես վիրավորվել կարողանայինք եւ մեր իրավունքները պաշտպանելիս չծուլանայինք: Որպես կանոն, մենք ձեռքներս թափ ենք տալիս ու թույլ տալիս, որ ինչ-որ թալանչիներ, կոռումպացված ու անբարեխիղճ անձինք ամեն օր ոտնահարեն մեր իրավունքները. մեզ անորակ ապրանք ծախեն, վատ սպասարկեն, գռփեն, օգտվեն մեր զբաղվածությունից ու անգրագիտությունից, մեր վախից ու անզորությունից: Այդ ամենի դեմ պայքարելու կամք մեզնից հատուկենտներն ունեն: Իսկ երբ դանակը ոսկորին է հասնում, մենք պարզապես հավաքում ենք ճամպրուկներն ու հեռանում երկրից: Այն թողնելով սրիկաներին ու թափթփուկներին: