Ասե՞լ, թե՞ բարձր ասել. սա է խնդիրը

Ասե՞լ, թե՞ բարձր ասել. սա է խնդիրը
Եթե Դմիտրի Անատոլեւիչն էլ Սերժ Սարգսյանին իր ցավակցությունները հայտներ Հայաստանի միակ շաքարի գործարանի փակման կապակցությամբ, ես կմտածեի, որ այս երկու առաջնորդներն ապրում են միմյանց ուրախություններով ու տխրություններով: Հավատացեք, շատ միայնակ է մնացել Սերժ Սարգսյանի շնորհավորանքն իր ռուս գործընկերոջը` ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը հյուրընկալելու կապակցությամբ: Չեմ կարողանում հասկանալ մեր նախագահի ոգեւորության պատճառը:



Որոշ լրատվամիջոցներ հասցրել են եզրակացնել, որ 2018թ. առաջնությունը Ռուսաստանում անցկացնելը նշանակում է դրան ընդառաջ մեծ մասշտաբների շինարարություն, իսկ դա նշանակում է հայ խոպանչիների աչքը լույս, իսկ դա նշանակում է տարադրամի մուտք Հայաստան, իսկ դա նշանակում է օլիգարխների ապրանքների լավ վաճառք սուպերմարկետներից` օլիգարխներին «դզող» գներով: Տրամաբանություն, իհարկե, կա այս ոչ այնքան խորամանկ հաշվարկներում: Բայց տրամաբանության նշույլ չկա ՀՀ իշխանությունների պահվածքում:



Կարելի էր Մեդվեդեւին շնորհավորել: Դեմ չենք: Թե հեռախոսով, թե հեռագրով, թե անձնական հանդիպման ժամանակ: Բայց ինչո՞ւ այդ շնորհավորանքը դարձնել այսքան ցցուն մի բան: Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀ նախագահը հայտնվել է մի դերասանի վիճակում, ով իր կարծիքով հանճարեղ բան է արել, բայց որպես պատասխան ստացել է դահլիճի տարակուսած լռությունը: Գուցե չափազանցնում եմ, չգիտեմ, բայց նախագահի աշխատակազմի համապատասխան ծառայությունը երեւի լուրջ ուշադրություն պետք է դարձնի նման խնդիրների վրա: Ինչը կարելի է բարձրաձայնել եւ ինչը ոչ:



Կարծում եմ` ես չէ, որ պետք է նրանց նոր բաներ սովորեցնեմ, բայց այն, ինչ տեղի է ունենում ՀՀ նախագահի շուրջ, միշտ չէ, որ պետք է արտացոլվի հեռուստաէկրանին եւ բարձրաձայնվի որպես կարեւորագույն իրադարձություն:



ՀՀ գործող նախագահը, կարծում ենք, 2008-ից այս կողմ օտար պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ու փոխշփումների բավականին մեծ պաշար ունի եւ այդ տեսանկյունից գոնե չի զիջում իր նախորդներին: Հետեւաբար՝ համապատասխան կառույցներն այս հարցում խնդիր չունեն նախագահի իմիջն ավելի ընդգծուն դարձնելու: Ադրբեջանական լրատվամիջոցները սիրում են Ալիեւի հանդիպումների եւ շփումների ֆոնի վրա Հայաստանը ներկայացնել որպես անկարեւոր երկիր, որի հետ աշխարհի մեծերը շփվելու հավես էլ չունեն: Դա նրանց գործն է, ներքին խնդիրը՝ եթե կուզեք: Մինչդեռ հարցը, թե Ադրբեջանից ու Հայաստանից որն է ավելի կարեւոր երկիր մեծերի համար, որոշում եւ շարունակելու է որոշել միջազգային հանրությունը, որ արդեն 20 տարի է՝ լծված է ԼՂՀ հարցի կարգավորման գործին եւ որից այդ «շատ կարեւոր» երկիր Ադրբեջանն ու նրա յաման նախագահն իրենց համար մի քարաբեկոր էլ չեն կարողանում պոկել: Աչքով չտանք, թող այդպես շարունակեն: Մեր թեման մի փոքր այլ է:



Երեւանի ավագանու ընտրությունների նախօրյակին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ոչ միայն նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, այլեւ հատուկ զանգահարել էր նրան եւ հույս հայտնել, որ այդ ընտրությունները կանցնեն ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Օրեր շարունակ հայկական հեռուստաեթերն ու իշխանական բոլոր լրատվամիջոցները թնդում էին այդ նորությունից: Հավանաբար Ադրբեջանին ցանկանում էինք հասկացնել, թե տես` ԱՄՆ-ի պես պետության արտաքին գործերի գերատեսչությունը կարեւորում է Երեւան քաղաքի ավագանու ընտրությունը, զանգահարում ու նամակ է գրում ՀՀ նախագահին, շփվում է նրա հետ:



Հիմա հարցնում եմ ձեզ` ճի՞շտ էր արդյոք բարձրաձայնել այդ հեռախոսազանգի եւ նամակի մասին: Իմ կարծիքով` ոչ: Պատկերացրեք, որ Էդվարդ Նալբանդյանը զանգեր Աբդուլլա Գյուլին եւ հույս հայտներ, որ Անկարայի քաղաքապետի ընտրությունները կանցնեն բաց, թափանցիկ եւ ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Այդ դեպքում ես ոչ Էդվարդ Նալբանդյանին եւ ոչ էլ առավել եւս Գյուլին չէի նախանձի, էլ ուր մնաց  Հանրային հեռուստատեսությամբ ու մնացած բոլոր միջոցներով հայտարարեի, թե արտգործնախարարներ են զանգել մեր նախագահին եւ անկապ հույսեր են հայտնել: Հայաստանն իհարկե Ամերիկա չէ, բայց նաեւ այսպիսի նուրբ պահերից պետք է մի քիչ էլ ամրանա մեր այն համոզումը, որ միջազգային հարաբերություններում ինքնիշխան երկրները իրավահավասար են բոլոր առումներով:



Մենք չլսեցինք, որ Դմիտրի Մեդվեդեւն աշխարհի բոլոր ծագերից շնորհավորանքներ ստացած լինի ֆուտբոլային այդ կարեւոր ստուգատեսն իր երկրում հյուրընկալելու պատեհության կապակցությամբ: Բայց չենք պնդում, թե նման շնորհավորանքներ չեն եղել: Ուղղակի այդ շնորհավորանքները չեն հնչել որպես կայծակ անամպ երկնքում, այսինքն այնպես, ինչպես հայաստանյան աչքալուսանքը:



Ասածներս մի բարդ բան չէ` պարզապես «Հայլուրին» «նաստրոյկա» անելուց առաջ պետք է ծանրութեթեւ անել լուրերը, որ աղջնակն էլ կարդա այն, ինչ պետք է աշխարհին ու մեր հանրությանը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ