Տոմաշ Պորեբան գտնվում էր Արցախում

Տոմաշ Պորեբան գտնվում էր Արցախում
Դեկտեմբերի 18-ից Արցախում էր գտնվում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, եվրոպական պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի ներկայացուցիչ, Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող Տոմաշ Պորեբան։ Նույն օրը նա Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ փախստականների միության նախագահ Սարասար Սարյանի եւ այդ կազմակերպության մի խումբ անդամների հետ։ Զեկուցողը նշել է, որ Լեռնային Ղարաբաղ իր այցը ճանաչողական է, եւ Հայաստանի վերաբերյալ իր կողմից պատրաստվող զեկույցում մտադիր է արծարծել նաեւ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների հիմնախնդիրները։



Հայ փախստականները Եվրախորհրդարանի անդամին պատմել են 1988-90 թթ. Ադրբեջանում պետականորեն կազմակերպված զանգվածային ջարդերի ու բռնատեղահանությունների մասին, ինչի արդյունքում շուրջ կես միլիոն ադրբեջանահայեր լքել են իրենց տները, ունեցվածքը, դրամական միջոցները՝ մի կերպ փրկելով  կյանքը, իսկ հարյուրավորները զոհ են գնացել գազազած ամբոխի վայրագություններին։ Նրանք հայտնեցին նաեւ, որ ԼՂՀ-ում ապաստանած ադրբեջանահայերն առայսօր չունեն միջազգային նորմերով սահմանված փախստականի կարգավիճակ եւ զրկված են մարդասիրական օգնությունից։ Դեկտեմբերի 18-ին Եվրոպական խորհրդարանի պատգամավորին եւ նրան ուղեկցող պաշտոնյաներին ընդունել է Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը։ Տոմաշ Պորեբան հայտնել է, որ իր նպատակն է անմիջականորեն տեղում ուսումնասիրել Ղարաբաղի իշխանությունների եւ հասարակության տեսակետները՝ հիմնախնդրի լուծման ընթացքի ու հեռանկարների վերաբերյալ։ Աշոտ Ղուլյանն ասել է, որ եվրոպական այդ հեղինակավոր կառույցը կարծես թե սկսել է առավել լուրջ հետաքրքրություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման նկատմամբ։ Ապա նշել է, որ Արցախի ժողովուրդն իր անկախ, ինքնիշխան պետությունը կառուցում է միջազգային նորմերին համապատասխան՝ ուղեցույց ունենալով պետականաշինության եվրոպական ստանդարտները, մինչդեռ, ցավոք, միջազգային հանրությունը համարժեք հետաքրքրություն չի ցուցաբերում ԼՂՀ հանրային-պետական կառավարման ասպարեզում արդեն ձեւավորված ու կայացած ժողովրդավարական արժեքների առկայության նկատմամբ։



Արցախի խորհրդարանի նախագահը զրույցի վերջում նշել է, որ բանակցային գործընթացում պարբերաբար նկատվող տեղապտույտները հիմնականում բացատրվում են նրանով, Լեռնային Ղարաբաղը, որպես հակամարտության հիմնական կողմերից մեկը, չի մասնակցում այդ բանակցություններին։



Հաջորդ օրը եվրոպացի պաշտոնյային ընդունել է Արցախի ղեկավարը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: ԼՂՀ նախագահի լրատվական ծառայության վկայությամբ, նրանք կարեւորել են Եվրոպայի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է որակապես նոր լիցք հաղորդել եվրոպական տարբեր կառույցների եւ Արցախի միջեւ կապերին: Նշել են, որ նման այցելությունները թույլ կտան ավելի հստակ պատկերացում կազմել Ղարաբաղում եւ ամբողջ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ