Շառից-փորձանքից հեռու, Աստված շատ չհամարի

Շառից-փորձանքից հեռու, Աստված շատ չհամարի
Մինչ հասարակական մեծ հնչեղություն ստացած «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը դեռ քննարկվում է ԱԺ արտահերթ նստաշրջանում, կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացնում է անցնող տարվա ամփոփ հաշվետվությունը: Երեկ ԿԳՆ-ում ոչ սովորական անցուդարձ էր, նախատոնական տրամադրվածություն, թերեւս պակասում էր միայն տոնածառը:



Նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց 2010-ի աշխատանքները եւ ոգեւորությամբ արձանագրեց, որ տարին նախարարության համար «դինամիկ փոփոխություններով զարգացման տարի էր»: Իբրեւ ոլորտի կարեւոր ձեռքբերումներ՝ Աշոտյանն առանձնացրեց երեքը՝ կրթության եւ գիտության ոլորտը ոչ միայն իշխանության, այլեւ հասարակական համակ ուշադրության կենտրոնում էր, հասարակություն-ԿԳՆ կապը շատ մեծ էր, բոլոր ոլորտները գիտելիքի արժեւորման սկզբնաղբյուր դարձան:



«2010-ին մեզ չհաջողվեց անել այն ամենը, ինչ ուզում ենք անել: Բոլորը, այդ թվում եւ ես, ուզում ենք ամեն ինչ շտկվի, լավանա հենց հիմա եւ միանգամից: Ցավոք, դա անհնար է: Իհարկե, ես ներքուստ դժգոհ եմ այն բարձր տեմպից, որ վերցրել ենք... Կարող էինք անել ավելին: Ես դժգոհ եմ  այս պահին նաեւ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարի մեր արդյունավետությունից: Դժգոհ եմ տեղերում շարունակաբար դրսեւորվող կամայականություններից, ապօրինություններից եւ օրենքների խախտումներից:



Ես շատ բանից եմ դժգոհ, բայց ուզում եմ, որպեսզի մեր ինքնաքննադատությունը ճիշտ ընկալվի, եւ սա ավելի շատ օրակարգ է 2011 թվականի»,- ոլորտի բացթողումների մասին, լրագրողներից առաջ ընկնելով, ինքն իրեն հարցնելով՝ պատասխանեց ԿԳ նախարարը: Մենք էլ` նախատոնական բարությամբ լցված, չենք խորանում, թե էդ ո՞վ կամ ի՞նչն է խանգարել ավելին անելու, որ չեն արել:



Հուսալով նաեւ, որ 2011-ի օրակարգի խնդիրներն էլ չեն տեղափոխվի հաջորդ տարի, եւ Ճագարի տարին, որն ի դեպ՝ Աշոտյանի տարին է (Ճագարի տարում է ծնվել), նախարարի համար պակաս «դժգոհությունների» տարի կդառնա: Իսկ Ամանորին Աշոտյանը պատրաստվում է դիմավորել ծնողների, քրոջ, կնոջ եւ երեխաների հետ: Միակ Նոր տարին, որ անցկացրել է առանց ընտանիքի, եղել է 1999-ին` Ֆրանսիայում սովորելու տարին, երբ ընկերներով Հայաստան վերադառնալու գումար չեն ունեցել, իսկ Ամանորը դիմավորել են ուսանողական հանրակացարանում:



Ձմեռ պապից էլ նախարարը, իր խոսքով, լավագույն նվերն արդեն ստացել է՝ երկու որդիները, որոնց համար Աշոտյանն այս տարի խոստացել է միջնորդել Ձմեռ պապին՝ «Apple» բերելու խնդրով: «Անկախ նրանից, որ բոլորս տրտնջում ենք Ամանորից առաջ, ակնկալելով՝ հեսա էսքան մարդ կգա, ինչ ենք անելու... բայց բոլորս երկդիմի ենք այդ հարցում, որովհետեւ իրականում այդ հոգսերը շատ հաճելի են, բարի են եւ երեւի թե թույլ կտան մեզ պատշաճ կերպով լիցքավորվել 2011 թվականին: 2011-ն այդ տեսանկյունից բացառություն չի լինելու իմ, ինչպես նաեւ հազարավոր այլ ընտանիքատեր մարդկանց համար՝ ամուր ընտանիք, առողջ երեխաներ, շառից-փորձանքից հեռու, եւ Աստված շատ չհամարի»,-բաժակաճառ հիշեցնող բարեմաղթանքով հանդես եկավ ԿԳ նախարարը:



Անդրադառնալով սպասվելիք պաշտոնանկության մասին մամուլում տեղ գտած խոսակցություններին՝ ԿԳ նախարարը նշեց, որ  նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության 20 ամյակի միջոցառման ժամանակ ուրվագծեց պետական պաշտոնյայի կերպարը: Իր խոսքով, եթե ինքը չի համապատասխանում տվյալ չափանիշներին, ապա պատրաստ է թողնել պաշտոնը:  «Համապատասխանո՞ւմ է այդ պաշտոնին Աշոտյանը, թե՞ ոչ» հարցին նա պատասխանեց, որ իր կողմից անհամեստություն կլիներ այդ մասին խոսելը, հավելելով, որ իր աշխատանքի մասին կփորձի ծանոթանալ լրագրողների հրապարակումների միջոցով:



Նախարարը համաձայնեց նաեւ, որ որոշ ուժեր ուզում են իրեն պաշտոնանկ անել, բացառելով, որ դրանք Հանրապետական կուսակցությունից են: «Ես այս 1,5 տարվա ընթացքում հասցրել եմ վաստակել շատ չկամներ, եւ շատ-շատ մարդկանց ու շրջանակների «շահերը» ոտնահարվել են, եւ ես մասամբ օրինաչափ եմ համարում այդ լուրերի համառ շրջանառությունը լրատվամիջոցներում, որովհետեւ նաեւ ընդունում եմ դա որպես կատարած աշխատանքների գնահատական»,- այսպես եզրափակեց նախարարը:



Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ