Պահանջում են արդար դատաքննություն

Պահանջում են արդար դատաքննություն
Փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին նախագահականի առաջ բողոքի ակցիա են կազմակերպելու ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008-ին տեղի ունեցած ավազակային հարձակման գործով մեղադրվող Արա Կարապետյանի ընտանիքն ու մտերիմները՝ պահանջելով արդար դատաքննություն:



Արա Կարապետյանի քրոջ՝ Ծովինար Կարապետյանի կարծիքով, ճիշտ տեղեկատվություն չի հասնում վերին ատյաններ. «Հատկապես նախագահին որոշ մարդիկ սխալ են կողմնորոշում, նախաքննությունը լի է տարբեր տեսակի կեղծիքներով, ուզում ենք խնդրել, որ արդար դատաքննություն ընթանա ու գոնե նյութերին, փաստերին ծանոթանան»:



Ինչպես նշեց Ծովինար Կարապետյանը՝ փորձելու են Արա Կարապետյանի նամակը փոխանցել ՀՀ նախագահին: Նամակում նա խնդրելու է նախագահին՝ հենվել բոլոր այն փաստերի վրա, որոնք գոյություն ունեն. «Մենք չենք ասում՝ մի դատեք, ընդամենը ուզում ենք, որ արդար դատաքննություն իրականացնեն:



Արդեն մի տարի տեւող դատական պրոցեսի ընթացքում 10-ը մեղադրյալից եւ ոչ մեկը որեւէ մեղադրական տառ չի ասել նրա հասցեին, իսկ նման իրավիճակում դատաքննություն անցկացնել եւ 15 տարվա ազատազրկում տալ նրան՝ ուղղակի աբսուրդ է»:



Կասկածի տակ դնելով իրականացվող դատավարությունը՝ նա նշեց, որ առնվազն նորմալ չէ, երբ 19 վկաների, 10 մեղադրյալների եւ գործընթացում 30-40 ներգրավվածների միջեւ որեւէ առերեսում չեն անում: Նշենք, որ այս գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 8-ին: