Դալլաքյանը մինուճա՞ր է

Դալլաքյանը մինուճա՞ր է
Երեկ մամուլում հրապարակումներ եղան, թե  ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի եղբայրը՝ Սամվել Դալլաքյանը, մտել է ՕԵԿ: Սա եղել է եղբոր պահանջով, հայտնի է, որ Վիկտոր Դալլաքյանը վաղուց ի վեր ենթարկվում է նախագահականից եկող հրահանգներին:



Հարցի առնչությամբ մեր թղթակիցը փորձել է մեկնաբանություն լսել Դալլաքյանից:  Վերջինս իբր կատակով ասել է. «Կարեկցելով իմ անձով կոմպլեքսավորված, լուրիկներ պատվիրող  սակավամիտներին՝ տեղեկացնեմ, որ քույր կամ եղբայր չունեմ:



Այսօրինակ հրապարակումներից հետո վերստին համոզվում եմ, որ հիմարությունն անբուժելի հիվանդություն է, որն արժանի է միմիայն խղճահարության»: ՕԵԿ մամուլի պատասխանատուի հետ խոսելուց հետո մենք սկսեցինք ենթադրել, որ գուցե Դալլաքյանին հայտնի չէ իր եղբոր գոյությունը, քանի որ «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը պաշտոնապես  հաստատեց  Վիկտոր Դալլաքյանի եղբոր` իրենց կուսակցությանն անդամագրվելու փաստը:



Թեեւ չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը պատրաստ է հրաժարվել հարազատներից: Երբ ձեռնտու է` հայտարարում է, որ եղբայր չունի, իսկ եղբորն էլ ասում է՝ կատակ եմ արել: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ՕԵԿ անդամ է դարձել նաեւ Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանը (Ծիվո):