ՀԵԿ-ականները բոյկոտում են Վահան Բաբայանին

ՀԵԿ-ականները բոյկոտում են Վահան Բաբայանին
Հունվարի 29-ին Հայաստանի երիտասարդական կուսակցությունն իր 10-րդ արտահերթ համագումարում  որոշում կայացրեց լուծարվել եւ միանալ ԲՀԿ-ին: Սակայն այս օրերին ՀԵԿ-ի 100-ից ավելի անդամներ բոյկոտում են ԲՀԿ-ին միանալու որոշումը: Ավելին՝ նրանք շուտով պատրաստվում են միաձայն լքել ՀԵԿ-ի շարքերը, քանի որ չեն ցանկանում ԲՀԿ-ի համար քանակ ապահովող դառնալ:



ՀԵԿ-ից դուրս գալու որոշման մասին հայտարարությունը տարածել էր «Արցախ» մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը: ՀԵԿ նախագահ Վահան Բաբայանը, ով հայտնի է կուսակցությունից կուսակցություն տեղափոխվող իր քոչվորական բնավորությամբ, երեկ, ի պատասխան Արմանի տարածած հայտարարության, ասաց, որ լուրջ չի վերաբերվում դրան, քանի որ Արման Սարգսյանը ներկա պահին կուսակցության անդամ չէ:



«Եթե մարդիկ կան, որ չեն ուզում միանալ ԲՀԿ-ին, դա իրանց խնդիրն ա: Ինչ կարիք կա շահարկելու կամ բարձրացնելու էդ հարցերը»,-ասաց Բաբայանը: Սակայն Արմանը պնդում է, որ ինքը դեռ ՀԵԿ-ի անդամ է: Ներկայացնում ենք նրա հետ մեր զրույցը:



- Արման, ի՞նչ խնդիրներ են առաջացել, ինչո՞ւ չեք ուզում միանալ ԲՀԿ-ին:



- Մենք չենք ուզում միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Առանց մեր կարծիքը հարցնելու՝ որոշում են կայացնում, եւ հարյուրից ավելի անդամներ համաձայն չեն այդ որոշման հետ եւ անպայման դուրս են գալու Հայաստանի երիտասարդական կուսակցության շարքերից: Մենք կարծում ենք, որ մեր գաղափարները ուրիշ են, նրանցը՝ ուրիշ: Մեզ մարդաքանակ պետք չի: Մենք ուզում ենք, որ գնահատեն մեզ մեր աշխատանքի համար:



- Համագումարի ժամանակ բոլորը կարծես միաձայն կողմ են քվեարկել ԲՀԿ-ին միանալու որոշմանը:



- Այո, կողմ են քվեարկել, բայց հիմա չեն ուզում միանալ «Բարգավաճ Հայաստանին»: Փոշմանել են: Տենց լինում ա, չէ՞, երբ մարդը խաբնվում ա եւ հետո ուզում ա իր սխալը ուղղի:



- Իսկ քո կարծիքով՝ ո՞րն է ԲՀԿ-ին միանալու բուն նպատակը:



- Դե, ՀԵԿ-ն արդեն լուծարման փուլում էր: Դրա համար էլ մի քանի կուսակցություններ փոխած երիտասարդականը որոշեց միանալ «Բարգավաճին»: Գագիկ Ծառուկյանը շատ լավ լիդեր ա, խելացի մարդ ա ու կարողացավ Հայաստանի երիտասարդական կուսակցությանը քաշել իրա կողմը: Ճիշտ ա՝ էդ իրա համար առանձնապես բան չէր, բայց մարդը կարողացավ անել: ԲՀԿ-ին մարդաքանակ էր պետք, եւ դա ապահովեց մի քանի փոքր կուսակցություններով: Ես չեմ ուզում գնամ մի մարդու հետ, որը մի քանի կուսակցություններ ա փոխել: Էդ մարդն ինձ դուր չի գալիս, որովհետեւ ես ուզում եմ, որ մեզ լուրջ վերաբերվեն, լուրջ տպավորություն թողնենք:



- Եթե այլ կուսակցության կողմից առաջարկ լինի, ասենք՝ ՀՀԿ-ից, կմիանա՞ք նրանց:



- Եթե այդ կուսակցությունը քեզ կգնահատի, կապ չունի՝ «Բարգավաճ» կլինի, Հանրապետական, թե «Օրինաց երկիր»: Եթե քեզ ու քո աշխատանքը գնահատում են, քեզ ավելի լավ ես զգում:



- Այսինքն կմիանա՞ք:



- Եթե նման առաջարկ լինի, կարելի ա մտածել: Կմտածենք:



- Իսկ մինչ այդ տարաձայնություններ եղե՞լ են ՀԵԿ-ի ներսում:



- Գիտեք ոնց, խնդիրներ եղել են: Մենք աշխատել ենք, բայց մեր աշխատանքը չի գնահատվել: Եվ եթե մարդու հետ աշխատում ես, ու նա չի գնահատում քո աշխատանքը, բնականաբար էլ չես ցանկանում աշխատել էդ մարդու հետ:



- Խոսքը Վահան Բաբայանի՞ մասին է:



- Հա: Խի՞, էդ մենակ Վահան Բաբայա՞նն ա որոշում կայացնողը, ինչի՞ մեր հետ չի խորհրդակցում:



- Նա ինչպե՞ս է վերաբերվում ձեր որոշմանը, փորձե՞լ է ձեզ համոզել, որ չլքեք ՀԵԿ-ը:



- Ինքը տեղյակ ա էս ամենին: Շատ էր փորձում ինձ հետ պահեր, բայց չստացվեց: Շատ ա համոզել:



- Ի՞նչ եք անելու կուսակցությունից դուրս գալուց հետո:



- Ես հարյուրից ավելի մարդ ունեմ: Նրանց առանձնացնելու եմ եւ ստեղծելու եմ  հասարակական կազմակերպություն եւ հաստատ չեմ միանալու «Բարգավաճ Հայաստանին»: Շուտով մամուլի ասուլիս կանեմ ու կխոսեմ էդ թեմայով: Լուրջ պրոյեկտ ա լինելու, լուրջ ստավկեք են լինելու հասարակական կազմակերպության վրա: