Հիմա էլ «News.am»-ին են դատի տվել

Հիմա էլ «News.am»-ին են դատի տվել
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական հայցն է քննվել լրատվամիջոցի դեմ: Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանության  կենտրոնը դատի է տվել լրատվամիջոցին՝ իբր իր բարի գործարար համբավն արատավորելու համար, պահանջելով 2 միլիոն դրամ:



Իսկ «News.am»-ը երկու ամիս առաջ  ընդամենը հրապարակել է ՀՀ քաղաքացի Հովհաննես Կաթրջյանի բողոքը, ով սրտաբանության կենտրոնին մեղադրել է իրեն խաբելու մեջ: Ըստ Կաթրջյանի՝ կենտրոնում իրեն խաբել են եւ 10 տարի շահագործման ժամկետով էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն վիրահատության ընթացքում տեղադրել նույն ֆիրմայի, սակայն 6-7 տարվա պիտանելիության ժամկետով մեկ այլ սարք:



Կենտրոնն էլ որոշել է պատիվ պահանջել լրատվամիջոցից: Երեկ կայացել է նախնական նիստը եւ արագ ավարտվել, քանի որ դատավոր Էդիկ Ավետիսյանը ժամանակ է տվել հայցվորին՝ կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին, շտկելու  հայցի ակնհայտ անգրագիտությունը: Հայցը ներկայացվել է իրավաբանական անձ չհանդիսացող  կայքի, այլ ոչ թե հիմնադիր «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի դեմ:



Երեկվա նիստում «Մեդիա Կոնսալտի» ներկայացուցիչներ՝ «Արես» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արամազդ Կիվիրյանն ու Դիանա Գրիգորյանը  նշել են, որ հայցում կոպիտ սխալ է արվել եւ նշված չէ պատասխանողի անունը, հետեւաբար՝ այդ տեսքով դատավորը չի կարող քննել գործը: Հայցի անգրագիտության վերաբերյալ մանրամասներ լրագրողներին ներկայացրել է փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ «News.am»-ի տնօրեն Արմենիկա Կիվիրյանի եղբայրը:



Ըստ նրա՝ «հայցում փաստացի ներգրավված չէ պատասխանող, որովհետեւ պատասխանող կարող է լինել միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, մինչդեռ հայցը ներկայացված է կայք-էջի դեմ: Հայցի բովանդակությունը վերաբերում է նրան, որ «News.am» գործակալությունն իբր խախտել է օրենքը եւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին վնասող հրապարակում է հրապարակել:



Հայցադիմումն ակնհայտ անհիմն է եւ դատավարական առումով, որովհետեւ գոյություն ունեն բազմաթիվ դատական ակտեր, նաեւ Եվրադատարանի, եւ ըստ դրանց՝ լրատվական գործակալություններն անկախ են, տարածում են ցանկացած այն նորությունները, որոնք հետաքրքրում են հասարակությանը: Տվյալ դեպքում՝ հրապարակման մեջ տեղ է գտել մի նորություն, որն իրենից ամբողջությամբ ներկայացնում է քաղաքացու դիրքորոշումը, նրա մտքերը:



Որեւէ վերլուծական գործողություն չի կատարվել, զուտ անձի հայտարարությունն է: Ընկերությունը պատասխանատվություն չի կրում հրապարակման համար, քանի որ տարածել է անձի կատարած հայտարարությունը, իսկ դա չի կարող որակվել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի դեմ կատարված ոտնձգություն»: