Հայհոյելը «բնական» ու «մարդկային երեւո՞ւյթ» է

Հայհոյելը «բնական» ու «մարդկային երեւո՞ւյթ» է
Երեկ քաղաքում քննարկվող թեմաներից էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի՝ լրագրողին հայհոյելու պատմությունը: Հայրապետյանը հայտնի ֆիլմի հերոսի պես «քաղքի բերանն էր ընկել»: Ոմանք կասկած էին հայտնում, որ Հայրապետյանը պատասխան կտա իր արարքի համար: Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, այլեւ հանրապետական պատգամավոր ու ՀՀԿ խորհրդի անդամ: Երեկ այս առթիվ զրուցեցինք ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ:



- Պարոն Մելիքյան, որպես հանրապետական, ինչպե՞ս եք գնահատում Ձեր կուսակից Ռուբեն Հայրապետյանի պահվածքը:



- Ճիշտ:



- Այսի՞նքն: Ի՞նչն եք ճիշտ գնահատում, որ հայհոյե՞լ է լրագրողին:



- Ի՞նչ հայհոյանքի մասին է խոսքը, ո՞վ է դա ասել:



- Լրագրողին ուղղված հայհոյանքի ձայնագրությունն ուղարկվել է ե՛ւ նախագահական, ե՛ւ գլխավոր դատախազություն:



- Դե, երբ որ գլխավոր դատախազությունը կապացուցի, որ դա Ռուբեն Հայրապետյանն է հայհոյել, այն ժամանակ Ձեր հարցին կպատասխանեմ: Ես գիտեմ, որ ինքը շատ նորմալ անձնավորություն ա, քաղաքակիրթ եւ բոլոր հարցերին ճիշտ ա պատասխանում:



- Իսկ չե՞ք լսել, որ Ռուբեն Հայրապետյանը այլ լրագրողների էլ է հայհոյել:



- Ինքը իմ ընկերն ա, ես իրան շատ լավ ճանաչում եմ եւ երբեւէ իրանից նման հայհոյանքներ չեմ լսել, ինչ որ Դուք ասում եք: Իմ մոտ էլ նա որեւէ մեկին չի հայհոյել:



- Այնուամենայնիվ փաստ է, որ լրագրողին հայհոյել է: Դուք դա ինչպե՞ս եք գնահատում:



- Փաստը դեռ, կարծում եմ, որ պետք ա ապացուցվի: Ես ուղղակի դա լսել եմ, կարդացել եմ, բայց չգիտեմ որքանով ա իրականությանը համապատասխանում:



- Եթե ձայնագրությամբ ապացուցվի, որ ինքն է հայհոյողը, Հանրապետականն ի՞նչ է պատրաստվում անել, ի՞նչ քայլեր կձեռնարկի: ՀՀԿ խորհրդի նիստում քննարկման ենթակա՞ է այդ հարցը:



- Չեմ կարծում, որ էդ հարցը քննարկման ենթակա հարց է: Հետո հայհոյանքն էլ բնական, մարդկային երեւույթ է: Ինչ կա որ: Իսկ հայհոյանքի պատճառը, եթե իրոք նա հայհոյել ա, հարցրե՞լ եք Դուք լրագրողից:



- Այսինքն՝ եթե որեւէ մեկի աղջկան կամ տղային հայհոյեր, դա է՞լ կլիներ նորմալ, բնական:



- Ես չեմ կարծում, որ երբեւէ ինքը թույլ կտա որեւէ մեկի աղջկան կամ տղային հայհոյի առանց պատճառի:



- Լրագրողներ կան, որոնց հայհոյել է:



- Իսկ լրագրողները առիթ չե՞ն տվել:



- Լրագրողներն ընդամենը հարց են տվել: Լավ, իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ նման անհավասարակշիռ անձը պաշտոնյա է, պատգամավոր ու Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:



- Իսկ ո՞վ է որոշում՝ հավասարակշի՞ռ ա, թե՞ անհավասարակշիռ: Իհարկե՝ շատ հավասարակշիռ անձնավորություն ա: Դա էլ իմ կարծիքն ա:



- Սեռական բնույթի հայհոյանքը քրեական պատիժ է նախատեսում: Չե՞ք կարծում, որ հանրապետական պատգամավորը պետք է զրկվի անձեռնմխելիությունից եւ քրեական պատժի ենթարկվի:



- Իհարկե ոչ:



- Ինչո՞ւ:



- Դա իմ կարծիքն է:



- Իսկ օրենքի առաջ բոլորը չպե՞տք է հավասար լինեն:



- Ես կարծում եմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Ուղղակի օրենքը պետք է հետեւի նաեւ, թե ով է կոնկրետ հայհոյել, ով չի հայհոյել, ով է զրպարտում, ով չի զրպարտում: Ով է հայհոյելու առիթ տվել եւ ինչ հայհոյանք է եղել:



- Ուզում եք ասել, որ զրպարտո՞ւմ են Ռուբեն Հայրապետյանին:



- Դա արդեն իրավապահների խնդիրն է, թող իրենք որոշեն՝ եղե՞լ է ընդհանրապես նման հայհոյանք, թե՞ չի եղել:



- Եթե ապացուցվի, Դուք համաձա՞յն եք, որ նա զրկվի անձեռնմխելիությունից ու բանտ նստի, ինչպես նախատեսված է օրենքով:



- Ես չեմ կարծում, որ նման բան կապացուցվի, որովհետեւ չի եղել նման բան:



- Եթե ձայնագրությունը կա, ո՞նց չի եղել:



- Հետո ինչ: Ձայնագրությունը իրավական փաստաթուղթ չի, իրավական հիմք չի: Կարող է ուրիշի ձայնով ինչ-որ մի հատ ձայնագրություն ներկայացրած լինեն: ...Կամ կարող է Մաքսիմ Գալկինի ձայնով են ձայնագրել:



- Իսկ Դուք չե՞ք կարծում, որ Ռուբեն Հայրապետյանին այդպիսին դարձրել է անպատժելիությունը: Որ նա երբեւէ պատասխան չի տվել իր արարքների, հայհոյանքների համար:



- Ես կարծում եմ, որ ոչ միայն Ռուբեն Հայրապետյանը, այլեւ բոլորը իրենց արարքների համար պատասխան տվել են ու տալիս են, ու ով որ չի տվել, նա էլ է տալու:



- Ռուբեն Հայրապետյանն է՞լ է տալու:



- Եթե ինքը նման արարք արել է: