Կամ ճիշտ օգտագործեք, կամ զերծ մնացեք

Կամ ճիշտ օգտագործեք, կամ զերծ մնացեք
Համացանցում լայն տարածում է գտել գրական ակումբների եւ գրական ֆորումների միջոցով արդի գրականության քննարկումներ ծավալելը: Կան նաեւ գրական բլոգներ, որտեղ ընդհանուր գրականություն է հավաքված, եւ տարածում են գրականությունն առհասարակ: Անհատական գրողների կայքերը եւս այսօր լայն հնարավորություն են ընձեռում ժամանակակից գրականությունն ու առհասարակ հայ գրականությունը տարածելու համար:



Բայց մտահոգիչն այն է, որ ցանկացած մարդ, եթե այսօր ստեղծագործում է, երկու տող կարողանում է գրել, կարող է բլոգ բացել, եւ մարդկանց որոշակի խումբ, որը կհավաքվի էդ անհատի շուրջ, կարող են նրան այնքան պտտել, որ գրող դարձնեն: Ինտերնետն իրենից հորիզոնական միջավայր է ներկայացնում նաեւ գրականության համար, որտեղ գլխավոր ուժը ամբոխն է, անհատներին դժվարանում ես տարբերակել այնտեղ:



Մտահոգիչ է նաեւ, որ համահավասարեցում է գնում բոլոր հեղինակների մեջ: Եթե դու որոշակի գրական միջոցների չես տիրապետում, որպեսզի տարբերակես՝ գրողն արժեքավոր գրականություն է ստեղծում, թե ոչ, ապա դժվար է այստեղ գտնել իրական գրողին: Իսկ գրական քննարկումներն ինտերնետում ավելի շատ են տարածված, քան մեր գրական աշխարհում, որովհետեւ ինտերնետը թույլ է տալիս մարդուն մնալ հոգեբանորեն պատի մյուս կողմում:



Երբ դու մասնակցում ես որեւէ գրական քննարկման, դու անմիջապես ինչ-որ մեկի առաջ կանգնած չես, հետեւաբար ավելի լայն քննարկման կարող ես գնալ, ավելի լավ արտահայտել քո միտքը, քան պարզապես ներկայացված ես քննարկման, եւ վերջապես՝ բոլորը չեն կարող գնալ գրական հավաքին: Բայց մեր իրականության մեջ այն վտանգ է ներկայացնում, որովհետեւ էդ քննարկումները հաճախ ընթանում են միայն մի ուղղությամբ, որը թելադրում է ամբոխը. բավական է հայտնել մի քանի խոսուն «քոմենտ», ամբողջը գնում է էդ ուղղությամբ:



Դաշտում սեփական գրողներ չունենալու եւ սեփական զարգացածության աստիճանն է, որ թույլ չի տալիս գրողի աստիճանն ինքնուրույն որոշել: Ռուսական բլոգներում շատ հետաքրքիր քննարկումներ են գնում, մինչդեռ մեզ մոտ դա կամ գովաբանության է հասնում, կամ հակառակը՝ ծայրահեղ. անձին, ոչ թե հեղինակին կամ ստեղծագործությանը միտված քննադատության: Էս տեխնոլոգիաները նոր դարինն են, եւ վաղ թե ուշ իրենք են լինելու իշխողը, եւ կանգնել ու արգելել էս առաջընթացը՝ անհնար է: Ավելի լավ է ճիշտ օգտագործել դա կամ զերծ մնալ դրանից:



Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ



գրաքննադատ