Բա չե՞ք ասի` վիճել են

Բա չե՞ք ասի` վիճել են
Դատելով այն հանգամանքից, որ կառավարության նիստի ժամանակ վիճել են Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանն ու արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը, եւ ապա այդ մասին լուրը հայտնվել է մեր համերաշխ լրատվամիջոցներում գրեթե նույն խմբագրությամբ, կարելի է մտածել, որ այդ միջադեպը պետք էր որեւէ մեկին, եւ այն հրաշալի կերպով գլուխ է բերվել:



Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ բազմափորձ Գորիկ Հակոբյանի համար նորություն էր հայկական օրենքներն առած՝ եվրոպացիների մոտ վազելու սովորությունը, ինչից էլ հենց բորբոքվել է նա` լսելով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ներկայացվող փաթեթում առաջարկվող փոփոխությունները: «Այդ եվրոպացի փորձագետնե՞րը պետք է մեզ հուշեն, թե հանրահավաքների ժամանակ Ազգային անվտանգությունն ու ոստիկանությունը իրենց ինչպես պահեն»,- իր կոլեգային վրդովված ընդհատել է Գորիկ Հակոբյանը, ասես նոր է միայն նկատում, որ մերոնք թղթի վրա մի բառ գրել-ջնջելու համար էլ վազում են մեկ Վենետիկի, մեկ Բոլոնիայի, մեկ էլ եսիմ որ եվրոպական գյուղի հանձնաժողովի մոտ, թե ստուգեք` ճի՞շտ ենք վարվել արդյոք…



Հավանաբար Գորիկ Հակոբյանը չի ցանկանում բոլորիս հետ ու բոլորիս նման ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին եւ շատ է ուզում, որ ոստիկանությունն ու անվտանգության համակարգը շարունակեն աշխատել հայկական ադաթներով: Բայց մի՞թե միայն Գորիկ Հակոբյանն է համաձայն, որ Հայաստանում պահպանվեն մեր ազգային ավանդույթները: Չէ՞ որ մենք պահպանողական ենք կյանքի գրեթե բոլոր մարզերում` սկսած ամուսնության օրվա կարմիր խնձորից, մինչեւ լրագրողների հետ քաղաքական գործիչների «ախպերական ռազբորկաներ» (լավագույն նմուշը Ռուբեն Հայրապետյանի վերջին ասուլիսն է): Ամեն դեպքում` չշտապենք եզրակացություն անել, թե այդ չարաբաստիկ նիստի մասնակիցներից ով էր ավելի ճիշտ: Մենք դեռեւս չենք լսել, թե ինչպիսի փոփոխություններ է առաջարկել արդարադատության տունը, որոնք թերեւս չեն համընկել երկրի անվտանգության պատասխանատուի պատկերացումներին:



Ինչպիսին էլ լինեն առաջարկվող փոփոխությունները, մեզ համար գրեթե միանշանակ է, որ դրանցում անպայման հաշվի են առնված իշխանության շահերը: Այլ հարց է, թե ինչպիսի նոր ձեւակերպումների մեջ են դրանք թաքցված եւ արդյո՞ք խնամքով է արված գործը: Եթե խնամքով է արված, ինչ կա որ, կարելի է ներկայացնել ուզածդ միջազգային արբիտրի եւ դրական եզրակացություն կորզել նրանից: Այդ եզրակացությունը իշխանություններին թույլ կտա շատ ավելի հեշտությամբ հետապնդել սեփական շահերը, քանզի արդեն ուզածդ պարագայում բան կունենան դեմ տալու` տեսեք, Բրյուսելի արվարձաններից մեկի դատախազից թուղթ ունենք առ այն, որ մենք ճիշտ ենք վարվում:



Այս ամբողջ պատմության վրա հավանաբար լույս կսփռվի միայն խնդրո առարկա փաթեթը խորհրդարան տանելուց հետո: Իսկ որ խորհրդարանում անհամբերությամբ են սպասում դրան, երկու կարծիք լինել չի կարող: Նախ` հետաքրքիր է բոլորին եւ ապա` ինչպիսի՜ հեռանկարներ են բացվում մեր քաղաքական գործիչների առաջ` այդ թեմայով ապագա ընտրաքարոզչության համար:



Իսկ մինչ փաթեթի խորհրդարան հասնելը, մենք կփորձենք հասկանալ` կարելի՞ է արդյոք այս վեճի մեջ մասնակից համարել վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով նախ անջատել է տվել բարձրախոսները, իսկ հետո կողմերին կոչ արել` շարունակել առաջարկվող փոփոխությունների շուրջ քննարկումները: Նա, ի դեպ, չի մոռացել հիշեցնել, որ փաթեթի վրա արդեն իսկ հասցրել են աշխատել միջազգային փորձագետները, եւ այդ փաթեթը լուրջ քաղաքական նախագիծ է իրենից ներկայացնում: Առաջին հայացքից Տիգրան Սարգսյանն արբիտրի դեր է ստանձնել, այնպես չէ՞: Բայց նրա հայտարարությունը, թե միջազգային փորձագետներն արդեն իսկ խառն են այս գործում, թույլ են տալիս մտածելու, որ վարչապետն ավելի շատ բարեփոխումների, քան ադաթների կողմնակից է: Հետեւաբար նա կանգնած է Թովմասյանի եւ ոչ թե Հակոբյանի դիրքերում:



Ամփոփենք: Մենք կզինվենք համբերությամբ, իհարկե, եւ կսպասենք, թե ինչ զարգացումներ կունենա Եվրոպային ավելի մոտենալու մեր կառավարության այս կարեւոր քաղաքական ծրագրի իրականացման գործընթացը: Բարեփոխումներին, ինչքան էլ պահպանողական լինենք, ոչ ոք էլ դեմ չէ, բայց այ՝ ավելի վաղ հրապարակ նետված լուրերը, թե փոփոխություններ են սպասվում իրավապահ եւ անվտանգության համակարգերի վերին շերտերում, այնքան էլ անհավատալի չեն թվում այլեւս, ինչպես մեզ հավատացնում էին այդ համակարգերի մամլո խոսնակները:



Պատճառը դարձյալ ԶԼՄ-ներում հայտնված լուրն է կառավարության անդամների միջեւ վեճի մասին: Փաստորեն, կառավարությունում էլ կողք-կողքի աշխատում են մարդիկ, ովքեր հակադիր կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի պատգամավորներից ոչ պակաս «համակրանք» են տածում միմյանց տեսակետների նկատմամբ: Այնուամենայնիվ` սա այն դեպքը չէ, որ Տիգրան Սարգսյանը դրստի, թե տեղի ունեցածն աշխատանքային վեճ է, որ միշտ էլ լինում է իր կոալիցիոն կառավարությունում: Նորից ընթերցեք Գորիկ Հակոբյանի զայրացկոտ հայտարարությունը, ու ամեն ինչ պարզ կդառնա: Իսկ եթե չդարձավ, ապա զինվեք համբերությամբ եւ հետեւեք ՀՀ նախագահի հրամանագրերի հաջորդականությանը:



Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ