Ինձ ծեծելը շատ դժվար է

Ինձ ծեծելը շատ դժվար է
Երեկ Արարատի մարզի Վեդի քաղաքի քրեական հետախուզության պետ Ռաֆիկ Հայրապետյանը մեր թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է լուրը, թե իբր Վեդի քաղաքում թաղային հեղինակությունների միջեւ «ռազբորկա» է եղել, եւ որի արդյունքում ինքը ծեծի է ենթարկվել:



«Նման բան չի եղել, եւ ինձ էլ ծեծի չեն ենթարկել»,-ասել է Հայրապետյանը՝ ավելացնելով. «Ինձ ծեծելը շատ դժվար է, ես մոտ 120 կիլո քաշ ունեմ: Մենակ եթե անգամ մեկի վրա ընկնեմ, կարող է տվյալ մարդու կողերը ջարդվեն»: Հայրապետյանն ասել է, որ ինքը ողջ-առողջ` իր տեղը նստած է: «Կարող եք գալ եւ ինձ տեսնել: Դեմքիս կապտուկներ չկան, ձայնիցս էլ կզգաք, որ առույգ եմ»:



Վեդիի քրեականի պետը նշել է, որ վերջերս Վեդիում եղել է անախորժ դեպք ոստիկանների միջեւ՝ նկատի ունենալով ՊՊՆ վարչության պետ Ռ. Արթենյանի հետ կապված միջադեպը, եւ նման լուրեր տարածողները, հավանաբար այդ դեպքի հետ շփոթելով, ոչ ճիշտ ինֆորմացիա են տարածել: «Լավ, ո՞նց եք պատկերացնում, քրեականի պետին չեն ծեծել, այլ միայն հարվածել են ու դրա համար պատասխանատվություն չե՞ն տալու, ոչ մի ամփոփագիր չի՞ կազմվելու: Բացեք մեր կայքը եւ ամփոփագրերը նայեք»,-ասել է նա: