Ռոբերտ Մուզիլ. «դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը»

Ռոբերտ Մուզիլ. «դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը»
20-րդ դարի ամենակարեւոր եւ մեծ գրողներից մեկի` ավստրիացի Ռոբերտ Մուզիլի վեպը լույս է տեսել 1906-ին (Երեւան, «Գրական հայրենիք», 2010թ., թարգմանությունը գերմաներենից եւ գրքի նկարազարդումները` Աշոտ Ալեքսանյանի):Մուզիլի առաջին վեպը, ինչպես ինքն է նշում` «Ես ցանկանում եմ իմ նպաստը բերել աշխարհի հոգեւոր հաղթահարմանը», առաջին քայլն է դեպի իր հռչակավոր միկրոկոսմոսը՝ «Մարդն առանց հատկությունների» անավարտ վեպ-եռագրությունը, որտեղ ափոփվում ու բացապարզվում են Մուզիլի ողջ էսթետիկան, նրա գիտական եւ փիլիսոփայական միտքը, բառերի տեսքով` նրա մաթեմատիկական բանաձեւերն ու գրեթե անլուծելի խնդիրները...



Ծնողները Թյորլեսին իր իսկ ցանկությամբ ընդունել են տալիս փոքրիկ քաղաքում գտնվող հռչակավոր գիշերօթիկ մի դպրոց, որտեղ հիմնականում սովորում են ազնվական ծագում ունեցող ընտանիքների զավակները: «...այն նույն ակնթարթից ի վեր, երբ հաստատության դռները անվերադարձ փակվեցին նրա հետեւից, փոքրիկ Թյորլեսին պաշարեց տունդարձի մի սարսափելի  կրքոտ ու տառապալի ցանկություն»:



Թյորլեսը միանգամից բախվում է իր հոգուն անճանաչելի` կյանքի անսահմանության հետ, որտեղ իշխում է սեռագարության ու դաժանության բնազդը: Թյորլեսը ճամփա է ընկնում, խճճվում որոնումների լաբիրինթոսում, երկփեղկվածությամբ փորձում է հասկանալ, հպվել կյանքի անճանաչելի երեսին, որսալ մարդու ներաշխարհում թաքնված կամ քողարկված բնազդը, որը հանկարծ դրսեւորվում է անասնական ու մոլագար ձեւերով...



Դեռ վաղ հասակից սիրելով եւ տարված լինելով Նիցշեի գաղափարներով՝ Մուզիլը վեպում անդրադառնում է եւ ուսումնասիրում տիրոջ եւ ստրուկի, իշխելու եւ իշխվելու փոխհարաբերությունն ու համակարգը: Վեպում այդ ուսումնասիրությունը ոչ փիլիսոփայական է եւ ոչ էլ հոգեբանական, այն զուտ գրողական է, ում գիտակցության մեջ արդեն ամբարված են համապատասխան գիտելիքներն ու զգացողությունները:



Իր օրագրում Մուզիլը գրում է. «Գրականությունը անվախ, տրամաբանորեն ավելի լավ մտածված կյանքն է: Դա բացահայտում է կամ ուսումնասիրությունների մի հնարավորություն, մինչեւ ողնուծուծը ինտելեկտուալ-զգացական նպատակին հասնելու հյուծիչ մի ծարավ, մնացածը ըստ էության քարոզ է...»:



«Դպրոցական Թյորլեսի հոգեխռովքը» ներաշխարհ է բացահայտում միմիայն դիմացինի ներաշխարհի միջոցով, որի վերջնական նպատակը «աշխարհի» ամբողջացումն է: Գլխավոր գործող կերպարներից Բայնեբերգը,  Բազինին իրենց ներհոգեկան ու արտաքին դրսեւորումներով դարձել են Մուզիլի նշած ինտելեկտուալ-զգացական նպատակին հասնելու յուրօրինակ եւ հակասական, տեղ-տեղ արատավոր միջոցներ, բայց այդ միջոցները կյանքի դեռեւս չբացահայտված ձեւերն են, որոնք հանկարծ բարձրանալով ջրի երես` դառնում են իրական  ճշմարտություններ: